Ինչո՞ւ է Փաշինյանը կրքեր բորբոքում Արևմտյան Հայաստանի մասին խոսույթով 
copy image url

Ինչո՞ւ է Փաշինյանը կրքեր բորբոքում Արևմտյան Հայաստանի մասին խոսույթով 

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:00 10-01-2025
Նիկոլ Փաշինյանի՝ Արևմտյան Հայաստանին վերաբերող հերթական գրառումը հիշեցրեց հայտնի ֆիլիմից մի դրվագ։ «Ոչ մի Ռիո դե Ժանեյրո չկա։ Ամերիկա էլ չկա, Եվրոպա էլ չկա։ Ոչինչ չկա։ Եվ ընդհանրապես՝ վերջին քաղաքն աշխարհում Շեպետովկան է, ուր զարնելով փշրվում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները»։ «Ոսկե հորթը» հայտնի ֆիլիմի հերոսի թևավոր դարձած այս խոսքը վերագրելի է նաև Նիկոլ Փաշինյանի հունվարի 9-ին կատարած գրառմանը Արևմտյան Հայաստանի վերաբերյալ։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անվերջ անդրադառնում այս թեմային, որը միայն հանրային կրքեր է բորբոքում։

Բազմաթիվ մասնագետներ են փաստարկել, որ Արևմտյան Հայաստանը աշխարհագրական տեղանուն է, որը եղել է և կիրառվել դարեր շարունակ։ Խորհրդային բռնազավթումից և Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրից հետո սովետահայ աղբյուրներում այս տեղանվան կիրառումն արգելվել է։ Թուրքիայի հետ եղբայրացած Ռուսաստանն, ըստ պայմանագրի՝ պարտավոր էր արգելել այնպիսի խոսույթի կիրառումը, որը վնասում է Թուրքիայի շահերին։ Իսկ Սառը պատերազմի թեժ շրջանում՝ 1960-ականներին կրկին ներմուծվել ու կիրառվել է Արևմտյան Հայաստանի մասին խոսույթը։ Խորհրդային կայսրության կործանումից հետո Ռուսաստանը կրկին վերականգնել է Թուրքիայի հետ եղբայրական հարաբերություններ։ Նրանք վերջին տարիներին մեծ շուքով նշում են Մոսկվայի 1921-ի եղբայրության պայմանագրի ստորագրման օրը։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Արևմտյան Հայաստան եզրույթի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարը տեղավորվում է ռուս-թուրք եղբայրների համատեղ պահանջի համատեքստում։

«1. Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան:
2. Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:
3. Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան»,- ասել է Փաշինյանը ընդգծելով, որ փախստականների հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից»,- գրել է Փաշինյանը:

Պարադոքսալն այն է, որ իրական Հայաստանի մասին խոսող Փաշինյանն արհամարհում է իրականությունը, որովհետև Արևմտյան Հայաստանը իրական աշխարհագրական տեղանուն է։ Հարկ է նկատել, որ ՀՀ որևէ պաշտոնյա պաշտոնական խոսույթում, տեքստերում, քաղաքական ամբիոններից երբեք չի կիրառել Արևմտյան Հայաստան եզրը։ Առաջինը Նիկոլ Փաշինյանն է խոսում Արևմտյան Հայաստանի մասին։ Այդպիսով անուղղակի նպաստում է այն ուժերի արթնացմանը, որոնք կարծում են, թե ՀՀ-ն պետք է տարածքային պահանջներ ներկայացանի Թուրքիային Արևմտյան Հայաստանի հողերի հանձնման մասին։

Հարկ է նկատել նաև, որ Թուրքիայի վերահսկողության տակ է ոչ միայն երբեմնի Արևմտյան Հայաստան աշխարհագրական տարածքը, այլև երբեմնի Արևելյան Հայաստան կոչվող աշխարհագրական տարածքի մի մասը՝ Կարսը, Սումալուն և այլն։ Այս տարածքները Թուրքիային են անցել Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով։ Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանի վերը մեջբերված գրառումը նշանակում է, որ նա խոստանում է կասկածի տակ չառնել այս պայմանագրի օրինականությունն ու դրանով վերապահված ռուս-թուրքական իրավունքները Հայաստանի նկատմամբ։

Հարկ է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական ենթադրյալ փոփոխությունները, որոնք զարգանալու են ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնամուտի առաջին շրջանում։ Ենթադրվում է, որ առաջին ամիսներին ԱՄՆ-ն կոշտացնելու է արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում կա՛մ Մոսկվան կապիտուլյացիա է ստորագրելու, հրաժարվելով տարածքային նկրտումներից, կա՛մ սկսվելու է համաշխարհային պատերազմ։

Այս խառը իրավիճակում Փաշինյանի այս խոսույթը վտանգավոր է, քանի որ իրապես սահմանափակում են ՀՀ իշխանության քաղաքական մանևրի հնարավորությունները։ Եվ մտավախություն է առաջանում, որ ՔՊ-ական իշխանությունը կարող է վարել ռիսկային քաղաքականություն, ՀՀ-ի նկատմամբ նոր ագերսիայի լեգիտիմության հիմքեր նվիրել չբարեկամներին։

Փաշինյանի այս գրառման վտանգավոր տողերից է նաև վերջինը՝ «լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»։ Սա զուտ ռուս-թուրք-ադրբեջանական պահանջ է։ Այն որևէ հիմնավորում չունի։ ԵԱՀԿ ՄԽ-ն միջազգային կառույց է։ Եվ եթե ՀՀ-ն առաջարկում է լուծարել այն, նշանակում է՝ ՀՀ-ն արհամարհում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի տարածաշրջանային հետաքրքրությունները։

Պարզ ասած՝ Փաշինյանը վտանգավոր խոսույթ է զարգացում, գրգռում վտանգավոր, ապապետական տրամադրություններ, առաջացնելով անվտանգային ռիսկեր։ Անհասկանալի է միայն, թե ինչու՞ է նա այդ ամենն անում աշխարհաքաղաքական կանխատեսելի փոփոխություններից առաջ։ Ուզում է հաճոյանա՞լ Մոսկվային, որը վաղը կարող է կապիտուլյացիայի ենթարկվել, թե՞ պատրաստվում է կանխատեսվող համաշխարհային պատերազմից առաջ անկյուն քաշվել, կրիայի պատյանի մեջ մտած առաջ տանել խաղաղության օրակարգը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված