Ներքին խաղաղությունը վտանգվա՞ծ է. ի՞նչ է անելու Հանրային խորհուրդը
copy image url

Ներքին խաղաղությունը վտանգվա՞ծ է. ի՞նչ է անելու Հանրային խորհուրդը

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 16:40 11-04-2025
Ազգային անվտանգային առաջնահերթությունների շարքում է ներքին խաղաղությունը։ Այս պատճառով իշխանությունները ձգտում են հանրային համերաշխություն հաստատել, ազգային իդեալի շուրջ միավորել ժողովրդին, չեզոքացնել արտաքին պառակտիչ ազդեցությունները, հատկապես՝ նախընտրական, հետընտրական շրջաններում։

Հայաստանի պատմության մեջ մի քանի անգամ խախտվել է ներքին խաղաղությունը։ Օրինակ՝ 2008-ի մարտի 1-ից հետո լարված իրավիճակ էր։ Հետընտրական ցույցերը, Մարտի 1-ի սպանությունները, հարյուրավոր գործիչների ձերբակալությունները, ընտրությունների արդյունքը կասկածի տակ առնելը խախտել էին ներքին խաղաղությունը, որը վերականգնելու համար 2008-ի հուլիսի 12-ին ստեղծվեց Հանրային խորհուրդը: Նախագահ ընտրվեց հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Խորհուրդը 12 անդամ ուներ և խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Որոշ ժամանակ անց ներքին իրավիճակը խաղաղվեց, հանրային այս կառույցի դերը նվազեց։

Եվ ահա, 2025-ի ապրիլի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Նա հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ «Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս կառույցը 2021-ի մայիսից չուներ նախագահ, թափուր էին անդամների տեղերը: Մոտ 4 տարի ոչ ոք չէր հիշում, որ Սահմանադրությամբ նախատեսված այսպիսի մարմին գոյություն ունի։

Ի՞նչ իմաստ ունի ներկայում Հանրային խորհրդի վերագործարկումը, ինչո՞վ է այն զբաղվելու։ Այս առումով՝ շրջանառվում է 2 վարկած։

Եթե ՀԽ 45 անդամներն էլ ՔՊ-ին սատարող մտավորականներ են, ապա նրանց աջակցությունը ՔՊ-ին անհրաժեշտ է հիմա։ ՔՊ վարկանիշը ցածր է, ժողովուրդը չի կիսում Փաշինյանի գաղափարները։ Եվ ՀԽ-ն, ենթադրաբար, քննարկումներ է կազմակեպելու Փաշինյանի թելադրած օրակարգով, փորձելով նոր պատկեր ստեղծել, թե հանրությանը հետաքրքիր են Փաշինյանի նախաձեռնությունները, հանրությունն՝ ի դեմս Հանրային խորհրդի, աջակցում է Փաշինյանի գաղափարներին։ Օրինակ՝ կարող են քննարկել Հովիկ Աղազարյանի հարցն ու որոշել, որ ՔՊ-ն ճիշտ է անում, որ հալածում է նրան։ ՀԽ անդամներին կստիպեն նաև ակտիվ մասնակցել «Կրթվելը նորաձև է» արշավին, «Իրական Հայաստանի» քննարկումներին։

Կա նաև մեկ այլ վարկած կապված ներքին խաղաղության խախտման վտանգի հետ։ Այս վարկածով՝ ՀԽ-ում ներգրավելու են ՔՊ-ին քննադատող մտավորականների, որոնք իրական հանրային հեղինակություն ունեն։ Նրանց հնարավորություն ու առիթ են տալու ելույթներ ունենալ, պաշտպանել արդարությունն ու ժողովրդի շահերը։ Կասկած կա, որ առաջիկայում ՔՊ-ն նոր զիջումներ, հակասոցիալական, հակաժողովրդական քայլեր է անելու, արժեքներ, ավանդույթներ է ոտնահարելու, ինչի հետևանքով, բնականաբար, սրվելու են հանրային դժգոհությունները։ Ենթադրելի է, որ այս դեպքում ՀԽ-ն քննարկելու է ոչ թե իշխանությունների օրակարգն, այլ ժողովրդից մի քայլ առաջ անցնելով, քննադատելու է ՔՊ-ին, փորձելով կանխել բողոքի ցույցերը, կազմելու է առաջարկություններ, դրանք ներկայացնելով իշխանություններին։ Վերջիններս էլ, ՀԽ առաջարկներն ընդունելով, հետաձգելու են թանկացումները, բարձրացնելու են թոշակները և այլն։ ՀԽ-ն կարող է նպաստել ներքին խաղաղության պահպանմանը, փորձելով հեռու պահել ժողովրդին ընդդիմադիր շարժումներից, ցույցերից նախընտրական և հետընտրական շրջաններում, երբ ՔՊ-ի ընտրախախտումները հանրային դժգոհություններ կառաջացնեն։ Այսինքն՝ ՀԽ-ն կառուցողական ընդդիմության դերն է կատարելու առաջիկայում, քննադատելու է իշխանություններին, պարպելու է հանրային կրքերն ու հասնելու է տեսանելի փոփոխությունների ի նպաստ ժողովրդի։

Կարճ ասած՝ ՀԽ-ի վերակազմումն ու վերագործարկումը հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում խախտվելու է ներքին խաղաղությունը, իսկ ՀԽ-ն ընդդիմություն է խաղալու ու փորձելու պահպանել խաղաղությունը։ Եթե այսպես չի լինելու, ապա նորակազմ ՀԽ-ն հերթական բուտաֆորիան է, որը պարզապես մսխելու է հարկատուների միջոցները, երկրորդ ձայնով կրկնելով Փաշինյանի երգերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
11:42 Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
18:28 Շիրակի մարզում հայտնաբերվել է վթարված Mercedes-ը, որը փորձում էին դեպքի վայրից հեռացնել․ կա 7 վիրավոր 
11:26 Արամ Սարգսյանի կուսակիցը օրվա հացը աշխատող շինարարներին խաբում, քցում է. Չախոյան
15:07 ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
14:21 Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հայրը՝ Բաքվում հայ գերիների մասին
13:39 Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան
15:42 Թուրքերը և ադրբեջանցիները ուղղորդում են հայաստանյան «իշխանությանը», որ ռուսական բազան դուրս բերվի Հայաստանից