Փորձություն՝ ուսուցչի համար. սերունդը կայլասերվի՞, թե՞ կառողջանա
copy image url

Փորձություն՝ ուսուցչի համար. սերունդը կայլասերվի՞, թե՞ կառողջանա

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 12:30 20-02-2025
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Իսկական հերոսը» շարադրությունների համահայաստանյան մրցույթ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմին ընդառաջ։ «Նոր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք գտնում են հերոսական ջիղ և փորձում փրկել իրենց ուսուցիչներին անցյալից աշխարհ եկած չարագործից: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվել է այս մրցույթի միտքը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչո՞ւ է այսպիսի մրցույթ կազմակերպում ԿԳՄՍՆ-ն։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականները տարբեր առիթներով ակնարկում են, թե մտադիր են հայ մարդուն ազատել անցյալի բեռից, խմբագրել պատմությունը, ստվերում թողնել պատմական Հայաստանը, ապրել իրական Հայաստանի գաղափարով, հետահայաց վերլուծել Ցեղասպանության պատճառները, առաջնորդվել խաղաղության օրակարգով, հրաժարվել ռևանշի, ՀՀ-ից զավթված տարածքները ուժով հետ բերելու մտքերից և այլն։

ՔՊ-ական իշխանություները, անձամբ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով նաև արժեզրկում են «հերոս» հասկացությունը, աղավաղում հերոսի մասին ավանդական պատկերացումները։ Մյուս կողմից էլ ինչ-որ նոր գաղափարաբանություն են առաջ մղում, ըստ որի՝ հայ մարդն ուզում է սովորական կյանքով ապրել, աշխատանքի գնալ, գալ տուն, տարին մեկ անգամ էլ մեկնել հանգստանալու և այլն։

Ենթադրելի է, որ այս մոտեցումների համատեքստում էլ հայտարարվել է դպրոցական շարադրությունների մրցույթը։ Այդպիսով կարող են ցույց տալ աշխարհին, թե Փաշինյանի մոտեցումներն աննորմալ, անառողջ, իրականությունից կտրված, արժեքամերժ, հակահայ, ապապետական չեն, քանի որ դպրոցականները ևս այդպես են մտածում, այդպես պատկերացնում իսկական հերոսին։

Մրցույթի մասին տարածված հաղորդագրության մեջ թափանցիկ ակնարկը կա, որ իսկական հերոսը փրկում է ուսուցիչներին անցյալից իրական աշխարհ եկած չարագործից։ Այսինքն՝դպրոցականներին «հուշում են», թե չարագործը կապված է անցյալի հետ, որի դեմ հերոսաբար պայքարում են երեխաները, նոր սերունդը, մերժում ոչ միայն անցյալի չարագործին, այլև անցյալն ընդհանրապես, քանի որ այն խանգարում է առաջընթացին։ Սա խորհրդանշում է, թե երիտասարդները փրկում են ուսուցիչներին, ազատում նրանց անցյալի կաղապարներից, կարծրատիպերից։

Սոցիալ հոգեբանական առողջության առումով՝ սա ռիսկային է։ Մրցույթի առաջին փուլում յուրաքանչյուր դպրոց որոշելու է իր հաղթողին։ Հետո դպրոցներում հաղթողների շարադրությունները քննելու է պրոֆեսիոնալ ժյուրին, բաղկացած ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։ Այս առումով՝ մտավախություն կա, որ դպրոցների տնօրեններին կիջեցվի հրահանգ, որ հաղթող ճանաչեն այն շարադրությունը, որն առավել համահունչ կլինի փաշինյանական նարատիվներին։ Նույն հրահանգը, ենթադրաբար, կիջեցվի նաև ժյուրիին։

Եթե այսպես լինի, ապա դպրոցականների պատկերացումները հերոսի մասին կաղավաղվեն, ինչը բացասական հետևանք կունենա սոցիալ հոգեբանության վրա։ Այս անցանկալի ընթացքը կարող են կանխել մասնագիտական կոչմանը հավատարիմ ուսուցիչները, աշակերտներին ճիշտ ուղու վրա դնելով, հաղթող ճանաչելով արժեքահեն շարադրությունները, որտեղ հերոսը նման չէ ՔՊ-ական նարատիվների հերոսին, այլ իսկական հերոս է՝ ազնիվ, բարի, խիզախ, դաստիարակված, ազատության, անկախության գաղափարներին նվիրված և այլն։

Կարճ ասած՝ «Իսկական հերոսը» դպրոցական շարադրության մրցույթը իրական փորձություն է ուսուցիչների համար։ Եթե նրանք տրվեն ՔՊ-ական ենթադրյալ ցուցումներին, ապա սերունդը կայլասերվի, իսկ եթե առաջնորդվեն ուսուցչի պատասխանատվությամբ, ապա սոցիալ հոգեբանական ամրություն կկառուցեն ապագայի համար, կստեղծեն հասարակության առողջացման, առաջընթացի բարոյական հիմքեր։

Թաթուլ Մկրտչյան