Ավարտին է մոտենում 2024 թ․, որը լի էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ կորուստներով։
2024-ին ինչպես աշխարհը, այնպես էլ Հայաստանը անդառնալի կորուստներ ունեցան, որոնք ցնցեցին շատերին, մտորումների տեղիք տվին, ևս մեկ անգամ դիմացիններին արժևորելու առիթ դարձան։
Oragir.News-ն առանձնացրել է 2024 թ․ երկրային կյանքը լքած հայտնիներին։
2024 թ․ սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը։ Նա գտնվում էր ազատազրկման մեջ, այդ օրը դատական նիստի էր մասնակցել, որի ընթացքում նորմալ ինքնազգացողություն է ունեցել, սակայն զբոսանքի ժամանակ վիճակը կտրուկ վատացել է, իսկ ժամանած շտապօգնության բրիգադը ֆիքսել է Նավալնիի մահը։
Ոչ պակաս աղմկահարույց էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը։ Վերջինս և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացան ուղղաթիռի վթարի հետևանքով։ Չնայած շրջանառվող բազմաթիվ վարկածներին՝ պաշտոնապես հայտարարվեց ուղղաթիռի անսարքության վարկածը։
2024 թ․ է երկրային կյանքը լքել իսպանացի թարգմանիչ և բանաստեղծ Խոսե Մարիա Ալվարեսը։
Կինոսերներին հատկապես ցնցեց բոլոր ժամանակների սրտակեր, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահը։ Իր կյանքի 88 տարիների ընթացքում Ալեն Դելոնը հասցրել էր նկարահանվել 90-ից ավելի ֆիլմերում։
Ընդամենը 53 տարեկանում երկրային կյանքը լքեց ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։
Մեզ համար հատկապես կարևոր են 2024 թ․ կորուստները հայերի շրջանում։
2024 թ․ հայագիտությունը կորցրեց իր 4 մեծերին՝ գրականագետ Սերժ Սրապիոնյանին և Արմեն Ղազարյանին, Ֆելիքս Բախչինյանին, ինպես նաև լեզվաբան, գրաբարագետ Լալիկ Խաչատրյանին։ Գրականությամբ և հատկապես չարենցագիտությամբ հետաքրքրված հասարակության համար անդառնալի էր Եղիշե Չարենցի կրտսեր դստեր՝ Անահիտ Չարենցի մահը։
2024 թ․ երկնային ուղին բռնեց ազգագրական պարերի մասնագետ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նրան ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարի և չդադարող ծափերի ուղեկցությամբ
Հայ թատրոնի համար անդառնալի էր դերասանուհի Լալա Մնացականյանի, դրամատուրգ Սամվել Խալաթյանի, Գևորգ Սարգսյանի մահը։
Հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի մահով ոչ միայն հայ ժողովուրդը, այլև համաշխարհային գիտական միտքը մեծ կորուստ ունեցավ։