Ինչու է արժեզրկվում եվրոն, որքան դա կշարունակվի․ տնտեսագետի կարծիքը
copy image url

Ինչու է արժեզրկվում եվրոն, որքան դա կշարունակվի․ տնտեսագետի կարծիքը

Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:00 15-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին եվրոն նկատելիորեն սկսել է արժեզրկվել։ Հայաստանյան բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը այս պահի դրությամբ քաղաքացիներից 1 եվրոն գնում են միջինում 408-409, վաճառում՝ 411-412 դրամով, թեպետ օրեր առաջ փոխարժեքը կազմում էր համապատասխանաբար 417-418 և 422-423 դրամ, իսկ ամռան վերջին տատատանվում էր 430 դրամի սահմաններում։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը նշեց՝ արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին եվրոյի արժեզրկումը կապված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ։ Նրա խոսքով՝ որքան արտարժույթը Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի համեմատ էժան լինի, այնքան ներմուծումներն ավելի շահավետ կլինի։

/Գագիկ Վարդանյան, տնտեսագետ/

«Եթե հիմա մեր դրամը արժեվորվի, ապա այդ դեպքում տնտեսվարողների համար ավելի ձեռնտու կլինի արտահանումը, իսկ հիմա ներմուծումն է ավելի ձեռնտու, որովհետև եթե արտարժույթը նվազում է, նշանակում է ներմուծողները շահում են, այստեղ դրամն ավելի մատչելի գնով փոխանակում են ու շահույթ ստանում։ Ըստ էության՝ այդ փոխարժեքն ինչ-որ տեղ ներմուծման ու արտահանման կարգավորիչը լինի»,- ասաց նա։

Տնտեսագետը համաձայն է այն դիտարկման հետ, որ դրամի արժեվորման դեպքում Հայաստան ներկրվող ապրանքների գները պետք է նվազեն, սակայն չի կարծում, որ նման բան կլինի՝ հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի մշակույթը․

«Որոշ ապրանքատեսակների գծով, հատկապես արդյունաբերական, հնարավոր է, բայց սննդամթերքի դեպքում կարծում եմ՝ չեն անի։ Շատ դեպքերում այդ մեխանիզմը շատ հետաքրքիր է․ երբ ուզում են իջեցնել, ինչ-որ ժամանակ հետո փոխում են և չեն ասում։ Այսինքն՝ դա հապաղման պահն է, որ իրենք պետք է սպասեն, տեսնեն, թե ինչպես է փոխվում, իսկ գործարարների շատ փոքր մասը կարող է այդ ամենը կառավարել ու ճկուն արձագանքել։ Փաստորեն այստեղ խնդիրներ կան, դրա համար երբեմն ճկունություն չեն ցուցաբերում։ Չեմ կարծում, որ ինչ-որ բանի վրա ազդի, բայց մի բան պարզ է՝ արդյունաբերական ապրանքների շուկայում դրանց գները բավականին ցածր են ու շուկայում աշխուժություն չկա, համենայնդեպս նոյեմբերյան, դեկտեմբերյան առևտրի աշխուժությունը չկա»։

Գագիկ Վարդանյանը շեշտում է՝ Հայաստանի տնտեսության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև արտերկրից ստացվող տրանսֆերտները, իսկ եվրոյի արժեզրկման դեպքում քաղաքացիներն ավելի քիչ գումար են ստանում դրա դիմաց, և հետևաբար ընկնում է նաև նրանց գնողունակությունը։ «Նրանց կենսամակարդակը, ովքեր դրսից գումարներ են ստանում, չի բարձրանում, ընդհակառակը՝ այդքանով ընկնում է։ Սա բազմաշերտ խնդիր է, և չի կարելի միանշանակ պնդել։ Ներմուծման առումով առանձին գործարարներ կարող են շահել, եթե հումքը ներկրում են, նույնիսկ տարբեր սպառման ապրանքները, բայց տրանսֆերտ ստացողների համար սա բացասական երևույթ է, քանի որ մարդիկ ավելի քիչ գումար են ստանում ու դառնում ավելի պակաս գնողունակ»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ եվրոյի արժեզրկումը կշարունակվի՞, թե՞ այն ինչ-որ պահի կվերականգնի դիրքերը՝ տնտեսագետը պատասխանեց, որ սա նախևառաջ պայմանավորված կլինի նրանով, թե ինչ քաղաքականություն կվարի ԱՄՆ-ն՝ Եվրոպայի նկատմամբ։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ այդ երկրի նոր վարչակազմը միտված է այնպես անել, որ «եվրոպացիներն իրենց յուղի մեջ տապակվեն», ավելին՝ անգամ խոսակցություններ կան, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցության բեռը պետք է դրվի Եվրոպայի վրա․

«Եվրոպական որոշ լիդերներից լսում ենք, որ չեն պատրաստվում գումաներներն այդ ուղղությամբ ծախսել․ Գերմանիայից հայտարարություն հնչեց և այլն։ Այսինքն՝ պատասխանատվությունը փոխանցվում է իրենց, իսկ իրենք էլ նախապես հայտարարում են։ Սրանք շատ լուրջ հայտարարություններ են, և եթե հիշենք Մակրոնի հայտարարությունը, որ «բավական է մենք խոսակեր մնանք», նշանակում է, որ իրենք փորձելու են ինչ-որ բան անել, իսկ Միացյալ Նահանգներն էլ ճնշում է գործադրելու։ Այս պարագայում իհարկե արտարժույթի փոխարժեքը կարող է փոխվել՝ ի վնաս Եվրոպայի»։

Վարդանյանն ասաց, որ նման պարագայում Հայաստանի նման փոքր երկրները կորուստներ կունենան, քանի որ իրենց տնտեսությունները նման իրավիճակների նկատմամբ շատ զգայուն են։ Ըստ նրա՝ նման իրավիճակներ միշտ էլ լինում են, ուստի անհրաժեշտ է նախապես միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ տատանումներն ու ռիսկերը մեղմվեն, հնարավորության դեպքում՝ չեզոքացվեն։

«Եթե պետություն ես, պետք է մեղմելու սցենարներն ունենաս, իսկ չեզոքացնելը արդեն ներուժի հետ է կապված, որը մեր նման երկրները իրենց չեն կարող թույլ տալ։ Հարավային Կովկասում միայն 1 երկիր դա կարող է անել, և անգամ Վրաստանը, Մոլդովան հնարավորություն չունեն։ Դրա համար կառավարությունները պետք է շատ նրբորեն «նախահարձակ» միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի նման իրավիճակներում ոչ միայն պետությունները պաշտպանված լինեն, այլև տնային տնտեսությունները»,- կարծում է նա։

Տնտեսագետը հավելեց՝ խնդիրները շատ են, ուստի անհրաժեշտ է, որ վերլուծական կենտրոնները նույնպես գործեն և կառավարությանը տարբեր լուծումների դեպքում սցենարներ առաջարկեն, որպեսզի որոշումների կայացումն ավելի հեշտ լինի։ Նա ասաց՝ երբ կայացվող որոշումներն արդյունավետ չեն լինում կապված են նրա հետ, որ հիմնավոր վերլուծություն չի կատարվել, փաստարկները չեն բացահայտվել, իսկ պետական համակարգի կառավարումն այնքան էլ հեշտ բան չէ։

«Դեռ շատ-շատ մարտահրավերներ կլինեն, որովհետև մենք դեռ չգիտենք, թե ինչ է լինելու հունվարից հետո, երբ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմը պաշտոնապես կստանձնի իշխանությունը։ Ամեն դեպքում նախնական նշանակումներից պարզ է դառնում, որ այդ երկիրը չի հրաժարվելու իր հավակնություններից՝ չնայելով, թե դրանց հետևանքով ինչպիսի զարգացումներ կլինեն թույլ ու փխրուն երկրներում, ինչպիսին Հայաստանն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան