Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ․ «Օրենքով նախատեսված» խտրականություն» զեկույցը։ Այս զեկույցն անդրադառնում է վարժական հավաքների օրենքի բացերին եւ դրա հետեւանքով խտրականության եւ հայեցողության չարաշահման մեծ հնարավորություններին։
Վերլուծության նպատակով իրականացվել է իրավական եւ լրատվական դաշտի ուսումնասիրություն, անցկացվել են հարցազրույցներ վարժական հավաքների մասնակիցների եւ, մասնակցելու ծանուցումներ ստացած քաղաքացիների հետ։
«Վարժական հավաքները» ի սկզբանե նախատեսված են եղել պահեստազորի ռազմական ունակությունները պարբերաբար բարձրացնելու համար, սակայն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո դարձել են լրացուցիչ զինվորական ծառայության լիակատար տեսակ, որի հիմնական նպատակը պահեստազորի ուժերով հայ-ադրբեջանական շփման գծում մարտական հերթապահություն կազմակերպելն է։
Զեկույցում նշվում է, որ վարժական հավաքների ընթացքը ուղեկցվել է բազմաթիվ խնդիրներով՝ ոչ պատշաճ ծանուցումներ եւ բուժզննումներ, ռազմական պատրաստության ոչ բավարար ժամանակ եւ որակ, վատ կենցաղային պայմաններ եւ այլն։
Սակայն ավելի մտահոգիչ է այն, որ իշխանությունները վարժական հավաքները որպես սպառնալիք եւ պատժամիջոց են օգտագործում ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ։
Վարժական հավաքներով ընդդիմադիր ցուցարարներին սպառնալու առաջին դեպքը արձանագրվել էր 2022թ. մայիսին՝ ընդդիմության կազմակերպած «Դիմադրության շարժման» բողոքի ցույցերի ընթացքում12։ Իշխող ՔՊ խմբակցության ԱԺ պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին՝ հավաքների ընթացքում բերման ենթարկված անձանց տվյալները փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «ենթադրելով», թե ցուցարարները «եռամսյա վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն են»։ Հայտարարությունը ողջունել էին ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը, ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, իսկ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել էր, որ հավաքներից բերման ենթարկվածների ցուցակը կուղարկեն ՊՆ։
Զեկույցում անդրադարձել են նաև օրենքի բացերին։ Օրինակ, վարժական հավաքների պարագայում, ըստ օրենքի, պահեստազորայինները ոչ թե կանչվում են, այլ կարող են կանչվել վարժական հավաքների՝ որոշակի ժամկետով։ Այսինքն՝ կոնկրետ պահեստազորայինին վարժական հավաքներում ներգրավելը կախված է համապատասխան մարմնի, տվյալ դեպքում՝ ՀՀ ՊՆ եւ նրա համապատասխան ստորաբաժանումների հայեցողությունից։
Անհավասար է բաշվում նաև պաշտպանության բեռը․ վարժական հավաքների, հետեւաբար՝ նաեւ մարտական հերթապահության ներգրավվելու բեռը կարող է ոչ հավասարաչափ բաշխվել պահեստազորային վրա։ Օրինակ՝ մի պահեստազորայինը կարող է 4 անգամ մասնակցել 25 օրյա հավաքների՝ գումարային 100 օր եւ հետագայում այլեւս ենթակա չլինել վարժական հավաքներին ներգրավվելու, իսկ մեկ ուրիշը կարող է ծառայել ամբողջ մեկ տարի՝ 3.5 անգամ ավելի։
Վարժական հավաքների ներգրավման խտրական մեխանիզմը այսքանով չի սահմանափակվում։
Օրենքում կարգավորված չէ, թե ով է «ընտրելու» այն աշխատակիցներին, որոնք պետք է մասնակցեն «վարժական» հավաքներին՝ ՊՆ-ն թե գործատուն։ Բացի այդ, օրենքում որեւէ խոսք չկա նրանց մասին, ովքեր որեւէ գործատուի մոտ չեն աշխատում կամ առհասարակ չեն աշխատում։ Խտրականություն է ցուցաբերվում նաև արցախցիների նկատմամբ։
Ամբողջական զեկույցն՝
այստեղ