Ուղիղ եթեր
Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. Փաստ
copy image url

Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. Փաստ

Մամուլ 1 ժամ առաջ - 08:53 20-05-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Ընդգծելով բոլոր հարևանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականությունը՝ Ահմադիանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի և Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։

Թեմայի հետ կապված վերլուծականում «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախի հայաթափումից հետո էլ ավելի է ակտիվացրել Մեծ Թուրան ծրագիրը. «Նախկինում, երբ կար 12 հազար քկմ տարածքով Արցախի Հանրապետությունն ու Արցախի ՊԲ-ն, Ադրբեջանն ավելի զուսպ էր իր պանթուրքական ծրագրերում։ Սակայն քպականների կապիտուլյանտ քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափվեց, ու այսօր վտանգի տակ են արդեն Սյունիքի անվտանգությունն ու ՀՀ-ի գոյությունը։ Ադրբեջանի նախագահը ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան» ու ՔՊ-ից պահանջում է Բաքվին տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն իրականում պանթուրքական լոգիստիկա է և քայլ դեպի Սյունիքի հայաթափում ու թրքացում»։

Իրանը, սակայն, չի ցանկանում թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց կուրատոր Արևմուտք-Իսրայել տանդեմի դիրքերի ամրապնդում Իրանի սահմանների երկայնքով, քանի որ Թուրքիան և նրա կովկասյան սատելիտ Ադրբեջանը ցանկանում են Իրանից պոկել Իրանական Ադրբեջանը՝ պանթուրքական դրոշների ներքո։ «Իրանի համար Հայաստանը Մեծ Թուրանը զսպող գործոն է եղել տասնամյակներ շարունակ, քանի դեռ 2018 թվականին Երևանում գունավոր հեղաշրջմամբ իշխանության չբերվեց հակառուսական և արևմտամետ, իսկ դե-ֆակտո թրքամետ ուժը։

Թեհրանը ցանկանում է, որ ՀՀ-ն ունենա հզոր բանակ, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ, չտրամադրի Անկարային ու Բաքվին «Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի ռազմական լոգիստիկան ընդդեմ Իրանի»,-գրում են հեղինակները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։ Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին։ Տեղեկացվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։

Այս առումով «Հանրապետության հրապարակը» նշում է, որ Իրանը խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսականէներգետիկ, տրանսպորտային կապերն ու նախագծերն Ադրբեջանի հետ՝ ցանկանալով նվազեցնել Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև բրիտանական ազդեցությունը. «Իրանը չի ցանկանում, որ Ադրբեջանը վերածվի հակաիրանական պլացդարմի՝ պանթուրքական ուժերի, Իսրայելի և անգլո-սաքսոնական շահերի համար։ Իրանն իր տարածքն է առաջարկում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար, դրանով ցանկանում է պահպանել իր ազդեցության լծակները թե՛ Բաքվի, թե՛ Նախիջևանի վրա, ինչպես նաև ադրբեջանական նոր հարձակումից փրկել Սյունիքը։ Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը կյանքի են կոչում ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգիծը։ Այսպիսով, Թեհրանը ցանկանում է ունենալ իր ազդեցության լծակներն Ադրբեջանի վրա՝ դրանով փորձելով խաթարել թուրք-ադրբեջանական տանդեմը»։

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն, ըստ հեղինակների: «Իրանն ու ԵԱՏՄ խորացնում են կապերը տնտեսական ոլորտում, և Հայաստանը կարող է դառնալ ռուսական և վրացական ապրանքների համար միջանցք դեպի Իրան ու Պարսից ծոց։ Իրանը ցանկանում է ՀՀ-ով ունենալ անխափան լոգիստիկա դեպի Սև ծով և ռուսական շուկա։ Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, որի շուրջ պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, տուրիստական և այլ լոգիստիկաներ. Հյուսիս-Հարավը պետք է դառնա Հայաստանի կյանքի ճանապարհը դեպի Իրան, ևս մեկ գործոն, որը կամրապնդի Սյունիքի անվտանգությունն ու կկանխի արտագաղթն այդ կարևոր մարզից։ Այսպիսով, ՀայաստանԻրան կապերը պետք է բարձրացնել որակապես նոր մակարդակ՝ դրանք հարստացնելով իրանական ներդրումներով, համատեղ ձեռնարկություններով՝ օգտագործելով նաև Իրանի հայ համայնքի գործոնը, որպես միավորող հնարավորություն։ Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը կբարձրացնի ՀՀ աշխարհաքաղաքական դերն ու կզսպի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ նպատակներն ու ծրագրերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում