Անցած շաբաթ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ դիվանագիտական լարվածություն է առաջացրել։ Թրամփը կրկին շեշտել է Գրենլանդիայի ռազմավարական կարևորությունն ԱՄՆ-ի անվտանգության համար:
Թրամփի և Ֆրեդերիկսենի հեռախոսազրույցը «սարսափելի է անցել», գրում է Financial Times-ը։ ԱՄՆ նախագահը, պարբերականի աղբյուրների խոսքով, չնայած Կոպենհագենի վճռական մերժմանը, պնդել է, որ կղզին միանա ԱՄՆ-ին։
«Թրամփը շատ վճռական է։ Նախկինում դժվար էր լուրջ վերաբերել նրա խոսքերին, բայց հիմա իսկապես կարծում եմ, որ ամեն ինչ լուրջ է և պոտենցիալ շատ վտանգավոր»,- ասել է դանիացի պաշտոնյաներից մեկը։
Չնայած նրան, որ Ֆրեդերիկսենը փորձել է համագործակցություն առաջարկել ռազմական բազաների և օգտակար հանածոների արդյունահանման հարցերում, Թրամփը շարունակել է պնդել «միացման» իր գաղափարը։ «Շատ դժվար զրույց էր։ Նա սպառնացել է Դանիայի դեմ կոնկրետ միջոցներով»,- ասել է դանիացի նախկին պաշտոնյան։
Պաշտոնական Կոպենհագենի վարկածով՝ Մետտե Ֆրեդերիկսենը Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, և հայտարարել՝ կղզու բնակիչները պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրը, Թրամփը իր հերթին հասկացրել է, որ Գրենլանդիայի անվտանգությունը կարևոր է Միացյալ Նահանգների համար, քանի որ Չինաստանը և Ռուսաստանը զգալի ներդրումներ են կատարում Արկտիկայի տարածաշրջանում։
Նշենք, որ Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ նոր չէ. նա նման գաղափարներ էր հայտնել դեռ 2019 թվականին, երբ նրա վարչակազմում քննարկում էին կղզին գնելու հնարավորությունը: Այդ առաջարկը ժամանակին լուրջ քննադատության և տարակուսանքի տեղիք տվեց, այդ թվում՝ Դանիայի կողմից, որը կտրականապես մերժեց այն։