«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով դեռևս ամիսներ առաջ զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, վերջին ամիսներին կրկին դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում։ Իրեն կլասիկ քաղաքական գործիչ համարող Մարուքյանը ընդդիմադիր գործունեության ոչ այնքան կլասիկ ձևաչափ է ընտրել՝ առավելապես քննադատելով ոչ թե կառավարության գործող ղեկավարին, այլ Հայաստանի նախկին նախագահներին։ Կարճ ասած՝ Մարուքյանն իրեն վերապահել է ոչ թե իշխանությանը, այլ գործող խորհրդարանական ընդդիմությանն ընդդիմանալու գործառույթները։
Կարծում ենք, որ Փաշինյանից տարանջատվելու Մարուքյանը փորձերը պայմանավորված են այն հանգամանքով, որ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, ու կլասիկ քաղաքական գործիչը ձգտում է ամեն գնով հայտնվել հաջորդ գումարման խորհրդարանում։ Արտասովոր ոչինչ չկա, երբ քաղաքական գործիչը ցանկանում է հայտնվել խորհրդարանում և օրեսդիր գործունեություն ծավալել, սակայն չափազանց մտահոգիչ է, որ վերջինս դա անում է ոչ թե սեփական ծրագրերն ու օրակարգը հանրությանը ներկայացնելու, այլ մարդկանց մանիպուլացնելու և կամա թե ակամա իշխանության քարոզչական թեզերը սպասարկելու ճանապարհով։
Օրերս իր հարցազրույցներից մեկում Էդմոն Մարուքյանը համոզմունք էր հայտնել, որ հանրության շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազում է ոչ թե այն պատճառով, որ կառավարության ղեկավարը հանձնել է Արցախը, այլ նրա, որ նա չի վերադարձրել նախկին իշխանությունների թալանած գումարները, ինչպես խոստացել էր իշխանության գալու ժամանակ։ «
Եթե դուք նայեք գյուղերի այցերը, մարդիկ ավելի շատ հարցնում են՝ ինչո՞ւ չեն դատել և թալանը հետ բերել, քան հարցնում են՝ ի՞նչ եղավ Լեռնային Ղարաբաղում։ Եթե ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազում է Լեռնային Ղարաբաղի կործանման հետ կապված՝ Արցախի, բնականաբար՝ նվազում է։ Բայց ավելի շատ մարդիկ հիասթափված են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների թալանը հետ չի վերադարձվել, քան, որ Արցախը կորցրել ենք»,- նշել էր նա՝ փաստացի արձանագրելով, որ հանրության համար թալանված գումարները վերադարձնելն ավելի կարևոր է, քան Արցախի կորուստը։
Համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի այս պնդման հետ՝
Oragir.News-ն իր ընթերցողների շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրություն իրականացրեց՝ պարզելու համար, թե մարդիկ որքանով են համաձայն Էդմոն Մարուքյանի հետ։ «
Նիկոլ Փաշինյանի ո՞ր արարքն է ձեզ ավելի շատ նյարդայնացնում․ Արցախը հանձնե՞լը, թե՞ թալանը չվերադարձնելը» հարցը երեկ երեկոյան ժամը 18։00-ից ուղղել ենք մեր յութուբյան, ինստագրամյան և տելեգրամյան ալիքների բաժանորդներին, ովքեր 18 ժամ շարունակ հարցին պատասխանելու հնարավորություն են ունեցել, ինչպես նաև հարցախույզ ենք իրականացրել մայրաքաղաքի փողոցներում։
Հատկանշական է, որ բոլոր հարթակներում հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէր Էդմոն Մարուքյանի հնչեցրած տեսակետի հետ, վերջիններիս ավելի շատ նյարդայնացնում է Արցախը հանձնելը, քան թալանված գումարները չվերադարձնելը։
Oragir.News-ի յութուբյան ալիքում հարցմանը 18 ժամում մասնակցել է ավելի քան 1900 օգտատեր։ Հարցվածների 72%-ին ավելի շատ նյարդայնացնում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը և միայն 28%-ի համար է նախկին իշխանությունների օրոք թալանված գումարները չվերադարձնելն ավելի կարևոր։

Մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները նույնպես համաձայն չէին Էդմոն Մարուքյանի այս պնդման հետ․ տելեգրամում մեր հարցմանը մասնակցել է 133 օգտատեր, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 89%-ը նշել է, որ Արցախի հանձնումն ավելի նյարդայնացնող է։ Հարցվածների միայն 11%-ն է պատասխանել, որ Նիկոլ Փաշինյանի՝ թալանված գումարները վերադարձնելու խոստումը չկատարելն իրեն ավելի շատ է նյարդայնացնում։

Ինստագրամում նույնպես պատկերը նույնն էր․ հարցմանը մասնակցել է 1227 քաղաքացի, որոնց 83%-ը պատասխանել է, որ Արցախի հանձնումն իրենց ավելի շատ է նյարդայնացնում, քան թալանված գումարները վերադարձնելու խոստումը չկատարելը։ Ինստագրամյան հարթակում հարցվածների միայն 17%-ն է Էդմոն Մարուքյանի այս տեսակետը կիսել։

Երեկ մայրաքաղաքի փողոցներում մեր հարցախույզին մասնակցած քաղաքացիների մեծ մասը նույնպես
պատասխանեցին, որ իրենց Արցախի հանձնում ավելի շատ է նյարդայնացնում, քան թալանված գումարները վերադարձնելու խոստումը չկատարելը։ Մեզ հանդիպած որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ երկու իրողություններն էլ իրենց հավասարապես նյարդայնացնում էին, ու շատ քչերն էին, ովքեր կիսում էին Մարուքյանի տեսակետը՝ ասելով, որ թալանված գումարները չվերադարձնելն իրենց ավելի շատ է նյարդայնացնում, քան Արցախը հանձնելը։
Այսպիսով՝ համադրելով Oragir.News-ի տարբեր հարթակներում և Երևանի փողոցներում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև քաղաքացիների մեկնաբանությունները, վստահաբար կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությանն ավելի շատ նյարդայնացնում է Արցախի հանձնումը, քան թալանված գումարները չվերադարձնելը։
Իրեն կլասիկ քաղաքական գործիչ համարող ու քաղաքական հավակնություններ ունեցող Էդմոն Մարուքյանին բարեկամաբար հորդորում ենք, որ հաջորդ անգամ նման մանիպուլյացիոն պնդումներ անելուց առաջ հանրային կարծիքի ուսումնասիրություն իրականացնել և իր պնդումները ապացուցող փաստական տվյալներ ներկայացնել, որպեսզի նախ դրանցով հանրությանը չմոլորեցնի, ինչպես նաև գործող իշխանությունների ջրաղացին ջուր չլցնի, ինչն անելու մեջ նա շատ հաճախ մեղադրում է խորհրդարանական ընդդիմությանը։ Մարուքյանը նման հետազոտություն կարող է իրականացնել օրինակ իր յութուբյան ալիքում, որտեղ նա ավելի քան 24 հազար բաժանորդ ունի։
Դավիթ Գույումջյան