Թուրքմենական գազ գնելն անլրջություն է. Փաշինյանը նաև նրանց հետ կապերն է փչացրել
copy image url

Թուրքմենական գազ գնելն անլրջություն է. Փաշինյանը նաև նրանց հետ կապերն է փչացրել

Խոսք Արտաքին Ներքին 3 շաբաթ առաջ - 21:00 27-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Գազի շուրջ Հայաստան–Թուրքմենստան բանակցությունները նոր երևույթ չեն։ 30 տարի շարունակ նման բանակցություններ ընթանում են, որ իբր թե մենք Թուրքմենստանից գազ ներմուծենք Հայաստան, սակայն դա իրատեսական չեմ համարում՝ մի քանի իրողություններով պայմանավորված»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգայնագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Թուրքմենստանը այս հարցի շուրջ բանակցություններ են վարում։

Նշենք՝ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություններ են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։

Արմեն Մանվելյանը շեշտում է՝ որ այստեղ տեխնիկական խնդիրներ չկան և այնպես չէ, որ գազը պետք է Թուրքմենստանից դուրս գա և հասնի Հայաստան։ Նրա խոսքով՝ Թուրքմենստանը գազի որոշակի պաշար է բաց թողնում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրանն էլ դրա մի մասը կարող է տալ Հայաստանին.

«Ամբողջ խնդիրը գնի մեջ է. արդյոք գնի շուրջ կարո՞ղ ենք գալ համաձայնության, թե՞ ոչ։ Սա ամենաբարդ հարցն է։ Ամեն տարի կարելի է հայտարարել, որ մենք Թուրքմենստանից պատրաստ ենք գազ ներմուծել։ OK, Թուրքմենստանը երբեք էլ դեմ չի եղել, բայց մենք չենք կարողացել գնի շուրջ համաձայնության գալ։ Մենք Ռուսաստանից գազը գնում ենք 165 դոլարով, մնում է հասկանալ՝ պատրա՞ստ է Թուրքմենստանը մեզ այդ գնով գազ տալ կամ էտ գնին մոտ գնով տալ։ Խնդիրն էստեղ ոչ թե թանկ ու էժանի մեջ է, այլ նրա՝ արդյոք նրանք կարո՞ղ են պայմանավորվածության գալ, հասնել դրան»։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանը երկար տարիներ Թուրքմենստանի հետ ունեցել է բարիդրացիական հարաբերություններ, սակայն Նիկոլ Փաշինյանի օրոք դրանք անկում են ապրել, Հայաստանն այդ երկրում անգամ դեսպան չուներ։ Ըստ նրա՝ ի տարբերություն թյուրքալեզու մյուս պետությունների՝ Թուրքմենստանը երբեք ոչ մի հարցում հակահայկական դիրքորոշում չի ունեցել։ «Բայց սրանց իշխանության գալուց հետո մենք նույնիսկ երկար տարիներ դեսպան չենք ունեցել։ Այսինքն՝ հարաբերությունների որակը, որը նախկինում կար, կորսված է։ Հիմա գազի շուրջ կգա՞ն համաձայնության, ես լրջագույն կասկած ունեմ, կասկածում եմ, որ իրենք առհասարակ կարող են ինչ-որ հարց լուծել։ Ամպագորգոռ հայտարարություններ պատրաստ են ամեն տեղ անել, բայց էս 7 տարում նման հայտարարություններ շատ ենք լսել, տեսել ենք, թե դրանք ինչ հետևանքեր են անում։ Հետևաբար՝ ես շատ հոռետես եմ, որ իրենք կարող են թուրքմենների հետ կամ առհասարակ որևէ մեկի հետ գալ համաձայնության»,- շեշտում է նա։

Արմեն Մանվելյանը դժվարանում է ասել, թե իշխանափոխությունից հետո՝ ճիշտ աշխատանքի դեպքում հնարավո՞ր է այս հարցում փոխշահավետ համաձայնության գալ, թե՞ ոչ։ Նա շեշտում է՝ այս հարցում պետք է նաև Իրանի հետ գալ համաձայնության, որի հետ հարաբերությունները ևս գործող իշխանությունները փչացրել են՝ ռազմավարական գործընկերության ինչ-որ պայմանագիր կնքելով Միացյալ Նահանգների հետ։

«Դժվար է ասել՝ ինչքանո՞վ է Իրանը շահագրգռված այս գործընթացով, ի՞նչ գնով է Թուրքմենստանը պատրաստ բաց թողնել այդ գազը, կարո՞ղ է նույն 165 դոլարով տալ, որով Ռուսաստանն է տալիս։ Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք։ Եթե այս գործընթացը լուրջ լիներ, դրա մասին ոչ ոք այդ մակարդակով չէր հայտարարի՝ այն էլ այդ անձի միջոցով։ Այդ անձը, ով ընդհանրապես ձախողված գործիչ է՝ և՛ որպես դեսպան՝ Իրանում, և՛ առհասարակ, հայտարարում է, որ բանակցություններ են վարում, նշանակում է՝ այդ ամենը կեղծիք է, որովհետև նման բանակցություններ միշտ էլ վարվել են, բայց կողմերը չեն կարողացել գալ համաձայնության՝ գնի շուրջ, որովհետև գինը բավականին թանկ է նստում։

Օրինակ բերեմ. Իրանը գազ է բաց թողնում Թուրքիային, որի մասը թուրքմենական գազն է, բայց միջինում տալիս են 400 դոլարով՝ խորանարդ մետրի համար։ Հիմա պատրա՞ստ են սրանք 400 դոլար վճարել, երբ նորից հիշեցնեմ՝ մենք Ռուսաստանից 165 դոլարով ենք առնում։ Այսինքն՝ այստեղ լոգիստիկ խնդիրներ կան, կապ ունի նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ու երբ ամեն մեկը քնից վեր է կենում ու նման հայտարարություններ է անում, դրանց պետք է վերաբերվել անլրջությամբ»,- նշեց նա։

Արմեն Մանվելյանը հավելեց՝ նման հայտարարություններ անողները Հայաստանը վերածել են անպատասխանատու և անլուրջ կազմակերպության։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված