Թուրքական «ANKA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ինդոնեզիայի հեռուստաալիքներից մեկի եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ համաշխարհյին քննարկումներին:
Էրդողանը մասնավորապես անդրադարձել է այդ հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի պլաններին:
Նա նշել է, որ Գազային տիրանալու Թրամփի ծրագիրը և այդ շրջանակներում «Նեթանյահու կոչված»-ի հետ համաձայնության ձեռքբերումը մեծ սպառնալիք է ամբողջ աշխարհի խաղաղության համար:
«Այժմ Գազայի բնակիչներից և պաղեստինցիներից ոչ ոք չի կարող խլել Գազան: Այսպիսի բան անելու հանդգնելն ամենից առաջ տարատեսակ սպառնալիքներ է ստեղծում համաշխարհային խաղաղության համար»,- հավելել է նա:
Էրդողանը նաև համեմատական է անցկացրել ԱՄՆ նախկին վարչակարգի գործելաոճի և Թրամփի գործելաոճի միջև. «Իրականում ես ճիշտ չեմ համարում այս տեսակ հայտարարությունները, որոնք այժմ հարգարժան Թրամփն անում է նախկին վարչակարգի մոտեցումներով ու աշխարհի մի շարք երկրների մարտահրավեր նետում: Իմ կարծիքով, սա լավ զարգացում չէ»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նման իրադարձությունները երբեք չեն կարող ընդունվել թե՛ իրենց և թե՛ իսլամական աշխարհի կողմից. «Դա կտրականապես անհնար է: Մենք, որպես Իսլամական համագործակցության կազմակերպություն, դեմ եք լինելու սրան»:
Բացի այդ, Էրդողանն ԱՄՆ-ին համարել է աշխարհին աջակցելու հարցում առաջին պատասխանատուն և անհրաժեշտ համարել, որ Միացյալ Նահանգների պես պետությունը լինի «խաղաղության կողմնակից»:
Թուրքիայի առաջնորդը սակայն չի սահմանափակվել ԱՄՆ նախագահի հասցեին հնչեցրած քննադատություններով և անդրադարձել է նաև Նեթանյահուին:
Իսրայելի վարչապետին մեղադրելով Պաղեստինն ավերելու, դպրոցներն ու հիվանդանոցները գետնին հավասարեցնելու մեջ` նրան անվանել է «Գանգստեր»:
Աղբյուր՝ ermenihaber.am