Ներքին 1 տարի առաջ - 18:33 10-12-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ուղղված հայ-իտալական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիվանագիտական գործունեության համար: Երեք տարվա աշխատանքի ընթացքում Դուք կարողացաք նոր շունչ հաղորդել հայ-իտալական հարաբերություններին, որը շատ կարևոր էր Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում: Խոսքը վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և Հայաստան-ԵՄ գործակցությանը: Ձեր գործունեությունն, անկասկած, միտված է եղել մեր երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել է նախագահը և հաջողություններ մաղթել Ալֆոնսո Դի Րիզոյին իր հետագա գործունեության մեջ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարյացկամ վերաբերմունքի համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Իտալիայի միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև մշակութային համագործակցության խորացումը՝ ներառելով համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ և մշակութային փոխանակումներ, որոնք արտացոլում են երկու ժողովուրդների հարուստ պատմական և մշակութային ժառանգությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ