Ներքին 1 տարի առաջ - 21:17 17-01-2025

Նրա դատավարությունն ամբողջությամբ կաֆկայական է լինելու․ Բորիս Ակունինը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

Ռուս գրող, գիտնական-ճապոնագետ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ Բորիս Ակունինը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի։ Նա մասնավորապես գրում է․

Շատերն են տեղադրել Ռուբեն Վարդանյանի ուղերձը։ Ամենայն հավանականությամբ դուք արդեն կարդացել եք այն։ Բայց ես ուզում եմ միանալ այս աջակցության արշավին:

Ռուբեն Վարդանյանն ինձ համար հետաքրքիր և համակրելի դարձավ, երբ սովորական մեծահարուստից, որոնցից Ռուսաստանում տասնյակ հազարներով կա, վերածվեց մի մարդու, ով ամեն ինչ զոհեց հանուն իր հայրենի Հայաստանի, և բացի այդ, նա սկսեց մի հրաշալի մանկավարժական փորձ՝ Դիլիջանի դպրոցը։

Այն, որ Վարդանյանը մեկ տարուց ավելի պահվում է ադրբեջանական բանտում, ինքնին վրդովեցուցիչ է։ Իսկ հիմա պարզվում է, որ նրա դատավարությունն ամբողջությամբ կաֆկայական է լինելու։

Նամակն ամբողջությամբ վերատպում եմ.

«16 հունվարի, 2025թ.
Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:
Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:

2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:

3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:

Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից