Հայաստանը աջակցում է Բելառուսի «իրավական ահաբեկչությանը». Լապշին
copy image url

Հայաստանը աջակցում է Բելառուսի «իրավական ահաբեկչությանը». Լապշին

Ներքին Արտաքին 11 ժամ առաջ - 13:28 02-05-2025
Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տհաճ միջադեպի մասին, որն արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան կրկին կալանավորել են Բելառուսի կողմից ներկայացված հարցման հիման վրա՝ իբր Ալեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելու համար։ Նման միջադեպ արդեն եղել էր 2024 թ. սեպտեմբերին։


Լապշինի խոսքերով, իրեն գրել է ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատող մի կին, ում անունը նա չի հրապարակում։ Ըստ այդ աշխատակցուհու՝ մի շարք ավտորիտար պետություններ, ինչպես Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը և Ուզբեկստանը, կիրառում են «իրավական ահաբեկչության» մեթոդ ընդդիմադիրների նկատմամբ։ Նրանք գիտեն, որ տվյալ անձանց չեն արտահանձնի, սակայն շարունակում են հարցումներ ուղարկել՝ նրանց վախեցնելու և լռեցնելու նպատակով։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է դատախազության աշխատակցուհին, Հայաստանը տեխնիկապես կարող է արգելափակել նման կրկնվող հարցումները, սակայն իշխանությունները խուսափում են պատասխանատվություն վերցնել, այդպիսով թույլ տալով Բելառուսին ահաբեկել իր ընդդիմադիրներին Հայաստանի տարածքում։

Նույն աղբյուրի համաձայն՝ թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունում, և թե՛ ԱԱԾ-ում շատ լավ ճանաչում են Լապշինի գործը, և գիտակցում են, որ նրան արտահանձնել չեն կարող։ Նույնիսկ եթե ռուսական կողմի ճնշմամբ դատախազ Աննա Վարդապետյանը նման որոշում կայացնի, այն կխափանվի Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի հիման վրա։ Այդ դեպքում Լապշինը կազատվի, իսկ հետո կդիմի դատարան՝ պահանջելով փոխհատուցում անօրինական կալանքի համար։

Լապշինը գրել է, որ հարցրել է՝ «Ի՞նչ անել, շարունակե՞լ նման շոուները Զվարթնոցում»։ Պատասխանը եղել է.
«Մեր պետության ղեկավարը մայիսի 9-ին մեկնում է Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին։ Այնտեղ կլինեն նույն դեմքերը՝ Ալիև, Լուկաշենկո, Ռահմոն։ Դուք դեռ չեք հասկացել՝ որտեղ ենք և ում հետ ենք»։

Լապշինը, իր գրառման վերջում, հռետորական կերպով հիշեցնում է, որ Հայաստանը, կարծես թե, պետք է շարժվեր դեպի արևմտյան արժեքներ, բայց այս իրողությունները հակասում են այդ ուղուն։ Վերջում նա ստացել է հետևյալ պատասխանը.
«Ալեքսանդր, դուք ամեն ինչ շատ լավ եք հասկանում։ Զգույշ եղեք»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը ճանապարհորդել է 157 երկիր, ձերբակալվել ու խոշտանգվել է Ադրբեջանում, և ներկայումս ապրում է Իսրայելում։

Լուսանկարում ներկայացված է ԱՊՀ գլխավոր դատախազների հանդիպումն է Երևանում։