Թրամփ-Զելենսկի հանդիպումը՝ անզորության շքերթ․ Միքայել Մինասյանի դիտարկումները
copy image url

Թրամփ-Զելենսկի հանդիպումը՝ անզորության շքերթ․ Միքայել Մինասյանի դիտարկումները

Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 19:29 02-03-2025
Միքայել Մինասյանը, ով Սերժ Սարգսյանի փեսան է, 2013 թվականից նշանակվել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրբ Աթոռում, ինչպես նաև դեսպան է եղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում և Պորտուգալիայում՝ անդրադառնալով Թրամփ-Զելենսկի հանդիպմանը, իր Telegram ալիքում գրել է․

«Թրամփի վարչակազմը, որը միամտորեն ակնկալում էր Զելենսկու հետ հանդիպել պետությունների առաջնորդների պաշտոնական հանդիպման ընդունված ձևաչափով, Սպիտակ տանը տեսավ յուրօրինակ Չե Գևարայի՝ հետմոդեռնիզմի դարաշրջանից։ Մի ռոմանտիկ հեղափոխական առաջնորդի, ով արհամարհում է ձևականություններն ու ավանդույթները։ Հանդիպումից առաջ Զելենսկուն խնդրել էին պահպանել հագուստի կոդը՝ ներկայանալ պաշտոնական տեսքով։ Հանդիպման նախապատրաստման աշխատանքներից հայտնի է, որ նրանից սպասում էին կառուցողական վարքագիծ։ Հանդիպման հիմնական պայմանն էլ Զելենսկու պատրաստակամությունն էր խաղաղ բանակցությունների։

Ստեղծված սկանդալը, որի դերակատարները գիտակցում էին, որ այն հեռարձակվում է ուղիղ եթերում, Թրամփի վարչակազմի անզորության հաստատումն էր։ Անզորություն՝ ստիպելու Զելենսկուն լինել կառուցողական, ազդելու նրա դիրքորոշման վրա կամ նույնիսկ պարտադրելու պահպանել հագուստի կոդը։ Եվ Ուկրաինայի «Չե Գևարայի» վրա բղավելը մնաց միակ հնարավոր հակազդեցությունը։

Թրամփի անզորությանը հակադրվում էր Զելենսկու անզորությունը։ Մի պետության նախագահ, որի երկիրը ամեն օր կորցնում է կյանքեր, տարածքներ, բնակչություն ու տնտեսություն։ Երեք տարվա պատերազմի ընթացքում Զելենսկին կորցրել էր բանական փաստարկները և իր զինանոցում ուներ միայն մեկ միջոց՝ հեղափոխական էքստրավագանտությունը, որը վերածվել էր կոպտության։ Նա, շատ լավ հասկանալով Թրամփի վարչակազմի բարդ վերաբերմունքը (ոչ զուր էր, որ հանդիպման ժամանակ հիշատակվեց նրա աջակցությունը Քամալա Հարրիսի նախընտրական արշավին), չկարողացավ բերել որևէ տրամաբանական փաստարկ իր դիրքորոշման օգտին՝ նախընտրելով փողոցային մեծամտությունը դիվանագիտական պրոտոկոլից։

Անզոր է Եվրոպան, որը ուկրաինական հակամարտության մեջ ներդրել է իր տնտեսության ապագան և դիվանագիտական հեղինակությունը։ Կոնֆլիկտի կարգավորումն անհնար է՝ ստիպելով Զելենսկուն խաղաղության գնալու, քանի որ եվրոպական գրեթե բոլոր առաջնորդները խզել են կապերը Ռուսաստանի հետ։ Շարունակել այս հակամարտությունը առանց Թրամփի վարչակազմի ակտիվ ներգրավվածության՝ զենքի պակասի պատճառով նույնպես անհնար է։ Թրամփի և Զելենսկու հրապարակային վեճը նվազեցրեց եվրոպական մանևրի դաշտը՝ թողնելով միայն ֆինանսական օգնության տրամադրումը, որի համար եվրոպացի ընտրողները ավելի ու ավելի խիստ են պատասխան պահանջելու իրենց ղեկավարներից։ Եվրոպային թվում էր կամ նույնիսկ ցանկալի էր օգտագործել Զելենսկուն որպես գործիք՝ բարձրացնելու խաղադրույքները գոյաբանական պայքարում, որպես սառցահատանավ, որը սկանդալային կամ ցնցող ձևով, բայց անպայման կվերադարձներ Թրամփի վարչակազմին դեպի ընդհանուր ձախակողմյան-լիբերալ ուղի։ Վաշինգտոնում ձախողումը ստիպեց Եվրոպային ընդունել սեփական անզորությունը։

Անզոր է ուկրաինացի ժողովուրդը, որը այս պատերազմում անդառնալիորեն կորցնում է իր երեխաներին, ենթակառուցվածքները և երկիրը։ Ժողովուրդը, որը հավատաց «Ժողովրդի ծառա» սերիալին և ցանկանում էր լավ արդյունք, բայց ստացավ ոչ թե սովորական «ինչպես միշտ»-ը, այլ աղետ։ Ուկրաինական քաղաքականության զարգացումն երկրորդ Մայդանից հետո տրամաբանական էր։ Նրանք, ովքեր պայքարում էին եվրոպական արժեքների համար, ստացան բռնապետություն և մութ (բառացիորեն) ապագա։ Նրանք անզորությամբ հետևում են, թե ինչպես է իրենց որդիների կյանքը Զելենսկու համար ավելի քիչ կարևոր, քան իր իշխանության պահպանումը։ Եվ նույն անզորությունն է ուղեկցում այն գիտակցմանը, որ Մայդանի միակ արժեքը՝ հեղափոխությունը, ավելի կենսունակ դուրս եկավ, քան Ուկրաինան։

Անզոր է Ռուսաստանը, որը սովոր է գնահատել իրավիճակը «տեղում»՝ ավելի շատ, քան մարդկանց տրամադրությունները։ Ուկրաինայում պատերազմում հաղթելով՝ Ռուսաստանը պարտվում է մարդկանց սրտերում և անկարող է ստեղծել դրական զգացմունքներ՝ ամենաթանկարժեք բանը մետաճշմարտության աշխարհում։

Սա անզորության շքերթ է, որից ոչ ոք չկարողացավ խուսափել»։

Ամենից շատ դիտված