Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:48 10-04-2025

Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հ Ո Գ Ե Հ Ա Ն Գ Ի Ս Տ
Վա'յ, մամա ջան, «Արա, էս ո՞ւր ենք ընկել, էս ո՞ւր ենք ընկել...» ։ Հայր իմ մեղավոր, Մայր իմ կորուսյալ, Աստծո լքյալ իմ ժողովուրդ...

Աննան արդեն Մատենադարանում ա, Հայոց ռահվիրաներին վարպետության դասեր է տալիս` Կրթությունը նորաձև ա թեմայով։

Մղձավանջ ...
Հնադարյա մատյանները` հեչ, բազմադարյա մագաղաթները` հեչ, ծաղկանկար ձեռագրերը` հեչ, Աստվածատուր գրիչները հեչ, Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը` հեչ, Պատմահայր Մովսես Խորենացին` հեչ, ոսկե դարով օծված Հայրերը` Կորյունը` հեչ, Կողբացին` հեչ, Ագաթանգեղոսը` հեչ, Եղիշեն` հեչ, Նարեկացին` հեչ, մեծ ու պուճուր մնացած «հեչերը»` հեչ... Աննան, թագավորակին ԱՆՆԱՆ... ԱՆՆԱ-... Վրաց Թեյմուրազ արքայի որդի Հերակլ երկրորդի թագավորաքույր, արքայադուստր գեղանի,- մտքովս մի ուրու անցավ, հրաշապատում մի զմայլանք... Սայաթ-Նովեն էլ չկա, որ ծունկի իջնի ու քյամանչան զլի` «Ամեն սազի մեչը գոված...» հանգով ու վանկով... Թեկուզ և միջի կրթությունը չտեսած, գիտությունն ու իմաստնությունը չվայելած, բայց և նրա տեսքով ու մարմնով հմայված, թեկուզև լիներ` պատառոտված ջինսով, կամ էլ նպատակասլաց գրգռաճեղքով, միևնույնն է, «օսկե փնջան էր նրա համար» ... «Մի քիչ կամաց գնա գոզալ,- կասեր գովքի մեծ սիրահարը,-աշխարհն ում է մնացել, որ ինձ ու քեզ մնա` գոզալ...»։ Բա` ոգորումները, ոգորումները, պեծկլտուն աչքերը, հրեուհուն վայել խուճուճ մազերը, ուսման ծարավով տոչորվող շուրթերը, գիտությամբ ու կրթությամբ ճառագող բոլորուն ճակատը...

Տեսնես էս վերջերս Աննային ի՞նչ մեղու է կծել... Կա, չկա` քնել, վեր է կացել ու երազում Անդերսենի Անճոռնի ճուտիկը տեսել... Որոշել էր նրան գերազանցել, մանավանդ, որ տեսքով մարդանման է, կտուցն էլ, համենայն դեպս, դեղին չի։ Վճռել էր, որոշել և հրեից փեսայի օրհնությամբ, աջակցությամբ, գիտության ու կրթության մեշոկը շալակն առել։ Ուրիշ շլակտարներ էլ ունեին, բայց ուզեցել էր, որ ժողովուրդը գիտության կաճառը հատկապես իր նազենի ուսերին տեսնի։ Եվ սկսվել էր մարաթոնավազքը` համերգասրահներով, մարզերով, դպրոցներով, ինստիտուտներով, Համալսարանով... Մինչև հասել էր Մատենադարան...
Տեր Աստված, էս ի՞նչ հրոզմունք ա, էս ի՞նչ փորձանք ա...

Բախտ իմ դժխեմ...
Հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին, մեր լեշ մարմնին, որդնող գաղափարներին...
Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, թագավորդ ու թագավորակինդ մանուկ են մտոք` լաց, կոծ, կական, շիվան, Մողոք, հեկեկանք, հեծկլտոց, հոգեվարք...

Կիրքը այլևս հանգած է, ոգին կոտրված, հույսը մարած, հավատը պաղած, հոգին լուռ է` հանգիստ, խաղաղ, անշարժ ու անշունչ`
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Է...
8.4.25թ.»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան