Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 7-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր ապրիլի 7-ն է՝ մայրության և գեղեցկության օրը։Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու գործերով հարուցված քրեական դատավարությունը: Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։ «Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը՝ պատասխանելով մեղադրանքը պաշտպանող դատախազության ներկայացուցիչների հարցերին։ Բաբայանը նշել է նաև, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։ «Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ընդգծել է նա։
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ մի շարք գործիչների հրավիրելով ներկա գտնվել իր և Փաշինյանի բանախոսությանը և դրանից հետո քննարկում ծավալել։ «Հարգելիներ՝ Վահագն Արծրունուն, Ռուբեն Բաբայանին, Սուրեն Մանուկյանին եւ Սերոբ Խաչատրյանին սիրով հրավիրում եմ մեկ անգամ ներկա լինելու վարչապետի եւ իմ բանախոսությանը՝ դրանից հետո փոքրիկ քննարկում ունենալու նկատառումով։ Ուրախ կլինեմ, եթե հրավերս ընդունվի»,- նշել է Հակոբյանը։ Ուշագրավ է, որ կրթվելու ջատագով Աննա Հակոբյանի հերթական գրառումը մատնցույց է անում վերջինիս չգիտությունը։ Մասնավորապես՝ Աննա Հակոբյանը նախ սխալ է գրել Վահան Արծրունու անունը։ Իսկ երկրորդը «գնահատականն ու կարծիքը կարող է էապես փոխվել՝ դառնալով էլ ավելի դիպուկ եւ օգտակար» ձևակերպումն է, որտեղ Աննա Հակոբյանը ենթակայի ու ստորոգյալի համաձայնության սխալ է թույլ տվել․ տվյալ դեպքում ոչ թե «կարող է», այլ «կարող են»։ Նկատենք, որ ենթակայի ու ստորոգյալի համաձայնությունը հայոց լեզվի ամենապարզ կանոններից մեկն է։
Այն իշխանությունը, որը 2023-ին հանցավոր անգործությամբ հետևում էր արցախցիների նկատմամբ ռազմական ագրեսիային ու Ցեղասպանության իրականացմանը, իր պահվածքով ու հայտարարությամբ կանաչ լույս վառում ադրբեջանցիների օկուպացիոն քաղաքականության համար, իսկ մինչև այդ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է համարում, այսօր փորձում է իրադարձություններն այլ` իրականությունն ակնհայտ խեղաթյուրման ներքո ներկայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե «ԼՂ հայության բռնի տեղահանության և ԼՂ լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործության քողարկում: 2019-ին Արցախի կենտրոնական հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն մարդկանց իր իրական մտադրությունների և դիրքորոշման մասին չի համարձակվել ասել: Ի վերջո, ՔՊ-ն ներկայացնող այն անձինք, երբ խոսում էին Արցախի ադրբեջանական լինելու մասին, ո´չ 2023-ի սեպտեմբերի հարձակումն էր եղել, ո´չ էլ Ադրբեջանի պարտադրված հրամանագիրը, որի բովանդակությունը չէր էլ կարող հրամանագրով կարգավորվել, առավել ևս, որ այն ուժի մեջ մտնելու ընթացակարգերով չէր անցել, իսկ որոշ ժամանակ հետո չեղարկվել էր: Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու և բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: