Ալիևը վստահ է, որ կրճատված անձնակազմով էլ Փաշինյանի ղեկավարած բանակին կհաղթի
copy image url

Ալիևը վստահ է, որ կրճատված անձնակազմով էլ Փաշինյանի ղեկավարած բանակին կհաղթի

Խոսք Ներքին 4 ամիս առաջ - 19:30 19-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանում կրճատվում է զինված ուժերում ծառայության հետ կապված զինծառայողների տարիքային շեմը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ժամկետային զինծառայողները կհամարվեն 18-ից 30 տարեկան Ադրբեջանի արական սեռի քաղաքացիները, որոնք ենթակա են նախնական զինվորական հաշվառման և չեն անցել պարտադիր ակտիվ զինվորական ծառայություն։ Գործող օրենսդրությամբ տարիքային շեմը 18-ից 35 տարեկանն է։

Բացի այդ, ներկայումս այդ երկրում քննարկումներ են ընթանում՝ պարտադիր զինծառայության ժամկետը 1 տարի 6 ամսից մինչև 1 տարի կրճատելու ուղղությամբ։

Հատկանշական է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ուղղված հերթական սպառանալիքներն է հնչեցրել, ինչից հետո փորձագետները համոզմունք են հայտնում, որ վերջինս մտադիր է Հայաստանի դեմ նոր ագրեսիա սանձազերծել։ Այս համատեքստում հետաքրքրական է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը կրճատում պարտադիր զինվորական ծառայության ժամկետն ու տարիքային շեմը, երբ թվում է՝ պատերազմի պատրաստվող երկիրը պետք է հակառակն աներ։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապես Հայկ Նահապետյանը նշեց, որ այստեղ հակասություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնում է, որ իր ունեցած զիվորական անձնակազմը՝ անգամ տարիքային շեմը իջեցնելուց հետո, բավարար է՝ Փաշինյանի ղեկավարած բանակին դյուրին կերպով հաղթելու համար։

«Որևէ հակասություն չեմ տեսնում այստեղ՝ հաշվի առնելով նաև, որ Ադրբեջանը տարեկան նվազագույնը 16 զորավարժություն է անցկացնում, զինվում է նորագույն զինատեսակներով, Ադրբեջանի ռազմական բյուջեն անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանի ռազմական բյուջե, բանակի պրոֆեսիոնալիզմն ու մոտիվացիան շատ ավելի բարձր է։ Ուստի ինքը որևէ խնդիր չի տեսնում՝ անգամ զինծառայության ժամկետը կրճատելուց հետո»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ինչո՞ւ է ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը փորձում կրճատել և դա պատճառաբանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անհաժեշտությամբ։ Ըստ նրա՝ այս իրավիճակում Հայաստանը պետք է հակառակն աներ․ «Հակառակը, քեզ մոտ թվաքանակը պետք է ավելանա, բայց ինքն ինչո՞ւ է իջեցնում, որովհետև ինքն ուզում է պարտվի ու դրա մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաշալիորեն իրազեկված է»։

Հայկ Նահապետյանն անդրադարձավ նաև վերջերս հրապարակված բանակի կերպափոխման հայեցակարգին՝ նշելով․ «Բառ են գտել․ բանակը կերպափոխում են օրվա իշխանությունները, ինչը նշանակում է, որ մեր բանակը սկզբունքորեն մարտական խնդիր չի դրել Ադրբեջանի հարձակման դեպքում արդյունավետ կերպով պաշտպանվել։ Խնդիր է դրվել բանակը բերել ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին և օգտագործվել ՆԱՏՕ-ի կողմից՝ աշխարհի տարբեր մասերում ընթացող ռազմական բախումներում մասնակցելու համար։ Ի դեպ, երեկ ուկրաինացի լրագրողը, ով կապված է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ, հայտարարել է՝ սկզբունքորեն չի բացառվում, ու ՆԱՏՕ-ի 170 հազարանոց զինանձնակազմը մտնի Ուկրաինա, որի կազմում կարող են մի քանի հազար հայ զինծառայողներ լինել։ Սա էլ Ձեզ հայկական բանակի ալֆան ու օմեգան, թե ինչ է պատրաստվում Փաշինյանը։ Նա Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու խնդիր չի դրել, որովհետև այն ինչ Ադրբեջանն ուզում է, ինքը պատրաստ է տալ։ Ինքը խնդիր է դրել իր իշխանությունը պահպանել, իսկ դրա գինն ինքը տեսնում է հավաքական արևմուտքին, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու Պենտագոնին հլու-հնազանդ ծառայելու մեջ, դրա համար էլ մեր զինուժին կարող է ներգրավել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների մեջ»։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանն այս փուլում արկածախնդրության գնա ու պատերազմ սկսի՝ Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ չի բացառում նման հնարավորությունը, հատկապես Ալիևի երեկվա հարցազրույցից հետո, որում վերջինս Հայաստանին փաստացի վերջնագիր ներկայացրեց։ Նա մեր ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ Ալիևը երեկ հարցազրույց էր տալիս ռուսական հեռուստաընկերությանը, ինչը նույնպես իր մեջ մեսիջ էր պարունակում։

«Քանի որ Ռուսաստանը միջնորդ է, ինքն այդ միջնորդի ներկայությամբ բացում է բոլոր խաղաքարտերը, որոնցով ինքը Հայաստանին պարտադրում է կատարել իր կողմից ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝ ասելով, որ միջազգային հայցերից կհրաժարվի՝ 150 մլրդ դոլար արժողությամբ, բայց դրա գինը ո՞րն է, Հայաստանն ինչի՞ց պետք է հրաժարվի, այդ ի՞նչ միջազգային հարց է, որ 150 մլրդ դոլար արժի։ Ես կարծում եմ, որ դա 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» գինն է, ինչի մասին Ալիևն ասեց ու ամենայն հավանականությամբ Փաշինյանն իր համաձայնությունը տվել է դրան»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված