Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ կազմակերպված անսպասելի արշավն ու նրա հրաժարականը հիմք տվեցին ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է հիմնովին փոփոխել այս ոլորտի քաղաքականությունը։ Այսինքն՝ ենթադրյալ բարեփոխումները նոր դեմք և նոր պատասխանատու էին պահանջում։
Նախարարի թեկնածուի տևական փնտրտուքն անուղղակի հաստատեց այս վարկածը։ Սակայն տեղի ունեցավ անսովոր և տարօրինակ բան. ՔՊ-ական բազմաթիվ թեկնածուներ ինքնաբացարկ տվեցին՝ հրաժարվելով նախարար դառնալ։ Սովորաբար քաղաքականությամբ զբաղվողները ձգտում են նախարար դառնալ, քաղաքականություն որոշել և իրական իշխանություն ունենալ։ Իսկ այս դեպքում մարդիկ հրաժարվում էին, խորհրդավոր կասկած առաջացնելով, որ նոր նախարարի առաքելությունն ու անելիքը չափազանց ծանր ու պատասխանատու են լինելու։
Նոյեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, սակայն նրա քաղաքական առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները դեռևս հայտնի չեն։ Արդյո՞ք իշխող կուսակցությունը պատրաստ է լուծելու համակարգի խորքային խնդիրները կամ ճշգրիտ սահմանելու նախարարի գործառույթները։ Եվ ի՞նչ նոր բան է անելու Սրբուհի Գալյանը, որ չէր կարող անել Գրիգոր Մինասյանը կամ մերժված մյուս թեկնածուները։
ՀՀ արդարադատության համակարգը հաճախ քննադատվում է՝ անարդար դատական գործերի, կոռուպցիայի և թափանցիկության պակասի, դատական համակարգի անկախության բացակայության համար։ Դատավորների ընտրությունն ու գործերը հաճախ ենթարկվում են քաղաքական ազդեցությունների։ Կոռուպցիայի դեմ պայքարում փաստացի գործողությունները հաճախ անարդյունավետ են, երբ կասկածները առնչվում են բարձր պաշտոնյաների։ Քաղաքացիների, մասնավորապես ընդդիմադիր գործիչների և հակակառավարական ցույցերի մասնակիցների իրավունքների խախտումները անպատիժ են մնում։ Մարդկանց շրջանում տպավորություն է ստեղծվում, որ արդարադատությունը կարող է լինել կողմնակալ, ինչը մեծացնում է հասարակական պառակտումը։
Տրամաբանորեն ենթադրելի է, որ նախարար Սրբուհի Գալյանի համար առաջնահերթ է լինելու այս խնդիրներին հասցեական մոտեցումը։ Այս մասին պարզունակ ձևակերպումներով ակնարկեց նաև Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարին Արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ։
Իր հերթին Սրբուհի Գալյանը վստահեցրեց, որ ջանք ու եռանդ չի խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում։
Հանրությունը հույս ուներ, թե այս ներկայացման ժամանակ գոնե փոքր ինչ կպարզվեր, թե ի՞նչ իմաստ ուներ նախարարափոխությունը, ի՞նչ նոր պլաններ կան, ի՞նչ նոր նշաձող է սահմանվում, և ի՞նչ դրական փոփոխություն է սպասվում։ Սակայն ո՛չ վարչապետը, ո՛չ Մինասյանը, ո՛չ Գալյանը նույնիսկ չակնարկեցին իրական խնդիրների, ծրագրերի և անելիքների մասին։
Այսպիսով՝ վերջին հույսը մարեց։ Նախարարի ներկայացման ժամանակ կարևոր հարցը մնաց անպատասխան։ Հետևաբար՝ հոռետեսորեն ենթադրելի է, որ ոլորտի քաղաքականությունն էապես չի բարեփոխվելու, քաղաքակրթական նշանակության բարեփոխումներ չեն իրականացնելու, լյուստրացիա չի լինելու, համաներում չի սպասվում, ազատազրկումը որպես պատիժ վերացնելու խնդիր չկա։ ՔՊ-ական իշխանությունը շարունակելու է ոտնահարել անմեղության կանխավարկածը՝ կասկածելով քաղաքացու ազնվությանը և նրան համարելով պոտենցիալ ստախոս։ Քաղաքացին էլ, փոխադարձաբար, չի վստահելու իշխանություններին, հետևաբար արդարադատության և արդարության նկատմամբ հանրության վերաբերմունքը չի փոխվելու։
Պարզ ասած՝ ոչ մի լավ բան չի լինելու։ Միակ ենթադրյալ պատճառը, որը հանգեցրել է նախարարափոխության, իշխանափոխության վախն է։ Եթե գալիք ընտրությունները հարթ չընթանան, ու ՔՊ-ն չհաղթի, ապա կիրառելու են ողջ զինանոցն, և այդ իշխանակռվում դիրքային գրոհի ռիսկային խնդիր է դրվելու նաև Արդարադատության նախարարի՝ Սրբուհի Գալյանի, առաջ։
Թաթուլ Մկրտչյան