Երեկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների իրականացրած գործադուլի ընթացքում համացանցում
տեսանյութ տարածվեց, որից պարզ դարձավ, որ Երևանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցը վարում է 61 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ավելին՝ ՀՈԱԿ-ի աշխատակցի խոսքից պարզ է դառնում, որ նրա մոտ չկա վարորդական վկայական, և նա ծանոթ չէ նշված երթուղուն, որով ինքը պետք է վարեր ավտոբուսը։
Այս տեսանյութը համացանցում բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Օրինակ՝ արդյոք տվյալ աշխատակիցը բուժզննում անցե՞լ է, թե՞ ոչ, սթափությունը ստուգվե՞լ է, թե՞ ոչ։ Ի վերջո, ո՞վ է որոշել և ինչ հիմքով, որ կարող է կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցը ավտոբուս վարի։
Oragir․News-ը այս հարցերի պատասխանը ստանալու համար կապ հաստատեց Երևանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։ Վերջինս ասաց, որ այդ որոշումն ինքն անձամբ է կայացրել՝ հաշվի առնելով Երևանի հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված ճգնաժամը։
«Երբ առավոտյան իմացանք, որ Երևանը կոլապսի է վերածվել տրանսպորտի գծով, մենք որպես նույն կառույցում աշխատող հիմնարկ, մենք մեր ավտոպարկում ունեինք մարդ, ով նախկինում աշխատել է որպես մեծ ավտոբուսի վարորդ, ունի «Դ» կարգ, այժմ մեզ մոտ ջրցանի վարորդ է, չգիտեմ՝ ինչ պատճառով է եկել մեզ մոտ։ Ես խնդրեցի, որ, եթե կան մարդիկ, որ ունեն «Դ» կարգ և ունեն աշխատանքային փորձ, գործուղեմ դեպի «Երևան ավտոբուս» ՓԲԸ, որպեսզի այդ ճգնաժամային պայմաններում, եթե իրենց անհրաժեշտությունը լինի, օգնեն, մեր քաղաքացիներին տուն հասցնեն։
Ինչ վերաբերում է, որ այդ պահին վարորդականն իր մոտ չի եղել, ինքը վարորդական իրավունքը արդեն տվել էր այնտեղ՝ տնօրենությանը, որպեսզի համոզվեին, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ից եկած անձը ունի այդ իրավունքը, այդ պահին վարորդական իրավունքը մնացել էր տեղում։ Տվյալ աշխատակիցը այդ ավտոբուսը այդ պահին տեղափոխելիս է եղել մեկ այլ ավտոպարկ։ Չգիտեմ՝ նա հետագայում մարդ կտեղափոխեր, թե չէր տեղափոխի, բայց ամեն դեպքում ինքը մի հավաքակայանից այդ ավտոբուսը իջեցնելիս է եղել մեկ այլ հավաքակայան»,- ասաց Արմեն Բեգոյանը։
Դիտարկմանը, որ տեսանյութում վարորդը չի ասում, որ ավտոբուսը տեղափոխում է հավաքակայան, ավելին՝ նշում է, որ երթուղին 80 տոկոսով գիտի, ինչը ենթադրում է, որ նա պատրաստվում էր երթուղի դուրս գալ, Արմեն Բեգոյանն այսպես արձագանքեց.
«Որքանով ես գիտեմ, այդ վարորդը ավտոբուսը տեղափոխելիս է եղել Լենինգրադյան փողոցում գտնվող ավտոպարկ, որտեղից անհրաժեշտության դեպքում իրեն պետք է տրվեր երթուղու սխեման։ Քանի որ դա արդեն իմ ոլորտը չէ, այդ մարդուն հանձնել էի մեկ այլ հիմնարկի տրամադրության տակ և ինքս չէի տիրապետում, չեմ կարող ասել, թե հիմնարկի տնօրենությունը ինչ որոշում կկայացներ։ Գիտեմ, որ գիծ դուրս գալու պարագայում անպայման իր հետ ուղեկցող անձ էր լինելու։
Բայց այդ մարդը, դեռ երթուղի չմտած՝ ավտոբուսը մի հավաքակայանից մեկ այլ հավաքակայան տեղափոխելիս, շատ վատ ձևով այդ ավտոբուսի առաջը կտրել է քաղաքացին՝ ստեղծելով վթարային իրավիճակ, փորձել է այդ մարդուն իջեցնել ավտոբուսից։ Երեկ երեկոյան ուշ ժամի մեր ավտոպարկի պետը զեկուցել է, որ օգնության ուղարկած մեր վարորդի հետ նման միջադեպ է տեղի ունեցել, որ ընթացքի մեջ, սեփական ավտոմեքենայով ավտոբուսի դեմը կտրել են»։
Ճշտող հարցին՝ Երևանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում կա՞ն աշխատակիցներ, որոնք այս պահին գծում են՝ ավտոբուս են վարում, Արմեն Բեգոյանը բացասական պատասխան տվեց։
«Ոչ։ Այսօր նման անհրաժեշտություն չի եղել, ես հարցրել եմ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենին, մեր վարորդը իր գործն է կատարում։ Այդ վարորդը երեկվա միջադեպից հետո ևս երթուղի դուրս չի եկել։ Այսինքն՝ մեր ՀՈԱԿ-ից որևէ մեկը երթուղի դուրս չի եկել»,- ասաց Բեգոյանը, ապա շեշտեց, որ այդ որոշումն իր կողմից էր կայացվել։