Ռուսաստանում ավտորիտար կառավարում է։ Ռուսական պետական հեռուտաալիքները քարոզչամիջոցներ են և բացառապես պաշտոնական քարոզչություն են իրականացնում։ Այս պետության շահերը Հայաստանի ազգային շահերի հետ շատ հարցերում չեն համընկնում, երբեմն բախվում են, ինչպես ցանկացած երկու անկախ երկրների ազգային շահերը։ Հետևապես՝ ինչքան ամրանա ՀՀ անկախությունը, այնքան հաճախ մարդիկ կհարցնեն, թե ե՞րբ կփակվեն ռուսական TV-ները։
Հայկական մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը կրկին քննարկան թեմա է դառնալու առաջիկայում։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադառալով թեմային, նշել է, որ երկխոսությունը շարունակվելու է Երևանում։ Ռուս գործընկերների հետ աշխատանքային ձևաչափով քննարկելու են, թե համաձայնագրի որ դրույթներն ինչպես կարող են վերախմբագրել։ «Մեր դիրքորոշումն այն է, որ եթե ռուսական կողմն ունի հանրային մուլտիպլեքս, ապա Հ1-ը ևս կարող է հեռարձակվել ռուսական հանրային մուլտիպլեքսով։ Եվ նախկինում այդ առաջարկն արել ենք ռուսական կողմին, չի ընդունվել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
Սա անիրական ակնակալիք է, որով ակնարկում են, թե իրենք էլ հասկանում, որ հայ-ռուսական հիշյալ համաձայնագիրն անարդար է, և փորձում են հավասարկշռել այն։ Խոսքը վերաբերում է 2020-ի վերջում ստրոգրաված համաձայնագրին, որով ՀՀ-ն պարտավորվել է 7 տարի՝ մինչև 2027-ը, ՀՀ հանրային մուլտիպլեքսով ապահովել ռուսական ալիքների հեռարձակումը։ Նախընթաց տարիներին ՔՊ-ական իշխանությունը մի քանի անգամ բողոք ու տրտունջ է բարձրացրել, երբ ռուսական հեռուստաալիքները վիրավորել են ՀՀ վարչապետին կամ չեն վճարել հեռարձակումն ապահովելու ծառայությունների դիմաց։
Մտահոգիչն այն է, որ ՔՊ-ական իշխանություներին, կարծես՝ չի հետաքրքրում, որ ռուսական հեռուստաքարոզչամիջոցները կարող են ՀՀ ազգային շահերին հակասող տրամադրություններ տարածել։ ՔՊ-ական տարբեր տրամաչափի գործիչներ պարբերաբար հայտարարում են, թե նախկինները, որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ ռուսական շահեր են սպասարկում։ Սակայն ՔՊ-ականները զարմանալիորեն խուսափում են բարձրացնել ռուսական քարոզչամիջոցների ազդեցության չեզոքացման հարցը, որ չբազմանան ռուսական ազդեցության գործակալներն ու չկազմեն շարասյուններ։
Հայրենասերը կարող է վրդողվվել, որ ՀՀ-ում մի քանի ռուսական հեռուստաալիք է հեռարձակվում, բայց ՌԴ-ն մերժում է Հ1-ը ՌԴ ազգային մուլտիպլեքսով հեռարձակելու վերաբերյալ հայկական առաջարկը։ Մերժելու պատճառը, սակայն, տրամաբանական է։ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, ժողովրդավարական արժեքներ է դավանում։ Ավտորիտար երկրում ժողովրդավարական պետության հանրային հեռուստաընկերության հեռարձակման արդյունքում այդտեղ կարող են բազմանալ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվողները, ինչը անվտանգային խնդիր է առաջացնելու։ Իսկ եթե դրան հավելենք այն, որ ՀՀ և ՌԴ ազգային շահերը հաճախ բախվում են, ապա Հ1-ի հեռարձակումը ՌԴ մուլտիպլեքսով ռիսկային է այդ պետության համար, հետևաբար՝ մերժելի։
Այս առումով՝ սին է ԲՏԱ նախարարի ակնարկը, թե հայ-ռուսական անարդար այս համաձայնագիրն ուզում են խմբագրել, օրակարգ բերելով Հ1-ը ՌԴ մուլտիպլեքսով հեռարձակելու հարցը։ Այն անիրական ակնկալիք է, այսինքն՝ իրականանալու առարկայական շանս չունի, քանի որ ՀՀ-ն ու ՌԴ անկախ երկրներ են և տարբեր արժեքներ են դավանում։ Իսկ եթե ՔՊ-ական իշխանությունն ուզում է կառավարել ռուսական հեռուստաալիքների հեռարձակմամբ պայմանավորված ազգային, տեղեկատվական անվտանգային ռիսկերը, ապա, օրինակ, կարող են առաջարկել համաձայնագրում ավելացնել կետ, որ ելնելով անվտանգային նկատառումներից, ԱԺ ընտրությունների շրջանում 6 ամսով դադարեցվում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Սա ամբողջովին իրականանալի է և գտնվում է ՀՀ իշխանությունների որոշման տիրույթում։
Խնդիրը, սակայն, ունի նաև քաղաքական պայմանավորվածությունների ցավալի աստառ։ Հարկ է կրկին հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանություն ստանալիս, նախկիններին ու ռուս միջնորդներին խոստացել է անփոփոխ թողնել հայ-ռուսական պայմանագրերը։ Հետևապես՝ ենթադրելի է, որ ռուսական հեռուստաալիքներին արտոնագիր տրամադրելու մասին այս համաձայնագիրը ՔՊ-ական իշխանությունների օրոք չի կարող էապես խմբագրվել։ Այն կարող է խմբագրվել, նույնիսկ լուծվել, եթե 2026-ի ընտրություններում հաղթի այնպիսի ուժ, որը ռուսական հեռուստաալիքներն արտոնազրկելու հարցում պայմանավորվածություններով, պարտավորություններով կաշկանդված չէ։
Թաթուլ Մկրտչյան