Հայաստանի իշխանություններն անընդունելի են համարում քրեական ենթամշակույթի դրսևումները և պայքարում դրանց դեմ, ինչը միանգամայն ողջունելի է։ Բոլորովին այլ հարց է, թե նրանց պայքարը որքանով է նպաստում քրեական մշակույթի դրսևորումների վերացմանը, եթե չասենք էլ ավելի է խրախուսում հանրության շրջանում դրանց տարածմանը։
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով առաջին անգամ Քրեական օրենսգրքում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և այլն։ Արդեն 2024 թվականի մարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ընդունվեց քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծը, որով քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել բացառապես ժամը 24:00-6:00-ն: Կատարված փոփոխություններով այդ շարքում ավելացավ նաև քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները:
Չնայած այն ժամանակ շատերը ողջունում էին այս փոփոխությունները, այնուամենայնիվ դրանք թերի էին և չծառայեցին իրենց նպատակին։ Քրեական ենթամշակույթի դրսևորումներ պարունակող սերիալները դուրս մղվեցին բացառապես հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների եթերից, իսկ նման բովանդակություն ստեղծող ընկերությունները շատ հարմար կերպով տեղավորվեցին կաբելային հեռուստաընկերությունների ու օնլայն կինոթատրոնների եթերում, որտեղ այդ սերիալները ազատորեն ցուցադրվում են՝ օրվա ցանկացած ժամի։
Ավելին՝ փոփոխությունների հետևանքով օնլայն կինոթատրոնները հայտնվեցին շահեկան իրավիճակում, քանի որ արգելված պտուղը միշտ էլ ավելի քաղցր է լինում, ու կատարված օրենսդրական փոփոխությունները միայն մեծացրեցին այս սերիալների հանդեպ հանրության հետաքրքրությունը։ Օնլայն կինոթատրոններում վերջին տարիներին այս բովանդակությամբ սերիալներն ունենում են միլիոնավոր դիտումներ և վերջիններիս համար գերշահույթ ապահովում։ Ասվածի վկայությունը վերջին տարիներին իրար հերթ չտալով նկարահանվող սերիալներն են՝ «Սուրբը», «Կայսրության թևերը» և այլն։
Հատկանշական է, որ ԱԺ-ում նախագծի քննարկումների ժամանակ անգամ ՔՊ-ականներն էին գիտակցում, որ առաջարկվող փոփոխություններով քրեական ենթամշակույթի դրսևորումներ պարունակող հեռուստասերիալները չեն վերանալու․
Օրինակ ՔՊ-ական պատգամավորներից Հակոբ Ասլանյանը առաջարկում էր ժամային սահմանափակման փոխարեն առհասարակ նման բովանդակությունը կոդավորել, ինչպես դա անում են ամբողջ աշխարհում, իսկ Կնյազ Հասանովը նշում էր՝ ճիշտ կլինի եթե նման ֆիլմերն առհասարակ չցուցադրվեն, սակայն մյուս կողմից ընդունում, որ նման բովանդակությամբ ֆիլմերը տարածված են ողջ համացանցով և երեխաները ազատորեն կարողանում են դրանք դիտել իրենց հեռախոսներով։ Արձագանքելով գործընկերների մտահոգություններին՝ նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը նշում էր, որ իրենք չեն պատրաստվում գրաքննություն մտցնել, իսկ սոցցանցերը հնարավոր չէ կառավարել։ «Այո, էֆեկտը մեծ չի, ես դա ցավով եմ արձանագրում, բայց այստեղ կարեւոր է քաղաքական ուղերձը, մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը»,- նշում էր նա՝ փաստացի ընդունելով՝ ոչ թե խնդիրն են լուծում, այլ բացառապես իմիտացիա ստեղծում։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Կնյազ Հասանովի հետ՝ հասկանալու համար, թե վերջիններս պատրաստվո՞ւմ են լավարկել օրենքը կամ մասնավոր հեռուստաընկերություններին ու օնլայն կինոթատրոններին նույնպես արգելել նման բովանդակությամբ սերիալների ցուցադրումը, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին։
Այսպիսով՝ հերթական անգամ բախվել ենք մի իրավիճակի, երբ գործող իշխանությունների ընդունած որոշումները, որքան էլ դրանց հիմքում դրված նպատակները լավ լինեն, նպաստում են ոչ թե խնդիրները լուծմանը, այլ լուծման իմիտացիա ստեղծելուն։ Բացառություն չեն նաև քրեական ենթամշակույթի դրսևորումներ պարունակող սերիալները, որոնց ցուցադրումը հանրային մուլիտիպլեքստում գործող հեռուստաընկերություններին արգելվեց, իսկ օնլայն կինոթատրոնները սկսեցին ավելի մեծ թափով նման սերիալներ ցուցադրել ու գերշահույթ ստանալ։
Կարծում ենք, որ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը պետք է իրենց ուշադրությունը և ջանքերը կենտրոնացնեն խնդիրներին համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ և չընդունեն այնպիսի օրենքներ, որոնց ամենևին չեն նպաստելու դրանց լուծմանը։ Եթե իշխող քաղաքական ուժի խնդիրն իսկապես քրեական ենթամշակույթ պարունակող հեռուստասերիալների ցուցադրումը բացառելն է, ապա վերջինս պետք է շարժվի հանրության իրավագիտակցությունը բաձրացնելու ճանապարհով։ Հայտնի ճշմարտությամբ՝ եթե չկա պահանջարկ, չի լինի նաև առաջարկ, իսկ նման իրավիճակում քրեական ենթամշակույթի դրսևորումներ պարունակող հեռուստասերիալներ այլևս չեն նկարահանբի ու ցուցադրվի։
Մյուս կողմից էլ լավատես չենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կնախընտրի շարժվել հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու ճանապարհով, քանի որ դա իր համար դոմինոյի էֆեկտ կունենա և առաջիկա համապետական ընտրություններում իր վերընտրությունն էլ ավելի մշուշոտ կդարձնի։
Դավիթ Գույումջյան