Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգը, որի արդյունքում արդեն հաջորդ տարի բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։
2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն բոլոր այն ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները, ովքեր նախորդ տարվա ընթացքում անգամ 1 օր եղել են գրանցված աշխատող և եկամուտ են ստացել։ Նրանց թիվը մոտավորապես 750 հազար է։ Նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը կազմել է 768.374, սակայն նրանց մի մասը ռեզիդենտ չի համարվում և հայտարարագիր լրացնելու պարտավորություն չունի։
Փաշինյանն անձամբ է լծվել հայտարարագրման քարոզչությանը՝ քաղացիներին կոչ անելով հայտարարագրել իրենց եկամուտները և օգտվել պետության առաջարկած սոցիալական կրեդիտներից։ Քաղաքացիներին խրախուսելու նպատակով Փաշինյանն ամեն երկուշաբթի անձամբ է իր էջում վիճակագրություն հրապարակում՝ տեղեկացնելով, թե հունվարի 1-ից առ այս պահը քանի քաղաքացի է օգտվել սոցիալական կրեդիտներից։ Օրինակ՝ երեկ կառավարության ղեկավարը հայտնեց, որ հունվարի 1-ից ի վեր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի ետ է ստացել 1 մլրդ 141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, իսկ մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91.7 հազար դրամ է։
Ուշագրավ է, որ Փաշինյանը նշում է միայն սոցիալական կրեդիտներ ստացած քաղաքացիների թիվը՝ չհստակեցնելով սակայն, թե որքան է կազմում հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների ընդհանուր թիվը։ Մարտի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողներին հայտնել էր, որ հայտարարագիր է լրացրել 12 հազար քաղաքացի, կրեդիտներ ստացել՝ նրանց մի մասը։ Հակոբյանի հայտարարությունից 2 օր առաջ՝ մարտի 17-ին, Փաշինյանը նշել էր, որ 5741 քաղաքացի ստացել է 535 մլն դրամ սոցկրեդիտ, իսկ 1 մարդու ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Համադրելով երկու տվյալները՝ տեսնում ենք, որ սոցկրետիդներ են ստանում հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների մոտավորապես 47-48 տոկոսը։
Նիկոլ Փաշինյանի հրապարակած վերջին տվյալներից, ըստ որոնց սոցկրեդիտ է ստացել 12.446 քաղաքացի, եզրակացնում ենք, որ առ այս պահը հայտարարագիր է ներկայացրել մոտավորապես 18 հազար քաղաքացի։ Փաստացի 1 ամսում համընդհանուր պետական քարոզչության հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները թիվն աճում է մոտավորապես 6 հազարով։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին՝ նոյեմբերի 1-ին, մնացել է վեցուկես ամիս, և եթե այս տեմպը շարունակվի և ամեն ամիս հայտարարագիր ներկայացնի մոտ 6 հազար քաղաքացի, ապա այդ օրվա դրությամբ հայտարարագիր ներկայացրած կլինի մոտավորապես 57 հազար քաղաքացի կամ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների ընդամենը 7․6 տոկոսը։
Այսպիսով՝ փաստենք, որ Հայաստանում ներդրված համընդհանուր հայտարարագրման համակարգը փաստացի ձախողվել է, և եթե կառավարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի ու իրապես չխթանի հայտարարագիր ներկայացնողնողներին, ապա նոյեմբերի 1-ի դրությամբ 750 հազար քաղաքացիների անգամ 10 տոկոսն էլ իր պարտավորությունը կատարած չի լինի։ Կարծում ենք՝ քաղաքացիներին տուգանելու ճանապարհով շարժվելը ևս կառավարության և անձամբ Փաշինյանի շահերից չի բխում, քանի որ 690-700 հազար քաղաքացու ֆիզիկապես անհնար է տուգանել ու այդ տուգանքները հավաքագրել, ինչպես նաև դա կարող է սոցիալական լուրջ դժգոհություն առաջացնել՝ հատկապես նախընտրական զարգացումների համատեքստում։
Բացի այդ, ուշագրավ է, որ անգամ պետական աշխատողները, որոնց թիվն, ըստ Վիճակագրական կոմիտեի, 218․981 է, ոգևորված չեն հայտարարգիր ներկայացնելու հեռանկարով՝ չնայած Փաշինյանն ամեն կերպ խրախուսում է նրանց ու հորդորում կատարել պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունները։ Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրած 18 հազար քաղաքացիներն էլ պետական ծառայողներ են, ապա ստացվում է, որ այս պահին հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 8․2 տոկոսը։ Եթե նոյեմբերի 1-ի դրությամբ էլ հայտարարագիր ներկայացրած բոլոր 57 հազար քաղաքացիներն էլ պետական ծառայողներ լինեն, ապա այդ ցուցանիշը կհասնի լավագույն դեպքում 26 տոկոսի։
Կարճ ասած՝ համընդհանուր հայտարարագրման շուրջ չափազանց տխուր պատկեր է ստեղծվել, ու անգամ պետական ծառայողները խանդավառված չեն այդ հեռանկարով։ Այս իրողությունը ողջամիտ կասկած է առաջացնում՝ պետական ծառայողնե՞րն էլ Փաշինյանի խոսքի վրա թքած ունեն ու չնայած նրա բոլոր հորդորներին չեն շտապում հայտարարագրել սեփական եկամուտները։
Դավիթ Գույումջյան