Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:52 16-11-2024

Այցը՝ 8-ից-12 հազար դրամ․ ի՞նչ արժե մատչելի գներով լոգոպեդի ծառայությունը․ զրույց Գրիգորի Մամյանի հետ 

Լեզվական ապարատի ճիշտ գործունեությանն ու խոսքի լիարժեք ձևավորմանը հետևելը յուրաքանչյուր ծնողի կարևոր խնդիրն է։ Լոգոպեդին դիմելու անհրաժեշտություն մեր երկրում ունեն շատ երեխաներ։ Իսկ ի՞նչ արժեն Հայաստանում լոգոպետի ծառայությունները։ Արդյո՞ք ցանկացած ՀՀ քաղաքացի ի վիճակի է օգտվել այդ ծառայություններից։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է լոգոպեդ, «Evinco» զարգացման կենտրոնի տնօրեն Գրիգորի Մամյանի հետ։

Նրա խոսքով՝ գոյություն ունեն լոգոպեդական տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն իրենց համապատասխան բուժման եղանակներն ու գները։

«Գինը կախված է խնդրից։ Արժեքները հիմնականում տատանվում են 8-12 հազար դրամի սահմաններում։ Մեկ այցը տևում է 50 րոպեից 1 ժամ։ Այցերի տևողությունը ևս կախված է խնդրի բարդությունից։ Եթե երեխան որևէ հնչյունի արտահայտման խնդիր ունի, ապա դա կարճ է տևում։ Լինում են դեպքեր, երբ երեխան լոգոպեդի ներկայությամբ ամաչում է խոսել, չի ուզում աշխատել, բայց այդ խնդիրը ևս լուծելի է։ Լոգոպեդը նաև հոգեբան է»,- նշեց Մամյանը։

Հարցին, թե ե՞րբ և ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ երեխան ունի լոգոպեդին այցելելու անհրաժեշտություն՝ մասնագետը պատասխանեց․

«1 տարեկանում երեխաներն օգտագործում են մոտ 8-10 ֆունկցիոնալ բառ: 2 տարեկանին մոտ երեխաներն օգտագործում են բառակապակցություններ և սկսում են փորձել կազմել պարզ նախադասություններ։ 3 տարեկանում երեխաները խոսում են ճիշտ կառուցված նախադասություններով։ 4 տարեկանին մոտ երեխաներն արդեն պետք է ճիշտ արտաբերեն բոլոր հնչյունները: Երբ երեխայի մոտ նկատվում է նշված փուլերի բացակայություն կամ զգալի շեղում, ապա անհրաժեշտ է դիմել լոգոպեդի»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ դեռևս այնպիսի դեպք չի գրանցվել, որ խնդիրը լուծում առհասարակ չստանա։

Գրիգորի Մամյանը նաև ընդգծում է, որ ոլորտում նրա գնացուցակը համեմատաբան մատչելի է։

«Իմ ասած գնային սանդղակը բավականին մատչելի է։ Հիմա Հայաստանում կես ժամ աշխատելու դեպքում իմ ասած գներից շատ ավելի բարձր գներ են սահմանում և պահանջում։ Իմ այցելուները գալիս են մի մասնագետի մոտ, ով տասը տարվա աշխատանքային փորձ ունի»,- ասաց նա։