Ինչու է Հայաստանը մասնակցում Զինաթափման համաժողովին. ռազմական փորձագետի կարծիքը
copy image url

Ինչու է Հայաստանը մասնակցում Զինաթափման համաժողովին. ռազմական փորձագետի կարծիքը

Ներքին 1 ամիս առաջ - 20:00 26-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախօրեին մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան նիստին և ծավալուն ելույթ ունեցել։ Այս հանձնաժողովի նիստին Միրզոյանի մասնակցությունը իրարամերժ գնահատականների պատճառ է դարձել։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը նկատեց՝ զենք ունեցող երկիրն է զինաթափվում, չունեցողը՝ չի կարող զինաթափվել։ Նրա խոսքով՝ այս կերպ Հայաստանի իշխանությունները միջազգային կառույցներին որոշակի մեսիջներ են ուղարկում.

«Ես կարծում եմ՝ սրա ենթատեքստն այդ հարթակն օգտագործելն է՝ Ադրբեջանի ռևանշիստական, միլիտարիզացված ռազմաքաղաքական ղեկավարության դեմ որոշակի լծակներ, կռվաններ ստանալու համար։ Հայաստանը ի՞նչը պետք է զինաթափվի, զինաթափվել, վերջացել ենք։ Ամենայն հավանականությամբ այդ հարթակը պետք է Ադրբեջանի դեմ օգտագործվի, բայց այսօրվա աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, սա ակնհայտ է։ Գործում է ուժի՝ ուժեղի իրավունքը. օրինակ ո՞ր միջազգային իրավունքով է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովուրդը ցեղասպանվել, ո՞ր միջազգային իրաավունքով Թուրքիան և Սիրիան ինքնիշխան Սիրիան գրավեցին, ո՞ր միջազգային իրավունքով այսօր Ուկրաինայում տեղի ունեցող Ռուսաստան-հավաքական Արևմուտք պատերազմը դադարեցվում է։ Դա միջազգային իրավունքո՞վ է կանգնեցվում, իհարկե ոչ, պատերազմը կանգնեցվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա քաղաքական թիմի պարտադրանքով, իսկ պարտադրանքն ինքն ուժի դրսևորում է»։

Հայկ Նահապետյանի համոզմամբ՝ առնվազն մանկամտություն է միջազգային հարթակների հետ հույս կապելը, որ վերջիններս Հայաստանին ոչ բարեկամ երկրների վրա ճնշումներ կգործադրեն ու այդ կերպ կհաջողվի արդյունքի հասնել։ Նա շեշտում է՝ սա հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական մանկամտությունը։

«Սա լավագույն դեպքում, իսկ եթե ավելի առարկայական գնահատենք, ապա օրվա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի դրածոներն ու կամակատարներն են։ Նորից եմ կրկնում՝ այսօր միջազգային իրավունքը չի գործում։ Ավելին ասեմ՝ Եվրոպական միությունը լուծարվելու է, և այդ գործընթացը արդեն սկսել է։ Քանի որ ԵՄ-ն գլոբալիստների ձեռքին գործիք էր, այդ գործիքը ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը ջախջախում է։ Ջարդվելու են նաև այլ վերպետական կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ը։ Հիմա աշխարհում ստեղծվել է ուժերի նոր հարաբերակցություն և վաղ թե ուշ նոր իրողություններն իրավական առումով ամրագրվելու են։ Նոր ՄԱԿ է ստեղծվելու, և ստեղծողներն աշխարհի ներկայիս նոր ուժեղ պետություններն են, որոնք որոշում են երկրագնդի բոլոր պետությունների ճակատագիրը։ Դրանք Ռուսաստանի Դաշնությունն են և Միացյալ Նահանգները»,- նկատում է նա։

Ռազմական փորձագետն ընդգծում է՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը ելնում է ուժի սպառնալիքի կիրառման տեսանկյունից. «Եթե իրենց լավ չպահեցին, այդ սպառնալիքը կարող է կյանքի կոչվել։ Այս իրողությունների վրա էլի եմ ասում՝ քաղաքական մանկամտություն է, երբ հույսը դնում են միջազգային կոնվենցիաների ու կառույցների վրա՝ ակնկալելով, որ այդ կառույցները կարող են իրենց լծակներն օգտագործել՝ մեր՝ ոչ բարեկամ երկների վրա ինչ-որ արդյունքներ գրանցելու համար։ Չկա նման բան։ Ինչ է Ադրբեջանը մեր երկրի տարածքները միջազգային իրավունքո՞վ վերցրեց, չէ, ուժեղի իրավունքով վերցրեց, Արցախը, միջազգային իրավունքով վերցրե՞ց, իհարկե ոչ։ Հիմա այս իրողությունները ունենք»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը հավելեց՝ այսօր աշխարհում գործում է ուժի և ուժեղի իրավունքը, և որ պահին ուժեղները որոշեն, իրենք խաղի նոր կանոններ են հաստատելու, ինչպես դա տեղի ունեցավ 1945 թվականին՝ Պոտսդամի կոնֆերանսում։ «Նյուրեմբերգ է լինելու։ Թրամփը դեմոկրատական կուսակցության շատ ներկայացուցիչների, որոնք Ամերիկայի հիմքերը սղոցում էին և պատճառ դարձան Ուկրաինայում միլիոնավոր մարդկանց զոհվելու և հաշմանդամ դառնալու, իրենք ևս այդ դատարանի առաջ են կանգնելու։ Այդ հերթում առաջնային շարքերից մեկում կանգնած է նաև Զելենսկին։ Ասեմ նաև, որ այդ հերթում՝ բավականին բարձր դիրքերում գտնվում է Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Փաշինյան Նիկոլը։ Իրենց ևս դա սպասվում է, չկասկածեք»,- ասաց նա՝ եզրափակելով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն արդեն եկել են համաձայնության, որին շուտով ականատես կլինենք։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի