Ուղիղ եթեր
Միքայել Սրբազանը ճի՞շտ է․ ՀՀԿ-ականները գոտկատեղից ներքև են հարվածում
copy image url

Միքայել Սրբազանը ճի՞շտ է․ ՀՀԿ-ականները գոտկատեղից ներքև են հարվածում

Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 15:00 11-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ընդդիմադիր թևերի՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների փոխհրաձգությունները շարունակվում են։ Հանրությունը գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես է լինում դրանց, որոնք կենտրոնացած են հիմնականում «ո՞վ բերեց Նիկոլին» բովանդակազուրկ և անպտուղ օրակարգի շուրջ։ Քաղտեխնոլոգները կարծում են, որ ընդդիմադիրների հարաբերություններում չդադարող այս լարվածության պատճառն այն է, որ նախկին նախագահների թիմերը 2026-ի համապետական ընտրություններին ընդառաջ իրական պայքար են սկսել ոչ թե ընդդիմության առաջնորդությունը ստանձնելու, այլ իշխանության գալու համար։ Ակնկալվում է, որ ներընդդիմադիր լարվածությունն առաջիկայում էլ ավելի կսրվի ու փոխհրաձգությունների պակաս չենք ունենա։

Վերջին օրերին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցների թիրախում ոչ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Սրբազանն օրերս իր հրապարակային խոսքում քննադատել էր Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ երրորդ նախագահը ընդդիմության շրջանում առկա կոլապսի հիմնական դերակատարն է՝ ոչ միայն Գյումրիում, այլ նաև ողջ հանրապետությունում, և ընդգծելով՝ Սարգսյանի մոտեցումն այն է, որ կա՛մ ինքը պետք է վերադառնա իշխանության, կա՛մ էլ Նիկոլ Փաշինյանը մնա։ Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ չի ուզում գալ իշխանության՝ Սրբազանը հակադարձել է՝ հիշեցրելով, որ ժամանակին էլ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետ չի դառնալու, լինելու է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը և այլն։

Միքայել Սրբազանի հայտարարությունները լուրջ ջղաձգումներ առաջացրեցին ՀՀԿ-ականների, ինչպես նաև նաև երրորդ նախագահի մերձավոր գործիչների շրջանում։ Վերջիններս իրենց քննադատություններում սկսեցին թիրախավորել Շիրակի թեմի առաջնորդին՝ հատելով թույլատրելի բոլոր սահմանները։ Ավելին՝ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ էլ սկսեցին Միքայել Սրբազանին մեղադրել սուտ խոսելու մեջ՝ պնդելով, թե, իբր վերջինս սկսել է հանդես գալ որպես «Քոչարյանի գրասենյակի աշխատող»։ Հանրապետականները չեն մոռանում հիշեցնել, որ Աջապահյանը աջակցել է 2018-ի իշխանափոխությանը, ինչը, նա երբեք էլ չի թաքցրել։

Թեպետ Միքայել Սրբազանը Հայաստանում ստեղծված իրավիճակից ու առկա բազմաթիվ մարտահրավերներից դառնացած քաղաքական խոսույթով է հանդես եկել և քննադատել երրորդ նախագահին, սակայն այս իրողությունը Սարգսյանի թիմակիցներին և աջակիցներին իրավունք չի տալիս պատասխան քննադատություններում թիրախավորել Սրբազանին և հատել կարմիր գծերը։ Նման հայտարարությունները ոչ միայն անթույլատրելի են, այլև ողջամիտ կասկածներ են առաջացնում՝ կապված Սրբազանի հայտարարությունների ճշմարտացիության հետ։

Բացի այդ, նախկին իշխանության ներկայացուցիչները չպետք է մոռանան, որ 2018-ի իշխանափոխությունը, կամ ինչպես իրենք են իրավմամբ ասում «դագաղների հեղափոխությունը» հասունացավ ու անխուսափելի դարձավ հենց ՀՀԿ-ի կառավարման շրջանում եղած բացթողումների, իրականությունից կտրվելու, քաղաքաքական պրոցնեսներում Մելիք Ադամյան փողոցի ազդեցությունը գերագնահատելու ու բազմաթիվ այլ իրողությունների հետևանքով։ Այս շարքի կարելի է երկար շարունակել, ինչը, հաստատապես ՀՀԿ-ի օգտին չէ, ուստի որաշակի զսպվածությունն ու իրենց իսկ կարևորած ազգային արժեքների նկատմամբ որոշակի հարգանքը, որի ներկայացուցիչն այս դեպքում Միքայել Սրբազանն է, հաստատապես ավելորդ չէր լինի։ Կարծում ենք՝ տեղին կլիներ, եթե ՀՀԿ-ականներն առհասարակ չարձագանքեին Շիրակի թեմի առաջնորդին՝ հաշվի առնելով, որ նրա հայտարարությունների շարժառիթը քաղաքական չէ, կամ առնվազն դա անեին կոռեկտության և զսպվածության սահմաններում։

Կարճ ասած՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդին թիրախավորելով ՀՀԿ-ն գոտկատեղից ներքև է հարվածում, ինչը հարիր չէ ազգային գաղափարախոսությամբ և ազգային արժեքների պահպանման ջատագով քաղաքական ուժին։ ՀՀԿ-ականները պետք է հաշվի առնեն նաև այն հանգամանքը, որ անկախ շարժառիթներից կարմիր գծեր հատելն անթույլատրելի է և Միքայել Սրբազանին թիրախավորելիս նրանցից շատերը ասոցացվում են ՔՊ-ականների հետ, ովքեր ևս հատում էին կարմիր գծերը, Միքայել Սրբազանին դիմում «պարոն Աջապահյան» ձևակերպմամբ, Բագրատ Սրբազանին անվանում «Քոչարյանի տերտեր», «մոլլա» և այլն։ Կարծում ենք՝ եթե ոչ ազգային արժեքների նկատմամբ ունեցած հարգանքից, ապա գոնե «դագաղների հեղափոխության» առաջամարտիկների՝ ՔՊ-ականների հետ չասոցացվելու համար վերջիններս պետք է վերջ տան այս դատապարտելի և արատավոր գործելակերպին։

Բացի այդ, թեպետ նախկին իշխանության ներկայացուցիչները Միքայել Սրբազանին մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի «աշխատող» դառնալու մեջ, չպետք է մոռնան, որ նույն Սրբազանը ամիսներ առաջ նաև երկրորդ նախագահին էր մեղադրում՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարի ձախողման մեջ։ Այս մեղադրանքներին Քոչարյանի թիմակիցները և անձամբ երկրորդ բավականին զուսպ արձագանքեցին, ամենակարևորը չհատեցին թույլատրելի սահմանները։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ սահմանափակվել էր զարմանք արտահայտելով և համոզմունք հայտնելով, որ իսկական և բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
22:45   Ոչ մի օր՝ առանց Արցախի. Իշխան Ավետիսյան․ Շարժման սևագործ բանվորն ու հայրենանվեր քաղաքացին
15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:45 Դավաճանության խոստովանություն. եթե Արարատ Միրզոյանի նմանները չպատժվեն, ՀՀ-ի փլուզումն անխուսափելի է
23:23 Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
21:26 «Չեմ վստահում» նախաձեռնության երիտասարդները փակել են Մյասնիկյան պողոտան
22:53 Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն
22:38 Հայաստանի բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան. Արմեն Աշոտյան