Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:08 27-03-2025

Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է, Հայաստանի գոյության և արժանապատվության համար պետք է հեռանա․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը պետք է հեռանա. Հայաստանի անվտանգությունը, ժողովրդավարությունն ու արժանապատվությունն են վտանգված

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գյումրու ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների և կողմնակիցների նկատմամբ սկսված ձերբակալությունների և ահաբեկման ալիքը պարզապես հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապես ձախողված առաջնորդ չէ - նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայությունը իշխանության ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և արժանապատվության համար։

Յոթ տարի առաջ ժողովրդի հույսի ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը դարձել է ազգային կործանման ճարտարապետ։ Նրա ռազմավարական կուրությունը, քաղաքական անփորձությունը և պատասխանատվություն ստանձնելու մերժումը Հայաստանին տանել են պատմական պարտությունների և մեկուսացման դարաշրջան։

Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների զոհվելը՝ սա ճակատագրի հեգնանք չէ, այլ նրա անպատասխանատու որոշումների և ձախողված առաջնորդության ուղիղ ու ողբերգական հետևանքներն են։

Դեռ ավելին՝ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ակտիվորեն խաթարել է դրանք։ Այսօր նա միակ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու ճանապարհին։ Թեև համաշխարհային հանրությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս հիմնարար հարցին, Փաշինյանի անգործությունը -և հավանաբար նաև՝ լուռ հակազդեցությունը – շարունակում են ջնջել հայկական պահանջները դիվանագիտական քարտեզից։

Հայաստանի ինքնիշխանությունն սկսել է քայքայվել նրա օրոք։ Հայ պատանդները դեռ Ադրբեջանի բանտերում են, միջազգային ճանաչում ունեցող հայկական տարածքներ են փաստացիորեն զիջվել, իսկ նոր զիջումներն արդեն հորիզոնում են։ Միևնույն ժամանակ, երկրի արտաքին քաղաքականությունը վերածվել է մոլորված խաղի ու վտանգավոր զիջողականության։ Եթե թույլ տրվի, Փաշինյանը մինչև վերջ կավարտի հայկական պետականության ապամոնտաժումը։

Բայց նույնքան դատապարտելի է նրա ներքին կառավարման ձախողումը։ Նա հիմա իշխում է վախի, ճնշման և պետական քարոզչության միջոցով։ Նրա իշխանությունը դարձրել է պետության հիմնարկները զենք ընդդիմախոսների դեմ, բռնագրավել է դատական համակարգը, ահաբեկել է այլախոհներին ու իրական քաղաքացիական հասարակությանը։ Նրա օրոք կոռուպցիան դարձել է նորմ, պետական ռեսուրսները հոսում են հավատարիմների գրպանները, իսկ սովորական հայաստանցիները թողնված են հիասթափության ու աղքատության մեջ։ Նա Հայաստանը դեռ թույլ ժողովրդավարությունից վերածել է ավտոկրատիայի՝ պատրանքային լեգիտիմության քողի տակ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 10 տոկոս հայաստանցիներ դեռ աջակցում են Փաշինյանին։ Մարդ, ով չունի ժողովրդավարական մանդատ, ով կառչել է իշխանությունից ոչ թե իր կարողություններով, այլ ճնշմամբ, չի կարող խոսել մի ազգի անունից, որին ինքն է խայտառակել ու վտանգի ենթարկել։ Նրա իշխանությունն այսօր պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ՝ ճնշման, ահաբեկման ու կեղծիքի ցինիկ մեքենայությամբ։

Եվ ամենադատապարտելին՝ նրա վերաշարադրված հռետորաբանությունն է Հայոց ցեղասպանության շուրջ։ Ցանկացած հայ առաջնորդի կողմից մեր ժողովրդի ողբերգությունը աղավաղելը աններելի է։ Դա հիշողության պղծում է, ցինիկ քաղաքական հաշվարկ, որը ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ Փաշինյանը գնալ՝ իշխանությունը պահպանելու համար—նույնիսկ եթե դա տեղի ունենա մեր պատմության ու ինքնության հաշվին։ Եթե նա պատրաստ է այդքան զոհողության, էլ ինչին է նա պատրաստ հրաժարվելու համար։

Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է։ Հայաստանը այլևս չի կարող շարունակել սահել դեպի հուսահատություն, պառակտում և պարտություն։ Երկիրը արժանի է առաջնորդի, ով միավորում է, այլ ոչ թե բաժանում։ Ով պաշտպանում է նրա ինքնիշխանությունը, այլ ոչ թե հանձնում։ Ով հիշում ու պատվում է անցյալը, այլ ոչ թե վերաշարադրում հարմարության համար։ Հայաստանի գոյության, ժողովրդավարության և արժանապատվության համար՝ Փաշինյանը պետք է հեռանա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել