Ներքին 1 տարի առաջ - 18:08 03-12-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ օրենքի նախագծում առկա մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային քննարկումներն ու համատեղ ջանքերը ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, այնպես էլ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ:

Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մշակութային ժառանգության ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցության համար: Դրանցից մեկը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տրված դրամաշնորհն է՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության այլ հնարավորություններին, այդ թվում՝ 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գործող տուն-թանգարանի և Հայաստանի թանգարաններից մեկի հետ համատեղ ցուցադրության կազմակերպմանը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան