ԱԱԾ պադվալում ամուսնուս ծեծել են, ստիպել, որ տեսախցիկի առաջ կարդա, որ ինքը պետական դավաճան է

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:30 21-11-2024
«Պետական դավաճանության անվան տակ ամուսնուս երեխայիս աչքի առաջ «մասկի շոու»-ով առևանգել են և 2.5 տարի պահում են անազատության մեջ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Մ.Հ.-ն, որը չցանկացավ այս փուլում իր անունը հրապարակել։

Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի ամռանը Արցախում։ Բայց որպեսզի ամեն ինչ ավելի պատկերավոր լինի, տիկին Մ.Հ.-ն մանրամասներ հայտնեց ամուսնու վերաբերյալ։

«Մենք ապրել ենք Արցախի Քաշաթաղի շրջանում, մեր ամբողջ կյանքն այնտեղ է անցել մինչև 2020 թվականի պատերազմը։ Ամուսինս զինվորական չի եղել, զինվորական կյանքի հետ երբեք կապ չի ունեցել, ունեցել է 2-րդ դասարանի կրթություն։ Սա ինչի՞ համար եմ ասում, որ հասկանաք՝ ինքն անգամ բանակում չի ծառայել, որ որևէ գաղտնիքի տիրապետեր ընդհանրապես։ Ամուսինս փոքր է եղել, երբ հայրը մայացել է։ Ինքը դպրոցից դուրս է եկել, որ փոքրիկ քույրերին և հիվանդ մորը պահի։ 2-րդ դասարանից բանվորություն է արել։

Մենք ամուսնացել ենք, ծնվել է մեր աղջիկը։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ամուսինս թիկունքում է եղել, առաջնագիծ չեն տարել, ինչով կարողացել, օգնել է։ Ինչ ասել են, վազելով արել է, միշտ պատրաստ է եղել։

2020 թվականի պատերազմի ժամանակ ես ու աղջիկս դուրս եկանք Արցախից, բայց ամուսինս մնաց, դուրս չեկավ։ Ինքը չէր ծառայել, չպետք է գնար առաջնագիծ, բանակում չպետք է լիներ, բայց գնացել է զինկոմիսարիատ, ասել է՝ ես էլ եմ ուզում գնամ կռվեմ, իմ հայրենիքը պաշտպանեմ։ Թույլ չեն տվել, բայց ավտոմատ են տրամադրել, քաղաքի մեջ հերթապահություն են իրականացրել․ դե, պատերազմի ժամանակ ով ինչով կարողանում, օգնում էր։

Պատերազմից հետո մենք տեղափոխվեցինք Հայաստան, ամուսինս ասաց, որ ուզում է մնալ, որպես զինվորական ծառայել, ես այդքան էլ կողմ չէի, բայց ամուսինս ասաց՝ ես հայրենիք եմ թողել, չեմ կարող Երևանում ապրել, պետք է հետ գնամ, Արցախում ապրեմ, եթե ամեն ինչ լավ լինի, դու և երեխան էլ եք գալու Արցախ։ Եվ 1 անգամ ավտոմատից չկրակած անձին 2021 թվականի մայիս ամսին վերցրեցին պայմանագրային ծառայության։ Ինքը 15 օր գնում էր դիրքեր՝ Արցախ, 15 օր գալիս էր Հայաստան՝ տուն։ Ամեն ինչ լավ էր, չէինք բողոքում՝ աշխատավարձը, դժվարությունները հաղթահարում էինք»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ամուսնու քույրը 2020 թվականի պատերազմից հետո շարունակում էր Ստեփանակերտում բնակվել, ամուսինն էլ առաջարկել է իրենց աղջկան իր հետ տանել Արցախ՝ քրոջ տուն, որպեսզի մի քանի օր մնա, ապա վերադառնա տուն՝ Հայաստան։ Բայց Ստեփանակերտ չհասած՝ Արցախի անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան և երեխայի աչքի առաջ հորը դուրս են բերել, ձեռնաշղթաներ հագցրել և բերման ենթարկել։

«Ամուսինս ասաց՝ շաբաթ-կիրակի կգաս Ստեփանակերտ, երեխային կբերես տուն։ Գնացին ու ամուսինս այլևս չվերադարձավ։ Մեքենայի մեջ առանց որևէ բառ ասելու ամուսնուս ձեռքերը ոլորել և տարել են։ Աղջիկս այդ ժամանակ 6 տարեկան էր, մենակ թողել են մեքենայի մեջ և գնացել են։ Երեխես լացել է, ղժժացել է, ամուսինս ասել է՝ գոնե երեխուն մի բան արեք, անծանոթ քաղաքում թողել եք մենակ։ ԱԱԾ դիմակավորված անձինք վերադարձել են, երեխուս տարել, ամուսնուս քրոջ դռան դեմը իջեցրել, գնացել են։ Զանգահարեցին ինձ, ասացին՝ գիտե՞ս, երեխուն բերել են, բայց ամուսինդ չկա։ 3-4 օր տեղեկություն չունեինք, թե ուր են տարել իրեն։ Գնացի Արցախի ԱԱԾ, բայց ոչ մի տեղեկություն։ Զանգահարեցի ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակ, պատասխանեցին, որ դեպքը Արցախում է եղել, իրենք կապ չունեն, ոչ մի ինֆորմացիա չեն կարող հայտնել։ Զանգեցի Արցախի ՄԻՊ գրասենյակ, ասացին՝ դե այստեղ է եղել, բայց հիմա չգիտենք՝ որտեղ է, տեղափոխել են Հայաստան։

Մինչև փաստաբան վարձեցինք, բավականին երկար ժամանակ թույլ չէին տալիս փաստաբանի հետ հանդիպել, մինչև բերման ենթարկելու տեսանյութը տեղադրեցին համացանցում։

Արդեն 2.5 տարի դատական գործընթացը շարունակվում է, ոչ մի ապացույց չունեն, որ ամուսինս որևէ հանցանք է կատարել, բայց շարունակում են անազատության մեջ պահել։ Քննիչը Սուրեն Նավոյանն է, դատավորը՝ Ռիմա Առաքելյանը, իսկ դատախազը՝ Կիմ Հարությունյանը։ Երեքն էլ Նիկոլի ձեռքի աշխատանքն է, ես դա հստակ ասում եմ, որովհետև նույն քննիչը մեր տունը խուզարկելուց ոչ մի բան չգտավ, որ ասեմ՝ հա, դա է եղել պատճառը»,- նշեց տիկին Մ.-ն։

Նա նաև նշեց, որ Արցախի ԱԱԾ-ում, ապա նաև Հայաստանի ԱԱԾ-ում ամուսնուն դաժան ծեծի են ենթարկել, որպեսզի ցուցմունք կորզեն․

«Ես բոլորովին վերջերս հանդիպեցի ամուսնուս հետ, ինքն ասաց, որ ԱԱԾ պադվալում իրեն ահավոր ձևով ծեծել են, ստիպել են, որպեսզի բոլոր թղթերը ստորագրի և տեսախցիկի առաջ կարդա, որ ընդունում է իր մեղքը, որ պետական դավաճան է։

Դե 2-րդ դասարան գնացած տղան չէր կարող չէ՞ նորմալ կարդար, մի 10-15 անգամ պետք է փորձ անեին, որ նոր ինքը կարողանար կարդալ։

Հիմա 2.5 տարի անղել է, նիստերը դռնփակ ռեժիմով են անցնում, գաղտնիության ռեժիմից ելնելով՝ որոշ բաների չեմ տիրապետում, որոշ բաներ էլ չեմ կարող ասել՝ հասկանալով, որ սուր թեմա է։

Ուզում եմ հատուկ նշել, որ դատական նիստերը արհեսատական ձևով ձգձգում են։ Օրինակ՝ 2022 թվականի դեկտեմբերին, երբ Արցախը շրջափակվեց, դատավարությունը հասել էր այն փուլին, որ վկաները պետք է գային դատարան, դատարանը 6-7 ամիս դատը հետաձգեց, քանի որ վկաները գտնվում էին Արցախում՝ շրջափակման մեջ։ Մենք, մեր փաստաբանը մեր նախաձեռնությամբ փորձեցինք ճշտել՝ լավ, այս վկաներին հնարավոր չէ՞ որևէ ձևով հասցնել Հայաստան։ Պարզվեց 6 ամիս վկաները գտնվում էին Հայաստանում, իրենք շրջափակումից առաջ արդեն Հայաստանում են եղել։ Վկաներն իր ծառայակից ընկերներն են, իմ տեղեկություններով՝ բոլոր վկաները հերքել են այդ տեղեկությունը»։

Ճշտող հարցին՝ եղե՞լ է համացանցային շփում արտերկրում բնակվող անձանց հետ, արդյոք ձեր ամուսնուց հետաքրքրվե՞լ եք, որևէ մեկին դիրքի լուսանկար, անձնակազմի քանակի մասին տեղեկություն փոխանցե՞լ է գումարի դիմաց, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց։

«Արցախից, որ եկել էինք, բազմաթիվ մարդիկ են եղել, որ հայրենասիրությունից ելնելով՝ կապ են հաստատել մեզ հետ, որպես բռնի տեղահանվածի՝ մեզ օգնել են։ Գիտեմ, որ ինչ-որ կին, որն ապրում է Վրաստանում, համենայն դեպս ամուսնուս այդպես է ասել, հարցրել է՝ Արցախի՞ց եք, բա ո՞նց եք ապրում, թե՝ մենք Հայաստանից ենք, բայց Վրաստանում ենք ապրում։ Դա գաղտնիք չի եղել, ես իմացել եմ այդ շփման մասին և նորմալ եմ վերաբերվել, որովհետև ինձ էլ են շատ մարդիկ գրել, որ Արցախից եք, ուզում ենք ձեզ օգնենք, աջակցնեք։

Այդ կինը մի անգամ ամուսնուս առաջարկել է, որ գումար փոխանցի, բայց քանի որ շփման ընթացքում ասել է, որ իր մայրը քաղցկեղով հիվանդ է, ամուսինս մերժել է, ասել է՝ իմ մաման էլ է քաղցկեղով հիվանդ եղել, դրանից է մահացել, ես ինձ թույլ չեմ քեզնից որպես բարեգործություն գումար ընդունել դա։ Ինչ վերաբերում է լուսանկար կամ որևէ այլ տեղեկություն փոխանցելուն, ապա նման բան չկա։

2.5 տարի է անցել, եթե նման բան լիներ, իրենք վաղուց այդ մասին ասել էին, բայց ոչ մի բան, սա միանշանակ բեմադրություն է։ Ամուսնուս հետ նույն դեպքով մի տղայի էին բռնել, որին 3 ամիս հետո ազատ արձակեցին»,- ասաց կալավորված տղամարդու կինը։

Հարցին՝ բռնությունները շարունակվո՞ւմ են ձեր ամուսնու նկատմամբ, մեր զրուցակիցն ասաց, որ դա միայն ԱԱԾ-ում է եղել։ Այժմ ամուսինը գտնվում է քրեակատարողական հիմնարկում և ամեն վայրկյան սպասում է, որպեսզի դատական նիստը լինի և իր անմեղությունն ապացուցվի։

«Ասում է՝ ես չեմ կարողանում մարդկանց դեմքին այստեղ նայել, բոլորն էլ գիտեն, որ ես արդար եմ, սարքած գործ է, բայց ուզում եմ արդարացվեմ ու շուտ դուրս գամ։ Ինչքա՞ն կարելի է ամիսներով դատերը հետաձգել»,- եզրափակեց նա։

Կալանավորված տղամարդու կինը նաև տրամադրել է Արցախի ԱԱԾ-ի տարածած տեսանյութը որտեղ իր ամուսինը և ևս 2 հոգի բերման են ենթարկվում, ապա տեսախցիկների առաջ խոստովանում իրենց մեղքը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Oragir.Newsհայտնել էր, որ ԱԱԾ-ն պետական դավաճանության հոդվածով անմեղ մարդու է կալանավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։