Ինչու է Լավրովը ժամանել Թուրքիա և Իրան. քաղաքագետի կարծիքը
copy image url

Ինչու է Լավրովը ժամանել Թուրքիա և Իրան. քաղաքագետի կարծիքը

Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 19:30 25-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ տարածաշրջանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նախօրեին Անկարայում էր, այսօր արդեն՝ Թեհրանում։ Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ Լավրովը տարածաշրջան է ժամանել՝ ամերիկյան կողմի հետ ընթացող բանակցությունների մանրամասների շուրջ քննարկումներ ծավալելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը չկիսեց այս տեսակետը՝ նշելով՝ իր կարծիքով Ռուսաստանը բանակցությունների արդյունքների մասին Թուրքիային և Իրանին տեղեկացնելու պարտավորություն կամ ցանկություն չունի։ Նա կարծում է, որ Լավրովի տարածաշրջանային այցն առավելապես կապված է երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի հետ։


/Արմեն Վարդանյան, քաղաքագետ/

«Թուրքիան ներկայումս Սիրիայի գլխավոր դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը խնդիր ունի պահպանել Խմեյմիի ավիաբազան և Տարտուսի ծովային ռազմաբազան ու այս հարցում բանակցություններ կվարի ինչպես Սիրիայի կառավարության հետ, այնպես էլ Թուրքիայի հետ, որը վերջինիս գլխավոր հովանավորն է։ Իրանի հետ բանակցություններն էլ ավելի շատ կապված կլինեն երկկողմ օրակարգի հետ. իրենց միջև հունվարին ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել, և կողմերը փորձում են տարբեր իրավիճակներում միմյանց աջակցել, այդ թվում՝ ռազմատեխնիկական հարցերում և այլն»,- ասաց նա՝ վերահաստատելով՝ այցը ռուս-ամերիկյան բանակցությունների հետ չի կապում։

Արմեն Վարդանյանը լավատես չէ, չի կարծում, որ ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկայում կդադարեցվի։ Ըստ նրա՝ այն պայմանները, որոնք Պուտինը դնում է, չեն բխում Ուկրաինայի շահերից, Եվրոպան էլ է դրան դեմ, իսկ ԱՄՆ-ն միայնակ ի վիճակի չէ Ուկրաինային պարտադրել, որ վերջինս գնա զինադադարի։ «Որովհետև Պուտինի առաջարկած պայմաններն Ուկրաինայի և ԵՄ-ի սրտով չեն, դրա համար էլ Մակրոնն այցելեց Սպիտակ տուն՝ Վաշինգտոն, որպեսզի Թրամփին փորձի համազել՝ չգնալ այդպիսի գործարք»,- նկատեց նա։

Oragir.News-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված Մոսկվայից և Վաշինգտոնից հնչող դրական հայտարարությունները՝ քաղաքագետը պատասխանեց՝ Ռուսաստանն իսկապես կցանկանար, որ Թրամփի հետ իրականացված բանակցությունների օրակարգով պատերազմը դադարեցվեր։ «Դա նրան հնարավորություն կտա և՛ շունչ քաշել, և՛ ավելի ուժեղանալ, ժամանակի ընթացքում կորցրած զինտեխնիկայի պաշարները վերականգնել, և՛ նաև քարոզչական դաշտում ցույց տալ, որ իրենք մտնելով Ուկրաինա, միջոցներ ծախսելով կարողացել են առաջ գնալ, տարածքներ գրավել և դա կհամարի հաղթանակ, սեփական հանրությանը կներկայացնի որպես հաղթանակ։ Դրա համար իրենք լավատես են, հույս ունեն, որ հենց այդ օրակարգով էլ կդադարեցվի պատերազմը»,- ասաց նա։

Արմեն Վարդանյանը հավելեց՝ ԱՄՆ-ի լավատեսությունն ավելի շատ տակտիկական հնարք է, ու Վաշինգտոնում էլ հասկանում են, որ Պուտինի պայմաններով պատերազմը դադարեցնելն իրատեսական չէ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված