Արտաքին 1 տարի առաջ - 22:44 06-05-2025

Ռուսաստանից Վրաստան ներմուծվող գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականին. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսական գազի վերադարձը․ Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել

2025 թ․ առաջին եռամսյակում Վրաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականի ցուցանիշը՝ առաջին անգամ վերջին 18 տարվա ընթացքում: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է 183,048 մլն դոլար, որից 100,647 մլն դոլարը (55%) բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ 82,401 մլն-ը՝ Ադրբեջանին (45%)։

Տարիներ շարունակ Ադրբեջանը դիտարկվել է Վրաստանի գազային հիմնական գործընկերը, հատկապես Հարավկովկասյան գազատարի (SCP) գործարկումից ի վեր։

Սակայն ներկայիս տվյալները վկայում են փոփոխվող մատակարարման լոգիստիկայի և գեոտնտեսական ուղեգծի մասին։ Թբիլիսին, կարծես թե, վերանայում է իր էներգետիկ ու գեոքաղաքական ռազմավարական հաշվարկները՝ առավել բազմավեկտոր և դիվերսիֆիկացված մոդելի օգտին։ Թուրքական կապիտալի համար վերջին շրջանում ստեղծվող անհարմարությունները դրա կարևոր դրսևորումներից են:

Այս գործընթացի ֆոնին ուշագրավ են Երևանի հայտարարությունները՝ ադրբեջանական գազի հնարավոր ներմուծման շուրջ։ Մինչ տարածաշրջանում սկսում է ձևավորվել գոետնտեսական նոր ճարտարապետություն՝ հիմնված ինչպես շուկայական տրամաբանության, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական ճնշումների հավասարակշռման վրա, պաշտոնական Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը պարզապես դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից։

Վերադառնալով Վրաստանի օրինակի դիտարկմանը՝ նկատում ենք ոչ թե պարզապես գազի ներմուծման ծավալների փոփոխություն, այլև ավելի խորքային՝ աշխարհաքաղաքական վերաձևավորման միտում։ Ռուսական գազի գերիշխող դիրքը կարող է պայմանավորված լինել ոչ միայն գների մրցունակությամբ, այլև մատակարարման հարաբերական կայունությամբ՝ տարածաշրջանի հաղորդակցային ենթակառուցվածքներում աճող անորոշության պայմաններում։

Միաժամանակ, սա կարող է վկայել նաև Ադրբեջանում առկա ռեսուրսային բազայի խնդրի մասին: Արդեն 2027-ին Բաքուն կանգնելու է լուրջ խնդրի առաջ՝ պայմանավորված եվրոպական շուկա գազի արտահանումը կրկնապատկելու պարտավորվածությամբ: Իսկ քանի որ «Անդրկասպյան գազամուղ» նախագիծը դժվար թե առաջիկայում կյանքի կոչվի, Ադրբեջանը ստիպված է լինելու Եվրոպայում իր դիրքերը ապահովելու համար նվազեցնել արտահանման ծավալներն այլ ուղղություններով»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան