Ներքին 1 տարի առաջ - 15:33 05-03-2025

ՄԻՊ-ն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել հիվանդասենյակներ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմաններն ու առողջության պահպանման իրավունքի իրացման հետ կապված և այլ հարցեր:

Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:

Հիմնարկում պահվող անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են խնդիրներ կապված տրանսպորտային միջոցների սակավության կամ ընդհանրապես չլինելու պատճառով դատական նիստերի տևական ժամանակ ձգձգման, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, արտաքին աշխարհի հետ կապի, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնության, օտարերկրացիների կրոնական առանձնահատկությամբ պայմանավորված սննդի տրամադրման անհրաժեշտության հետ: Բարձրացվել են նաև ֆունկցիոնալության գնահատման գործընթացի և հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատման վերաբերելի հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը վերոնշյալ խնդիրներին բազմիցս է անդրադարձել, մասնավորապես՝ հրապարակային մտահոգություն է հայտնել կալանավորված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկայի, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության պատշաճ ապահովման վերաբերյալ:

Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ տրանսպորտային միջոցների անբավարարության հարցը։

Պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրերի շենքային պայմանների բարելավման հարցը, ինչը պետք է արժանանա առաջնահերթ ուշադրության:

Այցի արդյունքները կամփոփվեն, Պաշտպանի լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը