Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն։ Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։
Հատկանշական է, որ հունվարի 8-ին Արարատ Միրզոյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ չէր հերքել այս տեղեկությունը։ Վաշինգտոնից արձագանքել էին Միրզոյանին՝ նշելով՝ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեն»։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալանյանը շեշտեց՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի հարաբերությունները խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կարող են լինել ողջունելի, որովհետև գործ ունենք համաշխարհային քաղաքականության առաջատարի հետ։ Ըստ նրա՝ այդ պետության հետ պետք է փորձել հնարավորինս ընդգրկուն և խորը հարաբերություններ հաստատել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության դիմադրունակության, կենսունակության և մրցունակության բարձրացման, ինչպես դա պետք է անել բոլոր այլ առանցքային խաղացողների հետ։
/Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան/«Ի վերջո Հայաստանն այդպիսի հարաբերությունները պետք է կառուցի ոչ թե ի հաշիվ որևէ այլ ուղղության, այլ՝ ի լրումն արտաքին քաղականության առաջնահերթությունների։ Այս իմաստով համաձայնագրի ստորագրումն անշուշտ ողջունելի է, բայց այո՛, կան հարցեր կապված այն հանգամանքի հետ, թե նոր վարչակազմի պայմաններում ինչպիսի՞նն է լինելու ամերիկյան քաղաքականությունը և նոր վարչակազմը որքանո՞վ է մեծ ուշադրության արժանացնելու Հայաստանի հետ հարաբերությունները և Կովկասը՝ ընդհանրապես»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով ընդամենը 6 օրից ստանձնելու է իր պաշտոնը, ինչպիսի դիրքորոշում կունենա այս համաձայնագրի վերաբերյալ՝ Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ սա էական հարցերից հարցերից մեկն է, քանի որ մենք տեսնում ենք՝ գոնե առայժմ չի նշմարվում այնպիսի մոտեցում, որ Կովկասը և Հայաստանի հետ աշխատանքը Թրամփի համար կլինեն առաջնահերթություն․ «Պետք է նկատել, որ այստեղ իհարկե առաջնային շահառուն պետք է լինի Հայաստանը ու Հայաստանը պետք է փորձի իր աշխատանքով էական ու արդյունավետ կապ հաստատել ու արդյունք արձանագրել Թրամփի վարչակազմի հետ։ Այսինքն՝ այս իմաստով գնդակը մշտապես գտնվում է Հայաստանի աշխատանքի դաշտում»։
Քաղաքական մեկնաբանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ մի քանի օր առաջ Վաշինգտոնից նշում էին, որ այս փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ասելիք չունեն, իսկ այսօր արդեն այն ստորագրվում է, ի՞նչ փոխվեց այս մի քանի օրվա ընթացքում։ «Ես կարծում եմ, որ այս պատասխանը երևի ավելի շատ եղել է իրավիճակային։ Հնարավոր է, որ քննարկումներ են եղել առ այն արդյոք կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ՝ հենց ամերիկյան ադմինիստրացիայի ներսում, գուցե եղել են չճշտված դետալներ Հայաստանի հետ։ Այսինքն՝ հասկանում ենք, որ անկախ ամեն ինչից այսպիսի փաստաթղթերի ստորագրումը բավականին դետալային համաձայնեցում է պահանջում և հնարավոր է, որ այդ համաձայնեցումը մինչ տվյալ պահը տեղի չէր ունեցել՝ դետալային մակարդակով»,- պատասխանեց նա։
Oragir.News-ի հարցին՝ այսօր ստորագրվելիք փաստաթուղթը որքանո՞վ կարող է զսպել Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան, ինչի մասին այս օրերին շատ է խոսվում՝ Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կարող է լինել այն մեխանիզմներից մեկը, որը թույլ կտա թեկուզ որոշակի աստիճանով բարձրացնել Հայաստանի անվտանգային միջավայրի կառավարելիությունը՝ Հայաստանի շուրջ առկա անվտանգային ռիսկերի կառավարելիությունը։ Բադալյանը հավելեց նաև՝ անկասկած սա այն մեխանիզմը չէ, որը թույլ կտա էական համոզվածություն ունենալ, որ դա Ադրբեջանի համար զսպող հանգամանք է լինելու։