Նիկոլի թուրքամետության հետևանքը․ մուսուլմանների «Երևանի մասնաճյուղ»-ն իրական սպառնալիք է
copy image url

Նիկոլի թուրքամետության հետևանքը․ մուսուլմանների «Երևանի մասնաճյուղ»-ն իրական սպառնալիք է

Ներքին 3 ժամ առաջ - 16:40 22-05-2025
Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մայիսի 22-ին կայացած նիստում որոշել է ստեղծել «Երևանի մասնաճյուղ», այսպես կոչված՝ «ղազիյաթ»։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։ Վերջինիս կարծիքով՝ տեղի ունեցածն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Սա պայմանավորված է երկու հանգամանքով։ Նախ՝ «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցն արդեն գրասենյակ ունի Թուրքիայում։ Երկրորդ՝ եթե հաշվի առնենք, որ ՀՀ ներկայիս վարչապետն ունի թուրքամետ պատկերացումներ և սպասարկում է պրոթուրքական շահեր, ապա վստահ եմ, որ այդպես կոչված՝ խաղաղության պայմանագրում ընդգրկված է նաև տեղահանված ադրբեջանցիների վերադարձի դրույթը»,- ասաց Դավթյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների այս վերջին որոշումը պատահական չէ, և նա չի բացառում, որ քանի դեռ ներկայիս իշխանությունները մնում են ղեկավար դիրքերում, նման երևույթները կշարունակվեն։

«Հիմա ադրբեջանցիները մտածում են գրասենյակի դիզայնի մասին, թե ինչպես այն կգործի Հայաստանում։ Սա խեղկատակություն է հիշեցնում։ Չես հավատում, որ նման բան հնարավոր է։ Բայց մեր աչքի առաջ շատ բացասական երևույթներ իրականություն դարձան։ Ես կասկած չունեմ, որ Նիկոլի նպատակներից մեկն էլ դա է՝ Ադրբեջանում ստեղծել մի հակահայկական կառույց, որը կսպասարկի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»,- ընդգծեց Դավթյանը։

Նա նաև հավելեց, որ չի բացառում՝ պայմանագրի կնքման պարագայում, ադրբեջանցիներին ոչինչ չի խանգարի նման կառույց ունենալու համար Հայաստանում։

«Խնդիրը երկրի ներսում իշխանության բացակայությունն է։ Երբ երկրի ղեկավարը ամբողջությամբ կախված է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից և ունի խնդիրներ հայկականության հետ, ապա զարմանալի չէ, որ նման բան է տեղի ունենում։ Մենք արդեն տեսել ենք այնպիսի աղետներ, որոնց համեմատ նման գրասենյակի բացումը Երևանում փոքր հեքիաթ է թվում։ Սա մեզ համար անընդունելի է, բայց պետք չէ կասկածել Նիկոլի հնարավորությունների վրա՝ սպասարկելու այդ շահերը»,– եզրափակեց Գառնիկ Դավթյանը։