Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումները համատեղ հունիսին ստուգայց էին կատարել երևանյան մերսման սրահներում։ Ստուգայցին հաջորդել էր 4 մերսման սրահների գործունեության կասեցումը։ Քաղաքապետարանից հայտնել էին, որ պատճառն առանց թույլտվության գործունեություն իրականացնելն է։
Oragir.News-ը ֆիքսել է, որ Պարոնյան փողոցում այս պահին շարունակում են գործունեություն ծավալել մերսման սրահները։ Արդյոք քաղաքապետարանը թույլտվություն տվե՞լ է, արդյոք վերահսկվո՞ւմ է, թե ինչ գործունեություն են ծավալում այնտեղ։
Համենայն դեպս՝ հունիսին մերսման սրահ մտած քաղաքապետարանի պաշտոնյան մերսման սրահի աշխատակցին հարցրել էր՝ ի՞նչ գործունեություն եք ծավալում, վերջինս էլ պատասխանել էր՝ սիրողական մերսում։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետարանից։
«Այդ ստուգայցը, որն իրականցրել ենք ու պարբերաբար իրականացնում ենք, կատարել ենք ոստիկանության և քննչականի հետ համատեղ։ Երևանի քաղաքապետարանը տվյալ օբյեկտների գործունեությունը դադարեցնելու լիազորություն չունի։ Մենք այդ շրջայցները իրականացնում ենք, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169 հոդվածի 16-ի 14-րդ կետում հետևյալ տողը կա՝
«Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (բացառությամբ հեստապարային ակումբի) գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Եվ եթե մի տարվա ընթացքում կրկնվում է այդ խախտումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։
Այդ ստուգայցի ընթացքում հենց այդ դրույթն է խախտված եղել, որի հիմքով Երևանի քաղաքապետարանը ոստիկանության և քննչականի հետ համատեղ ստուգայց ենք արել, քանի որ Երևանի քաղաքապետարանը լիազորություն չունի նրանց գործունեությունը դադարեցնելու, որպես ՏԻՄ մարմին՝ մեզ դա լիազորված չէ»,- հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, ապա հավելեցին, որ քաղաքապետարանը կարող է ինքնուրույն ստուգայցեր իրականացնել, սակայն լինում են դեպքեր, երբ նշված օբյեկտների աշխատակիցները խոչընդոտում են իրենց մուտքը։ Նման իրավիճակներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մշտապես ստուգայցերն իրականացնում են իրավապահների հետ համատեղ։
Վստահաբար՝ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ այլ մարմին չի կարող ասել, թե մերսման սրահներում «ինտիմ ծառայություններ» մատուցվում են, թե ոչ։
Տպավորություն է, որ քաղաքային իշխանությունները և իրավապահ մարմինները միայն իրենց փողի տերն են, կարևորը՝ թույլտվության գումարը վճարված է։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին քաղաքապետարանի և իրավապահ մարմինների համատեղ իրականացրած ստուգայցից հետո Երևանում մերսման 4 սրահի գործունեություն կասեցվել էր։