Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 16:00 03-02-2025

Մետրոյի և տրոլեյբուսի ուղեվարձը չի փոխվել․ քաղաքացիներից ապօրինաբար է 150 դրամ գանձվում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում կրքերը չեն հանդարտվում։ Մինչ երևանցիները շարունակում են բոյկոտել այս որոշումը ու տրանսպորտի համար վճարել առավելագույնը 100 դրամ, քաղաքային իշխանություններն էլ իրենց ու իրենց խոսափողների շուրթերով բացառում են, որ վերադարձ կլինի 100 դրամ ուղեվարձին։

Հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահեցնում է, որ 1 ուղևորությունը 150 դրամ սահմանելու որոշումը վերաբերում է միայն ավտոբուսներին, իսկ տրոլեյբուսներում և մետրոյում քաղաքացիներից ապօրինի կերպով է 150 դրամ գանձվում, նման որոշում չկա։ Oragir.News-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը շեշտեց՝ Երևանի ավագանու համապատասխան որոշումը, որը վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, վերաբերում է բացառապես ավտոմոբիլային տրանսպորտին և հղում է անում ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին․

«Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, անկախ նրանից դա օրինակա՞ն է, թե՞ անօրինական, սա այլ հարց է, վերաբերում է բացառապես ավտոբուսներին։ Պարզապես դրանում մի կետ կա, ըստ որի՝ ով ունի ավտոբուսի տոմս, նույն ժամանակահատվածում մետրոյից և տրոլեյբուսներից կարող է օգտվել անվճար։ Այսինքն՝ մետրոյից կարող են անվճար օգտվել միայն ավտոբուսի տոմս ունեցողները, իսկ Երևան քաղաքում երթևեկելու համար ավտոբուսի տոմս ունենալը պարտադիր չէ, որովհետև Երևանի շատ քաղաքացիներ, այդ թվում ես, հաճախ օգտվում ենք միայն մետրոպոլիտենից․ մի կայարանից նստում ենք, գնում ենք մյուս կայարան՝ մեր նշանակակետ և ավտոբուսից չենք օգտվում։ Եթե ավտոբուսից չենք օգտվում, ուրեմն ավտոբուսի տոմս ունենալու կարիք չունենք, իսկ եթե ավտոբուսի տոմսի կարիք չունենք, օգտվում ենք միայն մետրոյից, պետք է ունենաք մետրոյի տոմս։ Մետրոյի 100 դրամ ուղեվարձի փոփոխության մասին Երևանի ավագանին որոշում չի կայացրել, տրոլեյբուսի 50 դրամը փոխելու վերաբերյալ՝ ևս»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Երևանի այն քաղաքացիներն ու հյուրերը, ովքեր օգտվում են միայն տրոլեյբուսից կամ մետրոյից, նրանք պետք է վճարեն համապատասխանաբար 50 և 100 դրամ, որովհետև ուղեվարձի փոփոխություն չի եղել։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է վաճառել 50 և 100 դրամանոց ուղետոմսեր, որոնցով ավտոբուս նստել հնարավոր չի լինի, բայց տրոլեյբուսից ու մետրոյից հնարավոր կլինի օգտվել սահմանված գնով։

«Հիմա եթե այդ հնարավորությունը մեզ չեն տալիս, հետևաբար այդ ուղեփակոցը չի բացվում, որ մենք մտնենք մետրո։ Այսինքն՝ մեզ կեղեքում են, ապօրինի շորթում են՝ 50 և 100 դրամի փոխարեն պահանջելով 150 դրամ։ Գնում ենք մետրոպոլիտենի դրամարկղ, տալիս ենք 100 դրամ և խնդրում, որ մեզ տրամադրեն միայն մետրոյից օգտվելու տոմս, ոնց որ ժամանակին մեզ տալիս էին մետրոյի ժետոն՝ 100 դրամանոց, որով, բացի մետրոյից, որևէ այլ տեղ հնարավոր չէր տրանսպորտից օգտվել։ Հիմա ասում ենք՝ ժետոնը փոխարինել են, լավ, տվեք 100 դրամանոց միայն մետրոյից օգտվելու տոմս, բայց չեն տալիս»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նաև քաղաքացիներին կոչ է անում պահել մետրոյի կայարաններից գնված 150 դրամանոց ուղետոմսերը։ Oragir.News-ի հարցին, թե դրանցով հետագայում ի՞նչ է հնարավոր անել՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես հիմա հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որ շորթում ու ապօրինություն է տեղի ունենում, որպեսզի դա արագ կարգով դադարեցնեն և քրեական վարույթ նախաձեռնեն այդ հանցանքի համար։ Հիմա եթե այս մարդիկ իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվության ենթարկվեն, ով այդ ընթացքում մետրոյի համար ավելի շատ է վճարեն, բնականաբար 50 դրամները պետք է հետ վերադարձվի։ Որպեսզի մարդիկ հետագայում փոխհատուցում ստանալու հիմքեր ունենան, խնդրել եմ մետրոյից ձեռք բերված ուղետոմսերը պահել։ Երբ քրեական վարույթը ավարտվի, Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը և մյուսները պատասխանատվության ենթարկվեն, մարդկանց գումարներն էլ պետք է հետ վերադարձվեն»։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ քաղաքային իշխանությունները չեն կարող հետին թվով իրենց որոշման մեջ փոփոխություններ կատարեն ու նոր կարգավորումներ մտցնեն։ «Համենայնդեպս հունվարի 31-ի որոշման մեջ էլ դա չեն փոխել։ Այս պահի դրությամբ փաստ է՝ մետրոյի և տրոլեյբուսի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, փոփոխվել է միայն ավտոբուսների գինը, որի տոմսի տերը կարող է մետրոյից անվճար օգտվի, բայց միայն մետրոյից օգտվելու գնի փոփոխություն չկա, դա փաստ է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:50 Լճաշենցի 51-ամյա կինը խոստովանել է, որ ծծմբաթթուն ինքն է լցրել 24-ամյա տղայի վրա․ վերջինը մահացել է
20:12 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
18:00 Պատրա՞ստ եք ներողություն խնդրել ձեր թիմակցի ճղճիմ խոսույթի համար․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:28 Ո՞վ է պատասխան տալու նրա մահվան համար․ Տիգրան Արզաքանցյանի կինը լացում է
21:05 Տո ո՞վ են որ. Ագնեսա Խամոյանի հարցին պատասխանելիս Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
22:03 Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ. Փաշինյան
15:20 Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք
08:50 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
16:54 Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
18:44 Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «ГАЗель»-ն այրվել է. shamshyan.com