Տեսախցիկներով են պաշտպանվում․ «ժողովրդավարության բաստիոնում» իշխանությունն իրեն անվտանգ չի զգում
copy image url

Տեսախցիկներով են պաշտպանվում․ «ժողովրդավարության բաստիոնում» իշխանությունն իրեն անվտանգ չի զգում

Խոսք Ներքին 4 ամիս առաջ - 20:00 11-02-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման աղմկահարույց նախագիծը հետ կանչելուց հետո, որը տնտեսվորողներից պահանջում էր ամենուրեք տեսախցիկներ տեղադրել և ոստիկանությունը շուրջօրյա ռեժիմով դրանց հասանելիություն տրամադրել, իշխանությունները այժմ էլ մտադիր են փոփոխություններ իրականացնել ՏԻՄ օրենքում։

Մասնավորապես՝ եթե համապատասխան փոփոխություններն ընդունվեն, ապա այս տարվա հուլիսի 1-ից համայնքների մուտքեր և ելքերը, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի հատվածները պետք է ունենան տեսահսկման համակարգեր ու այդ մասերում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզմունք հայտնեց, որ այս փոփոխություններով հերթական անգամ համոզվելու ենք, թե ինչպես է իշխանությունն ինքն իրեն պաշտպանում․

«Որովհետև երբ հարցը վերաբերվում է խոշտանգված քաղաքացիներին՝ տարբեր տեսակի հանցագործություններից՝ սկսած վրաերթերից, վերջացրած այլ բնույթի հանցագործություններով, չգիտես ինչի տեսախցիկների տեղեկությունները ո՛չ հետաքրքրում են քննիչներին, դատախազներին, ոստիկանությանը, ո՛չ դրանցով գործողություններ են իրականացնում, բայց իրենք իրենց պաշտպանելու համար հավանաբար անցնելու են ավելի խիստ վերահսկողության։ Ես իրենց համար վատ լուր ունեմ, որովհետև իրենք չեն պատկերացնում․ ասենք աշխատավայրում համայնքային իշխանությունը պաշտանված է, տեսախցիկներ կան, ճաղավանդակներ կան, սաղավարտներ կան և այլն, բայց այդ մարդիկ դո՞ւրս են գալու չէ այդ շենքից, վերադառնալու են իրենց բնակության վայր, շփվելու են իրենց հարազատների ու այդ տարածքում բնակվող մարդկանց հետ։ Դա ո՞նց են ապահովելու։ Անշուշտ սա հարցի լուծում չէ»։

Իրավապաշտպանը նկատում է, որ իրեն ամենաժողովրդավարականը համարող իշխանությունը՝ ժողովրդավարության բաստիոնում, համարում է, որ պաշտպանության կարիք ունեն ոչ թե սահմանները, քաղաքացիները, այլ իրենց իշխանությունը։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունները շատ սպասելի էին, դրանցում ոչ մի առանձնահատուկ բան չկա։

Oragir.News-ի հարցին՝ սա համընդհանուր տեսահսկման աղմկահարույց օրենքի շարունակությո՞ւնն է, որը հանրային ճնշման ներքո հետ կանչվեց՝ Նինա Կարապետյանցը պատասխանեց՝ մասնակի։ Նա նշում է, որ իշխանությունները այն առանձին հատվածներով, առանձին դրվագներով փորձելու են վերադարձնել, որպեսզի կարողանան հասարակության ցանկացած տեսակի շարժը տոտալ վերահսկեն։

«Եթե խոսում են այն մասին, որ տարածքը պետք է անվտանգ լինի, կամ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ինչ-որ պրոցեսներ իրականացվեն, ասում եմ՝ հանցագործություններ են տեղի ունենում, այդ թվում ոստիկանների մասնակցությամբ և տեսախցիկների առկայությամբ, բայց չգիտես ինչի ոչ մի պարագայում դրանց տեսանյութերը չեն պահպանվում։ Այսինքն՝ իրենց արդեն ունեն բազմաթիվ տեսախցիկներ, որոնցով պետք է պայքարեին և՛ կոռուպցիոն, և՛ այլ բնույթ հանցագործությունների դեմ, բայց դրանք օգտագործվում են հատվածային՝ ըստ նպատակահարմարության՝ իրենց յուրայիններին արդարացնելու համար։ Սա էլ լինելու է նույն տրամաբանության մեջ, ոչ մի արտառոց բան չկա, այս իշխանությունն այլևս շատ կանխատեսելի է, չափազանց կանխատեսելի է»,- կարծում է։

Oragir.News-ի հարցին՝ եթե կրկին ճնշումը մեծ լինի, իշխանությունները այս փոփոխությունները ևս հետ կկանչե՞ն՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ սրանք կընդունվեն, քանի որ համայնքային կառույցների աշխատակիցները ձայնազուրկ են։ Նրա խոսքով՝ այս մարդկանց ցանկացած պահի կարող են աշխատանքից հեռացնել, իսկ վատագույն դեպքում նրանց դեմ քրեական գործեր կհարուցվեն։

«Այն նույն դրվագներով քրեական գործեր կհարուցվեն, որոնք շատ երկար ժամանակ «չեն տեսել» կամ ձևացրել են, որ չեն տեսնում։ Մնացածին էլ՝ շարքային քաղաքացուն դա առանձնապես ո՛չ հասանելի է լինելու, ո՛չ էլ իր համար էդպես մեծ խնդիր է ստեղծելու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար