Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը գիտակցել իր պատասխանատվությունը․ հայտարարություն Շվեյցարիայից
copy image url

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը գիտակցել իր պատասխանատվությունը․ հայտարարություն Շվեյցարիայից

Ներքին 2 ամիս առաջ - 09:52 30-01-2025
Շվեյցարիայի հայ և հայամետ միությունների խորհուրդը (CAAS) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցյուրիխում Շվեյցարիայի հայկական սփյուռքի ղեկավարների հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։

Մենք այս հայտարարությունները համարում ենք վիճահարույց, քանի որ դրանք նսեմացնում են Հայոց ցեղասպանության հիշատակը և լուրջ հարցեր առաջացնում Հայաստանի կառավարության՝ մարդկության դեմ հանցագործության լիարժեք ընկալման և դրա միջազգային ճանաչման հանձնառության վերաբերյալ։

Ավելի քան կես դար շարունակ, Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է ինչպես զոհերի ժառանգների, այնպես էլ պատմական արդարության համար պայքարող կազմակերպությունների առաջնահերթությունը։ Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք հավատում ենք, որ այս ճանաչման կարևորության նսեմացումը կամ հարաբերականացումը անհամատեղելի է ամբողջ աշխարհի հայկական համայնքների սպասելիքների հետ։

Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատված են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների, այդ թվում՝ Շվեյցարիայի կողմից, որը 2003 թվականին իր Ազգային խորհրդի միջոցով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ամենակարևորը՝ այն ճանաչվել է հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս պայքարը քաղաքական տարաձայնություններից վեր է կանգնած և ներկայացնում է արդարության համընդհանուր ձգտումը։

CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին՝ գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է դրվի կասկածի տակ քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, և այն չպետք է հնարավորություն տա հայ ազգի հակառակորդներին օգտագործել նման հայտարարությունները մեր դեմ։ Մենք կոչ ենք անում վարչապետին հստակ պարզաբանել իր խոսքերը և միանշանակ կերպով վերահաստատել իր նվիրվածությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Նույնիսկ եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տարվող պայքարից, ապա CAAS-ի, սփյուռքի և Հայ դատի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի շարունակել պատմական պայքարը առանց դադարի։ Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների պատիվը և արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ այս պայքարը երբեք չդադարի՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ առկա խոչընդոտներից։

Մենք նաև կոչ ենք անում հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին մնալ միաբան և զգոն՝ մեր ընդհանուր արժեքներից հրաժարվելու փորձերի դեմ։ Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների արժանապատվությունը և պատմության դասերը չեն կարող զոհաբերվել կարճաժամկետ շահերի համար։

Ինչպես Հայաստանի կառավարությունը, մենք ևս ձգտում ենք տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության։ Մասնավորապես, CAAS-ը ստեղծվել է՝ արտահայտելու մեր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության հետ, հատկապես նրա ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերում։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ Սփյուռքն ու Հայաստանը պահպանեն իրենց միասնությունն ու հետևողականությունը միջազգային իրավունքին, արդարությանը և պատմական ճշմարտությանը նվիրվածության հարցում՝ այս դժվարին պահին։

CAAS-ը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման հարցում և կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ Շվեյցարիայում և միջազգային մակարդակով, նոր հանցագործությունները կանխելու, հիշողության պահպանման և արդարության խթանման ուղղությամբ։

Շվեյցարիայի հայ և հայամետ միությունների խորհուրդ (CAAS)

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել էր՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել էր վարչապետը։

Ք․ Ս․

Ձեզ գուցե հետաքրքրի