Oragir.News-ը ներկայացնում է մամուլը տեսանյութով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ում դժգոհ են 3 կուսակցություն փոխած խմբակցության ղեկավար Կոնջորյանից։ Հայկ Կոնջորյանը, ով խմբակցության ղեկավարն է, չի տիրապետում գործընկերների հետ անգամ վարվեցողության տարրական կանոններին, չի կարողանում փոխհարաբերվել, կոնֆիդենցիալություն պահել չգիտի, ու դեռ խոսում է արտահոսքերի անթույլատրելիության մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի պատճառով պետությունը ոչ թե տասնյակ միլիոններ է կորցրել, այլ, ընդհանուր հաշվարկով, վնասը հասնում է 25 միլիարդ դրամի կամ մոտ 63 մլն դոլարի: «Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր վճարելով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ. գնդակն արդեն ՀՀ Ազգային ժողովի դաշտում է: Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը նախորդ շաբաթ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը» մուտք են արել խորհրդարան: Նախագիծը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում է, 1 ամիս քննարկումներից հետո՝ այն 2025 թվականին կմտնի ԱԺ օրակարգ:
ԱԺ կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին շատ է մտահոգում, որ թեեւ 2022 թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ ՀՀ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն ձեռք է բերել 21,875 տոկոս բաժնեմաս, բայց ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխել դա: Պատգամավորն ասել է, որ փոխարենը հարստանում են ՔՊ-ական կամ նրանց հարող պաշտոնյաները։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հրապարակ օրաթերթը գրում է․
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները։
Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաեւ լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ։
Թերթը նաև գրում է․
ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգեւավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, քրքրել նրանց գործունեությունը՝ չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։ Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գեւորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ: