Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին Արտաքին 1 շաբաթ առաջ - 15:00 04-02-2025

Փաշինյանի ասածն աբսուրդ է․ օկուպացված տարածքներ ունեցող երկիրը չի կարող ինքնիշխան համարվել․ Նարեկ Գալստյան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո դարձել է շատ ավելի կախված՝ անկախի փոխարեն։ Կախված է օրինակ արտաքին աշխարհաքաղաքական պրոցեսներից, մասնավորապես՝ օրինակ Ադրբեջանի գործողություններից, այդ երկրի թելադրած օրակարգից, Հայաստանի քաղաքականության վրա Թուրքիայի ազդեցությունն է մեծացել և այլն»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ Հայաստանը ձեռք է բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։

Քաղաքագետը նկատում է՝ ինքնիշխանությունը ենթադրում է սեփական որոշմամբ ու ցանկությամբ քաղաքական պրոցեսներ նախաձեռնել, որոշումների ընդունման պրոցեսն ինքնուրույն իրականացնել։ «Մենք անգամ մեր ինքնիշխան տարածքն այս պահին ամբողջությամբ չենք վերահսկում, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Որոշումների ընդունման ինքնավարության մասին մենք կարող ենք խոսել բոլոր պետությունների դեպքում, բայց մաքուր ինքնիշխանություն ասվածն անգամ մասնագիտական տեսանկյունից մի քիչ դժվար է պատկերացնել․ և՛ ներքին պրոցեսներն են ազդում բոլոր պետությունների քաղաքական որոշումների ընդունման վրա, և՛ արտաքին։ Այսինքն՝ պետությունն ընդհանրապես չի կարող լինել բացարձակ անկախ ու ինքնիշխան, բայց ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասածին՝ կոնկրետ Հայաստանի դեպքում, դա մասնագիտական տեսանկյունից մեղմ ասած չհիմնավորված է»,- ասաց նա։

Նարեկ Գալստյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 44-օրյա պատերազմի հետևանքները Հայաստանը դարձրել են շատ ավելի խոցելի՝ պրոցեսների նկատմամբ, դարձրել են շատ ավելի թույլ՝ ներքին կարողությունների տեսանկյունից։ Նա հիշեցնում է, որ պատերազմի հետևանքով հսկայական ռեսուրսներ, մարդկային կյանքեր, տարածքներ ու բնական պաշարներ ենք կորցրել․

«Այս ամենի հետևանքով Հայաստանի արտաքին քաղաքականության վրա արտաքին գործոնների ազդեցությունը մեծացել է։ Փաշինյանը երևի թե նկատի ունի, որ Հայաստանը հիմա ավելի շատ պետությունների հետ է փորձում սերտացնել գործընկերությունը, բայց դա միշտ է այդպես եղել, պարզապես հիմա ցուցադրական կողմն է ավելի շատ, իսկ թե բովանդակային տեսանկյունից դա որքանով է ազդել Հայաստանի անվտանգության ամրապնդման վրա՝ դեռ շատ վաղ է խոսել, և ընդհանրապես չգիտեմ՝ երբևէ այդ մասին խոսելու առիթ կլինի՞, թե՞ ոչ։ Այնպես որ՝ դա աբսուրդ է, այդ հայտարարությունը զուտ պրակտիկայի հետ համեմատելով՝ աբսուրդ է»։

Քաղաքագետը շեշտեց նաև, որ ընդհանրապես պարտություններից հետո պետությունները լինում են շատ ավելի կախյալ՝ արտաքին գործոններից, ներքին տարբեր պրոցեսների ազդեցությունից։ Ըստ նրա՝ ինքնիշխանության մասին բոլոր պետությունների դեպքում էլ ֆորմալ առումով կարող ենք խոսել, բայց Հայաստանն էլ այդ տեսանկյունից լիարժեք ինքնիշխան չէ, քանի որ ՀՀ տարածքի որոշ մասն օկուպացված է այլ երկրի կողմից․ «Կարո՞ղ է օրինակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացնել և Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքում ինչ-որ բան անել, ծառ տնկել օրինակ, իհարկե ո՛չ։ Երբ դու ունես օկուպացված տարածք, չես կարող խոսել լիարժեք ինքնիշխանության մասին։ Անգամ այն համայնքները, որոնց տարածք ներխուժել են ադրբեջանական զորքերը, նրանք իրենց կենսագործունեությունն իրականացնելու հարցում խնդիրներ ունեն։ Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում ընդունել և ադրբեջանական վերահսկողության ու դիտարկման տակ գտնվող տարածքներում ինչ-որ գործողություն անել, չի կարող։ Հետևաբար ինքնիշխանության մասին էլ չի կարելի խոսել»։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել է իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դավաճանության հետևանքով, ինչն էլ թույլ է տվել պարտությունից հետո դուրս գալ վերջինիս ազդեցության գոտուց՝ Նարեկ Գալստյանը նշեց՝ նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նշանակում Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալ։ Նա ընդգծում է, որ վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը միայն մեծացել է, հատկապես վերջին 2-3 տարում։

«Ապրանքաշրջանառության կառուցվածքն ենք նայում, համամասնությունն ենք նայում, այդ տեսանկյունից մեծացել է։ Տրանսֆերտների տեսանկյունից, ներդրումների տեսանկյունից կրկին՝ Ռուսաստանի ազդեցությունը մեծացել է։ Սպառազինությունների ոլորտում այո՛, կա լուրջ, նշանակալի, դրական ձեռքբերում, ավելի բազմազանեցված է, և Հայաստանը տարբեր երկրներից կարողանում է սպառազինություն ձեռք բերել, բայց միայն սրա վրա չի կառուցվում։ Նույն ատոմակայանը վերցնենք․ որտեղից ենք բերում ուրանը, մեր երկաթգծային կառավարումը․ ինչ ընկերություն է իրականացնում, ռուսական կապիտալով ընկերությունները շարունակում են Հայաստանում գործել, նրանց թիվն ավելացել է հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ինչի մասին է խոսքը»,- նկատում է նա։

Մեր զրուցակիցը վերահաստատեց, որ այսօրվա աշխարհում բացարձակ անկախությունից խոսելը մասնագիտական տեսանկյունից անհիմն է, քանի որ պետությունները պարբեր պատճառներով փոխկապակցված են ու փոխկախված են, իսկ Հայաստանն այդ տեսանկյունից բացառություն չէ։ Նա փաստում է, որ ինչ-որ հարցերում Ռուսաստանի դերն ու ազդեցությունը թուլացել է, բայց դա չի նշանակում այդ երկրից կախվածությունն առհասարակ վերացել է։

«Մեր խոպանչիները (կներեք, որ այդպես եմ ասում-Ն․Գ․) շարունակո՞ւմ են գնալ Ռուսաստան, շարունակում են։ Դա նշանակում է, որ ամեն դեպքում մենք կախված ենք Ռուսաստանից։ Հետևաբար՝ մենք կախված ենք ռուսական աշխատաշուկայից, դա չի չեղարկվել։ Դա ավելի շուտ պոպուլիստական հայտարարություն էր, քաղաքական գնահատական իհարկե կարելի է տալ, բայց մասնագիտական տեսանկյունից դրանք չի կարելի համարել հիմնավորված․ Հայաստանը ո՛չ ավելի ինքնիշխան է դարձել, ո՛չ էլ ավելի անկախ է դարձել։ Եթե պոպուլիզմի չմտնենք ու չարձագանքենք պոպուլիստական հայտարարությանը, ապա զուտ մասնագիտական տեսանկյունից դա իհարկե՛ անհիմն հայտարարություն է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք է բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ «Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել և հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- նշել էր կառավարության ղեկավարը։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

15:50 Լճաշենցի 51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել 24-ամյա տղայի վրա․ վերջինը մահացել է
20:12 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
18:00 Պատրա՞ստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ճղճիմ խոսույթի համար․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:28 Ո՞վ է պատասխան տալու նրա մահվան համար․ Տիգրան Արզաքանցյանի կինը լացում է
21:05 Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
22:03 Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան
15:20 Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք
08:50 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
16:54 Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
18:44 Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com