«Գուցե այս որոշումը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված՝ ԱՄՆ–ում առկա իրավիճակի հետ կապված, բայց պարտադիր չէ, որ իրենք այստեղ ներկայացուցիչ ունենան, որպեսզի հետևեն իրավիճակին՝ մարդու իրավունքների խախտումներին և այլն։ Իհարկե եթե ունեն, դա շատ ավելի լավ է»,–
Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հայաստանում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը դադարեցնելու որոշմանը։
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է աշխատանքը Հայաստանում։ «Ավելի քան չորս անհավատալի տարիներից հետո իմ ճանապարհը Freedom House-ի հետ Հայաստանում ավարտվում է, քանի որ կազմակերպությունն այստեղ ավարտում է իր աշխատանքը»,– իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանում Freedom House–ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն աշխատում են տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝ ինֆորմացիա վերցնելու, ստուգելու կամ ճշտելու նպատակով։ Ըստ նրա՝ Հայաստանում Freedom House–ի գործունեությունը դադարեցնելուց հետո Հայաստանի նկատմամբ հսկողությունը չի պակասի․
«Իրենք կշարունակեն հետևել այստեղ տիրող իրավիճակին և այդպես աշխատել։ Շատ կազմակերպություններ կան, որոնք այստեղ ներկայացուցիչ չունեն, բայց լրագրողական կազմակերպությունների միջոցով և այլ ճանապարհներով իրենք իրենց հետևություններն անում են։ Ինձ էլ զանգահարում․ oրինակ Human Rights Watch-ը, որ հասկանան այստեղ ինչ է կատարվում, ճշտեն տեղեկությունները և այլն»։
Իրավապաշտպանը չի կիսում այն տեսակետը, թե իշխանական գործիչների անպատասխանատու հայտարարություններն են նպաստել, որ Freedom House–ը Հայաստանում դադարեցնի իր գործունեությունը։ Նա հիշեցնում է, որ Freedom House–ը նախկինում էլ Հայաստանում ներկայացուցիչ չուներ, սակայն հետևում էր այստեղ տիրող իրավիճակին և իր գնահատականները ներկայացնում։ «Մանավանդ իշխանության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններով չեն կարող ազդեցություն ունենալ այդպիսի հեղինակավոր կազմակերպությունների որոշումների վրա։ Սա հատկապես այն դեպքում, երբ հայտարարությունն ուղղակի տգետ հայտարարություն էր՝ ի վնաս իշխանության (խոսքը ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարության մասին էր, թե «Freedom House»-ը չի որոշում՝ Հայաստանը ժողովրդավա՞ր է, թե՞՝ ոչ–խմբ․)»,– ասաց նա։
Oragir.News–ի հարցին՝ Հայաստանում Freedom House–ի գործունեության դադարեցումն ինչպե՞ս կազդի մեր երկրում ժողովրդավարության մակարդակի վրա՝ Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ մի ազդեցություն էլ չի ունենա։ Նա հիշեցնում է, որ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ–ում ֆինանսական աջակցության մի շարք ծրագրեր կրճատվեցին՝ համոզմունք հայտնելով, որ այս որոշումը հենց հիշյալ իրողությամբ է պայմանավորված։
«Եթե անգամ այդ կազմակերպությունները չկան, այդ փաստը Հայաստանի ժողովրդավարության վրա չի կարող ազդել, որովհետև Հայաստանն առաջին հերթին ինքը պետք է մտածի իր երկրում ժողովրդավարության մակարդակի մասին։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես ուղղություն են տալիս, ասում են՝ այս որոշումը ճիշտ է կամ սխալ է, ժողովրդավարությանը գնահատականներ են տալիս, բայց դա անում են Հայաստանի համար։ Եթե Հայաստանը չի մտածում իր մասին, որքան էլ քննադատեն, չենք կարող ասել՝ դա ինչ ազդեցություն կունանա։ Քննադատելը լավ է, Ադրբեջանին էլ են քննադատում, բայց բան չի փոխվում, եթե այդ երկրի իշխանությունները չեն ուզում գնալ ժողովրդավարական ուղիով»,– նկատեց նա։
Ժաննա Ալեքսանյանը հավելեց՝ փաստ է, որ Հայաստանը չի գնում ժողովրդավարական ուղիով։ Ըստ նրա՝ Հայաստանում մարդու իրավունքների առումով իրավիճակը շատ վատ է և մտահոգիչ։