-Մանավանդ մեր օրերում անչափ կարևոր է դաստիարակությունը, որը դեռ վաղ տարիքից ստանում ենք ծնողներից՝ պարզ ու հասկանալի բացատրությունների և խրատների միջոցով: Ու թե որքան օրախնդիր է դաստիարակության հարցը, պարզ տենում ենք առօրյա կյանքում՝ հերթափոխի պատրաստվող սերնդի պատրաստականությունից:
Անչափ կարևոր են հատկապես խրատները:
-Կյանքում ամեն քայլափոխի զգում եմ պատվելի ծնողներիս դաստիարակության արգասիքը, որոնք, միահյուսվելով Աստվածաշնչի պատվիրաններին ու ճշմարտություններին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին, առաջնորդում են ինձ,- ասում է զրուցակիցս՝ պատվարժան ստեփանակերտցի Աշոտ Սարգսյանը:
-Արդեն կյանքի յոթերորդ տասնամյակի բարձրունքից նայելով կյանքին, նորովի եմ ընկալում հորս խրատների, մորս գթասրտության, բարության իմաստը և էությունը: Հայրս, իր մեջ կրելով ավանդապաշտ նախնիների խրատները, յուրովի մեկնաբանելով դրանք, փոխանցել է իր զավակներին, որոնք ես էլ պարտքս եմ համարում փոխանցել ոչ միայն իմ զավակներին, այլև բարեպաշտ մարդկանց, որոնց համար հարգի են մեր ազգային ավանդույթներն ու սովորույթները:
Հորս առաջին խրատը վերաբերում էր «Մարդու հետ հաց կտրելու» ավանդույթին:
Ասում էր. «Հացը սրբություն է, ամեն պատահական մարդու հետ հաց մի՛ կտրիր, բայց որ կտրել ես, այդ պահից պարտավոր ես նրա հետ ընկերություն անել կամ գոնե թշնամություն չանել: Բայց և այդ «կտրած հացը» քեզ չպիտի պարտավորեցնի նրա հետ գողություն կամ անբարոյական արարք կատարել»:
Կարծես շատ սովորական՝ վաղուց և բոլորին հայտնի՝ ծեծված ճշմարտություն է, բայց արի ու տես, որ շատ դեպքերում, մեղմ ասած, անտեսվում է, մինչդեռ այս պարզագույն բարոյական նորմի պահպանությունը շատ օգուտ կարող է բերել, ամենից առաջ՝ բոլորիս՝ կանխատեսելի և կենսունակ հասարակություն կերտելու ճանապարհին։
Երկրորդ խրատը վերաբերվում է «Շան տղայությանը»:
Հայրս ասում էր. «Ժամանակներն այնպիսին են, որ քանի գնում՝ տղամարդկությունը պակասում է, դրա փոխարեն՝ «շան տղայությունն» է շատանում:
Խրատի իմաստն այն էր, որ իմ հանդեպ «շան տղայություն» անողին էլ մարդավարի՝ տղամարդավարի «շան տղայությամբ» պատասխանեմ:
Ասում էր․ «Միշտ երախտագետ եղիր, երբեք մի մոռացիր մարդկանց արած լավությունները, ինքդ էլ ձգտիր անել հնարավորը, որպեսզի մարդկանց համար լավ լինի։ Ու եթե չգա առաջդ, երեխաներիդ առաջն է գալու․ մի՛շտ, մի՛շտ պետք է մարդ մնալ, ինչքան էլ որ դժվար լինի»,-պատմում է զրուցակիցս ու շարունակում․
-Երբ դարձա տասնչորս տարեկան, մայրս սկսեց ավելի լուրջ վերաբերվել ինձ: Նա գիտեր, որ ատում էի թուրքերին և «դավաճաններին» (նրանց, ովքեր ընկերություն էին անում թուրքերի հետ, լսում էին նրանց երաժշտությունը… այդպիսին էին պատանիներիցս շատերի պատկերացումներն ու ընկալումները): Ու մայրս ամեն կերպ ձգտում էր մեղմել իմ մեջ կուտակված ատելությունը, մանավանդ՝ «դավաճանների» նկատմամբ:
Մի օր, երբ ես պատրաստվում էի դպրոց գնալ (երկրորդ հերթով էի դասի գնում), մայրս, վերադառնալով աշխատանքից, հանգիստ ու ժպտադեմ մոտենում է ինձ, գրկում գլուխս ու ասում. «Արի նստենք՝ մի քիչ զրուցենք»: Նստեցինք բազմոցին: Ասաց.
- Ես քո մասին գիտեմ ամեն ինչ, անգամ այն, որ նկուղում դանակ ու «կոմբալ մահակ» ունես թաքցրած: Գիտեմ, որ դրանք պահում ես թուրքերին «սպանելու» համար:
- Հա՛, ճիշտ է, հետո՞ ինչ, դրանք իմ զենքերն են, ոչ ոք իրավունք չունի դրանց ձեռք տալու:
- Հետո այն, որ էլ զենքերիդ ման չգաս, հանձնել եմ «հրամանատարին»:
- Բայց դրանք ի՛մն են, դու ինչո՞ւ ես վերցրել: Բա որ այդպես է՝ ինչո՞ւ հայրս ինձ բան չի ասում, չի պատժում:
Նայելով մորս խաղաղ ու ժպտուն աչքերին՝ նորից հանգիստ կրկնեցի. «Բա ինչո՞ւ հայրս ինձ չի պատժում»:
Մայրս ասաց. «Ես եմ խնդրել հորդ, որ թույլ տա ես քեզ հետ զրուցեմ: Գիտեմ, որ դու խելոք ու հասկացող տղա ես, ամեն ինչ կհասկանաս»:
Ես ամեն կերպ փորձում էի արդարանալ, բացատրել մորս, որ թուրքերին, լավագույն դեպքում, պետք է ուղարկել այնտեղ, որտեղից որ եկել են, բայց մայրս ինձ չէր լսում, ծիծաղում է ու ասում.
-Գիտեմ, բոլորը գիտեմ, չէ՞ որ ես քո մայրն եմ, ես ու հայրդ ենք քեզ այդպես դաստիարակել, բայց իմացի՛ր, ատելությունը կուրացնում է մարդուն: Դու թուրքերին միայն ատելով, ոչ մի բանի չես հասնի:
- Ի՞նչ ես խորհուրդ տալիս, սիրե՞մ թուրքերին,- հազիվ լսելի ձայնով ասացի ես:
- Ո՛չ, ո՞վ ասաց թուրքերին սիրիր, թուրքը սիրելու բան է՞, որ սիրես: Դու խելոքացի՛ր և ուժեղացի՛ր: Թուրքերին միայն այդպես կարող ես հաղթել. դանակով ու «կոմբալ մահակով» կռվելով՝ բան դուրս չի գա,- լրջացած ասաց մայրս:
- Ո՞նց թե խելոքանամ և ուժեղանամ, ի՞նչ է՝ վա՞տ եմ սովորում, իմ հասակակիցներից ո՞վ է ինձանից ուժեղ,- հարցրի ոգևորված:
- Տեսնու՞մ ես, որ դեռ չես խելոքացել, քեզ համեմատում ես հասակակիցներիդ հետ, բայց ուզում ես ազգային հարցեր լուծել,- խոհեմաբար ասաց մայրս:
- Ի՞նչ ես առաջարկում,- լրջացած ասացի ես:
- Առաջարկում եմ` լինես ողջամիտ ու ամեն օր մի բարի գործ կատարես ազգիդ համար: Չէ՞ որ Անդրանիկ զորավարը, ում դու պաշտում ես, այդպես է պատվիրել, այդպես չէ՞,- ժպտալով ասաց մայրս:
- Իհարկե, ես Անդրանիկի զինվորն եմ քաջ: Մամ, այնքան էլ դժվար բան չես ասում՝ անելու համար, այսօրվանից սկսում եմ,- վճռականորեն ասացի ես:
Մայրս նորից գրկեց գլուխս, համբուրեց ճակատս ու ասաց. «Ես այդպես էլ գիտեի, որ դու քո հոր արժանի զավակն ես:
Կարեն Միրզոյան