Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 18-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․
Այսօր, փետրվարի 18-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան։ Նրա փոխանցմամբ՝ ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Թեև մեղադրող կողմը առաջարկում էր ևս երեք ամսով երկարաձգել կալանքը, դատավորն, այդուհանդերձ, Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինեց գրավով և չբացակայելու արգելքով։ Խաչատրյանն ազատ արձակվեց հենց դատարանի դալիճից՝ սահմանված գումարը վճարելու պայմանով։ Գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում: Խաչատրյանը ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով և հունվարի 5-ին երկու ամսով կալանավորվել: Պաշտպանների պնդմամբ՝ Տիրան Խաչատրյանն այժմ փաստացի մեղադրվում է նրանում, ինչի համար պատերազմի օրերին ազգային հերոսի կոչում է ստացել։
30 տարի շարունակ արցախցիներին Հայաստանում տվել են ՀՀ անձնագիր, բայց 2023 թվականի հոկտեմբերի 26–ին պարզվել է, որ այդ անձինք ՀՀ քաղաքացիներ չեն»։ Այս մասին այսօր կայացած քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Գեղամ Ստեփանյանի խոսքով, այդ անձնագրերն ապահովում էին ՀՀ–ի ներսում ՀՀ քաղաքացիներին հավասար, տարբեր իրավահարաբերությունների մեջ մտնելը։ «2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ՀՀ–ում գտնվող արցախցիները. 100–ից ավել նման վճիռներ կան, որոնցով դատարանն անձանց վերականգնել է ընտրական ցուցակներում։ Եթե այդ ամենը փորձենք ամբողջացնել, 2023 թվականից առաջ որևէ բան չէր փաստում, որ 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը չփաստող փաստաթուղթ է»,- ասել է նա։ Ստեփանյանը հավելել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա, իսկ արցախցիների բնակապահովման ծրագրի հիմքում կոմպակտ բնակության պայման չկա։
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքեր, որոնց հետ համաձայն է։ «Դիտեցի Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ։ Կային մտքեր, որոնց հետ համաձայն չեմ։ Կային մտքեր, որոնք լղոզված էին»,- իր ֆեսյբուքյան էջում գրել է նա։ Աղազարյանի ուշադրությունը գրավել է այն դիտարկումը, որ Բաքվում տեղի ունեցողը ոչ թե դատավարություն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այլ` Հայաստանի։ «Վստահաբար կարող եմ ասել, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, ցանկության դեպքում, կարող էին թույլ չտալ դեպքերի նման ընթացք։ «Ինչո՞ւ չեն արել» հարցը պատասխան է պահանջում»,- Facebook-ում գրել է Աղազարյանը»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: