Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը շարունակում է մնալ պայքարի ու բախումների կենտրոնում։
Նախորդ տարվա գարնանը ոստիկանների հսկողությամբ տարածք են եկել «Կովերի պարտեզը» 98 տարով վարձակալած իսրայելական ընկերության մի խումբ ներկայացուցիչներ, ավերել հերթապահության երկու տնակները։
«Կովերի պարտեզը» իսրայելական կողմին պետք է անցներ մի վիճահարույց պայմանագրով, որը կնքվել էր Հայոց պատրիարքարանի հետ, որից հետո հայկական կողմը միակողմանի չեղարկել էր ու իր հերթին դատարան դիմել։ Պարտեզը հայկական պահելու համար՝ տեղի հայերը շարունակում են պայքարել։
«Արդեն 500 օր է, մենք այստեղից չենք հեռանում։ Հիմա դատական պրոցեսն է ընթացքի մեջ։ 2023-ի նոյեմբերին մեզ վրա սկսվեց առաջին հարձակումը, իսրայելցիները զինյալներով ու վարժեցրած շներով հարձակվեցին մեզ վրա։ Դրանից հետո սկսվեց մեր պայքարը, և օրը 24 ժամ մենք հերթապահում ենք «Կովերու պարտեզում»։ Նույնիսկ ԱՄՆ-ից փաստաբաններ մեզ միացան, օգնում են՝ ով ինչով կարող են»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է երուսաղեմահայ Պետիկ Կիրակոսյանը։
Հայկական թաղամասի 25 տոկոսի հատվածում է գտնվում «Կովերի պարտեզը»։ Իսրայելական «Xana Gardens» ընկերությունն ըստ այդ մութ ու վիճելի պայմանագրի փորձում է տիրանալ Հայոց Պատրիարքարանի շինություններին և հինգ տան՝ տեղը շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը փաստել է, որ ինքը պայմանագրից տեղյակ չի եղել, դրա կնքման համար մեղադրում է արդեն կարգալույծ արված պատրիարքին:
Միացյալ Նահանգները և Ուկրաինան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք այժմ քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Էր Ռիադում կամ Ջիդդայում: Այսպիսով, քաղաքը կարող է փոխվել, բայց դա կլինի Սաուդյան Արաբիան, և ես կարծում եմ, որ գաղափարը խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ վեցամսյա հրադադարի հիմքեր դնելն է»,- ասել է Ուիթքոֆը:
Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում:
Ամերիկյան լրատվամիջոցի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը կհանդիպեն ուկրաինական պատվիրակության, այդ թվում՝ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։