Oragir.News-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունում ներկայումս պատրաստվում է նախարարի շրջաբերական, որով նախատեսվում է սահմանել, որ ամփոփիչ քննություններին կամ վերաքննությանը չմասնակցած կամ անբավարար ստացած 12-րդ դասարանների աշակերտները ևս կարող են ստանալ ատեստատ, որտեղ քննական առարկաների գնահատականները կարող են հաշվարկվել ըստ ուսումնական տարվա ընթացքում նրանց ստացած գնահատականների։
Oragir.News-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարի հետ՝ պարզելու, թե նման շրջաբերական իսկապե՞ս մշակվում է, և եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը։
Այս հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ-ն
Oragir.News-ին գրավոր պարզաբանում է ուղարկել, որը հրապարակում ենք ամբողջությամբ։
«Պարզաբանում
հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում գնահատման համակարգի վերաբերյալ
Հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեկնարկել են 2019 թվականից և ընդգրկում են բոլոր ուղղությունները՝ բովանդակային մասի շեշտադրումներով։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ: Հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության ընդհանրական պահանջների հետ, որպես կարևոր բաղադրիչ, ներառում է նաև սովորողների գնահատման համակարգը:
Բովանդակային բարեփոխումների գործընթացի էական սկզբունքը հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտին ներկայացվող պահանջներն են՝ ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ), որոնց ձևավորման համար կրթության բովանդակության, դրանց մատուցման վերանայմանը զուգընթաց կարևորվում է հատկապես հաստատություններում գործող գնահատման համակարգի սկզբունքների փոփոխությունը:
Նոր չափորոշչի մոտեցումներն ուղղակիորեն կապված են ժամանակակից աշխարհում գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում փոփոխություններին արագ արձագանքելու հնարավորություն ստեղծելու հետ՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը՝ ներդնելով սովորողներին հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ:
Գնահատման չափանիշների վերանայման առանցքային փոփոխությունը բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելն է՝ ուսումնառության ընթացքում սովորողի արձանագրած յուրաքանչյուր միավոր համարելով ձեռքբերում՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ Արդյունքում ունենում ենք առավել արդարացի գնահատում՝ հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը. վերանում է երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում էր սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե նրանց խնդիրների կարգավորմանը։ Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ՝ հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի: Գնահատումը միտված է յուրաքանչյուր սովորողի ուսումնական գործունեության խթանմանը, ուսուցման և ուսումնառության վերահսկմանը, բարելավմանը և շարունակական զարգացմանը:
Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները: Ուսումնական հաստատության կողմից գնահատման ընթացքում սովորողի ուսումնական առաջընթացի, դժվարությունների և բացառիկ ընդունակության վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համար։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:
1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ որպես տարեկան ամփոփիչ գնահատական՝ կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն սահմանված կարգի: Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած:
2024-2045 ուսումնական տարվանից Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվել է 12 դասարաններից 7-ում և ՀՀ Տավուշի մարզի դպրոցների բոլոր 12 դասարաններում, հետևաբար, այդ դասարաններում գործում է գնահատման նոր համակարգը: 2025-2026 ուսումնական տարում նոր չափորոշիչը կներդրվի 1-ին, 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում, 2026-2027-ին՝ 12-րդ դասարանում, որով ՀՀ բոլոր դպրոցներում կամբողջացվի չափորոշչի կիրառությունը:
Գնահատման վերանայված համակարգի ներդրման տրամաբանության և սկզբունքից ելնելով՝
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո 12-րդ դասարանի սովորողը պետական ավարտական քննություններին չմասնակցելու դեպքում վերաքննություն հանձնելու հնարավորություն ունի: Վերաքննությունները հանձնելուց հետո որևէ ուսումնական առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստացած լինելու կամ վերաքննություններին չմասնակցելու դեպքում սովորողը կստանա միջնակարգ կրթության ատեստատ և կհամարվի դպրոցն ավարտած՝ տվյալ առարկայից ուսումնական տարվա ընթացքում ստացած գնահատականների հիման վրա:
Ներկայում շրջանառվող և հանրային քննարկման ներկայացված նախագծով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումից հետո նույն ընթացակարգը նույն սկզբունքով տարածվելու է նաև 9-րդ դասարանի սովորողի վրա, և վերջինիս կստանա հիմնական կրթության վկայական և կփոխադրվի հաջորդ դասարան՝ տվյալ առարկայից կիսամյակային և տարեկան գնահատականների հիման վրա»,- նշված է ԿԳՄՍՆ գրավոր պատասխանում։
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ
Oragir.News-ի տեղեկությունը ճիշտ է, և շուտով դպրոցներում 9-րդ ավարտական դասարանի աշակերտները հնարավորություն կունենան առանց քննություն և վերաքննություն հանձնելու փոխադրվել հաջորդ դասարան, իսկ 12-րդ դասարանն ավարտող շրջանավարտները պետական ավարտական քննություններին և վերաքննություններին չմասնակցելու դեպքում կստանան միջնակարգ կրթության ավարտական ատեստատ ուսումնական տարվա ընթացքում քննական առարկաներից ստացած գնահատականների հիման վրա: