ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հայտնեց, որ 2 օր առաջ իր մոտ քովիդ է ախտորոշվել, սակայն այսօր առավոտյան պատասխանը եղել է բացասական։
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:
Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի»,- գրել էր Փաշինյանը, բայց չի պարզաբանել, թե օրինակ՝ ինչպե՞ս որոշեց քովիդի թեստ հանձնել, ի՞նչ ախտանշաններ են եղել իր մոտ։
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Աողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդի տարածվածության մասին որևէ տեղեկատվություն չի ներկայացրել, ուստի չենք կարող գաղափար կազմել քովիդի տարածվածության մասին։ Հարցին՝ հնարավո՞ր է քովիդով վարակվելուց 2 օր անց թեստը բացասական ցույց տա, թե՞ դա ենթադրում է, որ ավելի վաղ է արձանագրվել, պարզապես՝ ավելի ուշ է հայտնի դարձել, մասնագետը պատասխանեց․
«Էպիդեմիոլոգիական առումով 2 օր մեկուսացումից հետո նորից բացասական պատասխան ունենալը կախված է քովիդի շտամի տեսքից, վիրուլենտությունից, բայց, քանի որ մենք տեղեկություն չունենք այդ մասին, չեմ կարող մեկնաբանել, դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։
Եթե 2 օր հետո բացասական պատասխան է ստացել, ենթադրվում է, որ վարակվածությունն ավելի շուտ է եղել»։
Oragir․News-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակագրություն կա քովիդով պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ, որո՞նք են հիմնական շտամները, որքա՞ն է տևում հիվանդությունը։
«Դեկտեմբերի 25-ի դրությամբ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է քովիդով հիվանդության 29 դեպք, հարկ է նշել, որ հիվանդությունը հաճախ ընթանում է անախտանիշ, որի արդյունքում կարող է դիտվել ցածր դիմելիություն և հայտնաբերելիություն։ Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս շրջանառվում է «Օմիկրոն»-ի տարատեսակը։ Ինչպես շնչառական վարակները, այնպես էլ կորոնավիրուսային հինադությամբ պայմանավորված վիճակը միջին ակտիվության փուլում է»,- հայտնեցին նախարարությունից, ապա հավելեցին, որ քովիդը վարակիչ է, ուստի պետք է մեկուսանալ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին վարել է Կառավարության նիստը՝ շփվելով նախարարների և պետական այլ գերատեսչությունների ղեկավար կազմի հետ։
Դեկտեմբերի 20-ին Փաշինյանը գնացել է Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, մասնակցել նորնշանակ նախարարների՝ երդման արարողությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Այդ օրը տեղի ունեցավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը։
Մյուս տեսանյութերն ու գրառումները եղել են Կառավարական ամառանոցից, որտեղ շփվել է ընտանիքի անդամների հետ, նկարել կնոջը՝ Աննա Հակոբյանին, և նկարները տեղադրել սոցցանցերում։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ քովիդի դրական պատասխանը ստանալու և դրա հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-24, մեկուսացել է Կառավարական ամառանոցում, այնտեղից է աշխատել, բայց նրա հետ շփված կինը՝ Աննա Հակոբյանը, հենց նույն օրը՝ դեկտեմբերի 23-ին, «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում այցելել էր Ջերմուկ և Վայոց ձորի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցել։

Ավելին, երեկ՝ դեկտեմբերի 24-ին, երբ Փաշինյանը դեռ համարվում էր քովիդով վարակված, Հակոբյանը ներկա է եղել Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված ջազ համերգին։

Այս գրառման ներքո Հակոբյանը կրկին խոսել էր կրթվելուց, բայց շատերը հենց նրան են կոչ անում կրթվել և վարակակիր ամուսնու հետ շփվելուց հետո հանրային վայրեր չայցելել, մարդկանց հետ չշփվել։
Ընդ որում, մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե արդյոք Աննա Հակոբյանը,ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանի հետ շփված մյուս անձինք քովիդի թեստ հանձնե՞լ են, թե՞ ոչ։
Ի դեպ, որ հասարակական-քաղաքական գործիչները նշում են, որ Փաշինյանը հնարել է քովիդով վարակվելու մասին լուրը, որ չմասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Նարեկ Խաչատրյան