Ներքին 1 տարի առաջ - 19:48 14-02-2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ


Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Ոսկան աբեղա Ոսկանյանը։
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Մանուկ Հիսուս եկավ որպես խաղաղության իշխան՝ մարդկանց փոթորկահույզ սրտերի մեջ սերմանելու երկնային խաղաղությունը: Նա եկավ որպես աշխարհի Փրկիչ՝ փրկելու համար աստվածաստեղծ մարդ արարածին և իր նվիրական առաքելությամբ կամրջելու երկինքն ու երկիրը»։

Վերջում Հայր Ոսկանը պատգամեց հավատացյալ ժողովրդին անվարան գնալ Տիրոջ կենսատու ու անմար Լույսին ընդառաջ և աղոթել նաև բոլոր այն ամուսնական զույգերի համար, որոնք իրենց կյանքը սկսում են տերունական լույսի, խաղաղության ու փրկության ապավինությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Օրվա խորհուրդի խաչքավորն էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը։

Տոնի առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու մաղթանքները բերեց նորապսակներին՝ նշելով, որ Տեառնընդառաջին ամենքս Սուրբ Սիմեոն Ծերունու նման փառավորում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ամրապնդում վճռականությունը Տիրոջն ընդառաջ ելնելու, միշտ Տիրոջ հետ լինելու և ապրելու ու ընթանալու Աստծո կամքի համաձայն։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տոնի նախօրեին, ժողովրդական ավանդության համաձայն, նորապսակները համախմբվում են իրենց ընտանեկան օջախներում, խարույկ վառում և բերկրանքով ու ցնծությամբ տոնախմբում Տեառնընդառաջը։ Այս խորհրդին համահունչ Տեառնընդառաջի տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր, որպեսզի եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի նոր ամուսնացած զույգերը օրհնություն ստանան, և Տիրոջ առատ շնորհները բաշխվեն իրենց ընտանիքներին։

Դիմելով նորապսակ զույգերին՝ Նորին Սրբությունն ասաց. «Այս օրհնյալ պահին Մենք Մեր ջերմ շնորհավորանքն ենք բերում բոլոր նորապսակ զույգերին և մաղթում երջանկություն, սիրառատ ընտանեկան կյանքի երկար տարիներ։ Թող Տերը պարգևի ձեզ բազում արժանավոր զավակներ և պահպանի ամենքիդ Իր շնորհների և Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո։ Հայրական Մեր հորդորն է, որ միշտ վառ պահեք հավատքի լույսը ձեր հոգիներից ու հարկերից ներս, ապրեք Սիմեոն ծերունու բարեպաշտությամբ՝ ձեր սրտերում հանապազ կրելով սերը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Սուրբ Պատարագին մասնակից նորապսակ զույգերին և Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի։

Հայոց Հովվապետը, մեկ անգամ ևս իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ երիտասարդներին, գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարի ընդունելության են արժանացել նաև աշխարհական նորապսակ հայորդիները։

Նորին Սրբությունը հորդորեց նորապսակ զույգերին ապրել սիրով ու ավետարանական ոգով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Հայոց Հայրապետը մաղթեց նաև, որ Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտական ներկայություն լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»