Մանր ժուլիկություն. Կենտրոնի թաղապետի ընկերությունը մանիպուլացնող հարցում է իրականացրել
copy image url

Մանր ժուլիկություն. Կենտրոնի թաղապետի ընկերությունը մանիպուլացնող հարցում է իրականացրել

Ներքին 4 ամիս առաջ - 16:05 06-12-2024
Օրերս IMR-ը մարքեթինգային հետազոտական ընկերությունը հեռախոսային հարցում է անցկացրել, հետաքրքրվել, թե ի՞նչ դիրքորոշում ունեն մայրաքաղաքում հատված ծառերի և դրանց փոխարեն նորերը տնկելու վերաբերյալ։

Սակայն, ինչպես հարցված քաղաքացիներն են նշում, հարցերը այնպես են կազմված եղել, որ չվնասեն քաղաքային իշխանությանը, մասնավորապես՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Խնդրի մասին բարձրաձայնել էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որին ևս զանգահարել և հարցեր են ուղել։

«Օրինակ, հարցնում են՝ «Անցյալ տարի հատվեցին բազմաթիվ ծառեր և դրանց փոխարեն տնկվեցին նորերը։ Այդ հարցի շուրջ քաղաքացիները բաժանվեցին երկու մասի։ Մի խումբը կողմ էր ոչ կենսունակ ծառերի հատմանը, իսկ մյուս խումբը՝ դեմ էր։ Դուք ո՞ր խմբին եք պատկանում»։

Հիմա՝ ո՞նց ասես «դեմ եմ» - ո՞նց կարելի ա «ոչ կենսունակ» ծառերը կտրելուն դեմ լինել։ Ուրեմն՝ պիտի ասել՝ կո՞ղմ եմ։ Բայց ո՞նց ասես՝ «կողմ եմ» - չէ՞ որ հետո դա կներկայացնեն, որպես ծառերը հատելու իրենց հանցավոր որոշմանն աջակցություն։

Ու տենց ուրիշ «մանր ժուլիկություններ»»,- գրել էր Մելիքյանը։

Oragir.News-ը պարզեց, որ հարցում իրականացնող ընկերության հիմնադիրը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ներկայիս ղեկավար Պետրոս Պետոյանն է, ինչը արդեն ենթադրում է, որ հարցումը չի կարող անաչառ լինել։

Արդյոք IMR-ն ինքնակա՞մ է նման հարցում իրականացրել, թե՞ այն պատվիրված է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար կապ հաստատեցինք նշված ընկերություն, որտեղից պատասխանեցին, որ պատվիրատուն քաղաքապետարանը չէ, այլ մասնավոր ընկերություն, որի անունը, սակայն, չեն կարող նշել։

Ինչ վերաբերում է հարցի բովանդակությանը, որը քաղաքացիների բնորոշմամբ մանիպուլացնող է, ընկերության տնօրեն Գայանե Բախշյանն այսպես արձագանքեց.

«Հարցերի ձևակերպումները կատարելիս մենք հղվում ենք ճշգրիտ որակումներին, այնպես, ինչպես որակավորված են տվյալ հասկացությունները, մենք հարցման ընթացքում այդպես էլ հնչեցնում ենք։ Մենք ամենևին մոլորեցնելու, մանիպուլացնելու միտում չունենք, մենք անկախ հետազոտական ընկերություն ենք։

Քանի որ այդ ծառերը հատվելիս հաղորդագրությունը եղել է, որ դրանք ոչ կենսունակ են եղել, մենք բնականաբար մեր հարցման ընթացքում այդպես էլ կիրառում ենք, բայց սանդղակը, որով մենք գնահատում ենք, բավական ճկուն է՝ ավելի շուտ կողմ եմ, այդքան էլ կողմ չեմ, խիստ դեմ եմ։ Մասնակիցներն իրենք խոսում են և իրենք հենց այդ մասին մեզ ահազանգում են։

Այսինքն՝ վերլուծության ժամանակ մենք դրան անդրադառնում ենք»։

Ճշտող հարցին, իսկ հետևե՞լ եք այդ գործընթացին, տեղյա՞կ եք, որ եղել են դեպքեր, երբ կենսունակ ծառեր են հատվել, և այդ մասին, ինչպես ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները, այնպես էլ շարքային քաղաքացիները տեսանյութերով ահազանգել են, ինչո՞ւ դա չի երևում ձեր կողմից իրականացված հարցման մեջ, IMR-ի տնօրենը պատասխանեց.

«Շատ շնորհակալություն, մենք դա հաշվի կառնենք անպայման հետագայում։ Մենք վիճակագրական հետազոտական ընկերություն ենք և երբ ընտրանք ենք կազմում, մենք հղվում ենք վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող ցուցանիշներին, շատ ու շատ կառույցներ վերապահումով են մոտենում այդ ցուցանիշներին։ Հիմա մենք ի՞նչ անենք՝ չհղվե՞նք։ Մենք ուղղակի ուրիշ աղբյուր չունենք, աղբյուրը այն է, ինչ որ որակվել է, ինչպես թերթերում է գրվել, ինչպես պաշտոնական տեղեկատվությամբ ասվել է...»։

Դիտարկմանը, որ թերթերում (ԶԼՄ-ներում) հակառակի մասին ևս գրվել է, Գայանե Բախշյանն ասաց.

«Այո, բայց մենք չենք կարող շատ հակառակ կարծիքներ վերցնել և սարքել մի հատ հարց, որը հակասական է։ Մենք հարցը պետք է ուղիղ տանք և այս պարագայում հետևել ենք պաշտոնական լրատվությանը։ Ձեր մատնանշած խնդիրը մենք մեր հետազոտությամբ մատնանշում ենք, որ մի ստվար զանգված ամենևին դեմ է որևէ ծառերի հատմանը, դա կլինի կենսունակ, թե չի լինի կենսունակ, մյուս մասն ասում է, եթե իրոք կենսունակ չեն, ապա թող հատվեն...»։

Հաշվի առնելով, որ IMR-ի ընկերության հիմնադիրը Պետրոս Պետոյանն է, և վերջինս այժմ զբաղեցնում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, արդյոք դա որևէ ձևով ազդե՞լ է այս հարցման վրա, քանի որ քննադատություն կա, որ հենց այդ հանգամանքը հիմք է հանդիսանում, որ հատյկապես քաղաքային իշխանություններին վերաբերող հարցերը հնարավորինս մոլորեցնող լինեն, որպեսզի որևէ կերպ չվնասեն վերջիններիս, հարցրեցինք ընկերության տնօրենին։ Գայանե Բախշյանը պատասխանեց, որ Պետրոս Պետոյանի կողմից ուղիղ ներգործություն առկա չէ։

Նշենք, որ Պետրոս Պետոյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2024 թվականի մարտի 19-ին։