Ներքին 1 տարի առաջ - 20:12 29-03-2025

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահից սկսած նոր պատերազմի սպառնալիքը կնվազի. Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի: Այս մասին գրել է ՀՀ նախկինարտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«հետփաշինյանական օրակարգ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես ձախողված ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառված է, վարկանիշը՝ խաթարված, իսկ նրա առաջնորդությունը դարձել է թուլության խորհրդանիշ՝ թշնամիների համար, և անվստահելիության նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարության տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և ազգային արժանապատվություն։ Ցանկացած կառավարություն, որն առաջնորդվի ազգային շահերով և հստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը և վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։

Նոր կառավարությունը պետք է արագ գործի երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին՝ պետք է ժամանակավորապես կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցությունները։ Դա չի նշանակում գոյություն ունեցող օրակարգի որևէ կետի չեղարկում՝ որքան էլ վտանգավոր կամ անընդունելի դրանք լինեն։ Փոխարենը, Հայաստանը պետք է սառնասրտորեն և հաստատակամորեն պնդի իր առաջնահերթությունների ընդգրկումը։ Դրանցից գլխավորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից հետո թող բանակցությունները շարունակվեն։ Այս մոտեցումը պետք է լինի սկզբունքային, զուսպ և անհողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։
Երկրորդ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխվող իրողություններից և գլոբալ ուժային վերադասավորումներից։ Հայաստանը պետք է անցնի ռեակտիվ դիվանագիտությունից դեպի նախաձեռնողական քաղաքականություն։ Կառավարությունը պետք է խոսի հստակ ու վստահ, չպարալիզացվի պատերազմի վախով և չհամաձայնի արտաքինից թելադրված լուծումներին։ Ազգային շահերը պետք է սահմանվեն Հայաստանի կողմից, այլ ոչ թե հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։

Չնայած Արևմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նվազեցնել ռուսական ազդեցությունը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպետք է վերածվի խաղաքարտի։ Փոխարենը, այն պետք է ներգրավվի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։

Նույնիսկ 2000-ականների պակաս բարենպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականությունը շահեկանորեն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստավոր պահ է այս մոտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մեկ ռազմավարական հենարան և միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առավելություններ։
Անկասկած, Արցախի կորուստը և նրա ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ և անվերապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականության՝ հիմնված ոչ թե վախի կամ ճակատագրականության, այլ երկարատև ազգային շահերի վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, վերադարձի իրավունք և ինքնության պահպանում։

Ազգային շահերի առաջ մղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետևողական և հստակ առաջմղում՝ կարգապահությամբ ու հաստատակամությամբ։ Ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախի տեղահանված հայության վերադարձի իրավունքի վերականգնումն է։ Ավելի քան 120,000 մարդ արտաքսվել է, ինչը միայն կարող է բնութագրվել որպես էթնիկ զտում։ Սա փակված էջ չէ, այլ շարունակվող քաղաքական, դիվանագիտական, իրավական և բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պետք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնվելով առկա աջակցության վրա՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչև ԵՄ և Շվեյցարիայի խորհրդարանների բանաձևերը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։

Միաժամանակ, Հայաստանը պետք է որդեգրի սկզբունքային և իրատեսական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտության զոհաբերում։ 1915 թվականի ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, ճանաչված ինչպես գիտական հանրության, այնպես էլ բազմաթիվ կառավարությունների կողմից։ Հետփաշինյանական Հայաստանը պետք է շարունակի իր նախնիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինակի վրա հիմնված ցեղասպանությունների կանխարգելման իր նախկին առաջադեմ դիրքորոշումը՝ ազնիվ, ատելությունից ու վրեժխնդրությունից զերծ կերպով։

Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո