Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:15 31-12-2024

2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ:

Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս:

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։

Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:

Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:

Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների հետ:

2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։

Ընթացիկ տարում զարգացել և ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:

Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի:

Փա՛ռք Նահատակներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության բանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան